«Չեմ բացառում, որ որոշ հայ պաշտոնյաներ նման խոստումներ տվել են». քաղաքագետը՝ ռուսաց լեզվին ՀՀ-ում կարգավիճակ տալու մասին

19-07-2017
6570 դիտում
«Չեմ բացառում, որ որոշ հայ պաշտոնյաներ նման խոստումներ տվել են». քաղաքագետը՝ ռուսաց լեզվին ՀՀ-ում կարգավիճակ տալու մասին

«Մեդիալաբի» հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը «լկտիություն է» համարում ՌԴ ԱԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը՝ ՀՀ-ում ռուսերենը օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու մասին: 

Նշենք, որ հուլիսի 17-ին պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, նշելով, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել երթևեկության անվտանգությամբ, քանի որ, նրա խոսքով, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետևանքով չեն տիրապետում ՌԴ երթևեկության կանոններին, ինչպես նաև չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերով աշխատող ռուսական ծրագրերից:

Ներկայացնում ենք «Մեդիալաբի» հետ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի զրույցը:

- Պարո՛ն Մեհրաբյան, ի վերջո, ո՞րն է ռուսական կողմից պարբերաբար հնչեցվող նմանատիպ հայտարարությունների իրական դրդապատճառը և քաղաքական ենթատեքստը:

- Նախ՝ այն երկրների շարքում, որոնք համաձայնել են միանալ ԵԱՏՄ-ին, Հայաստանը միակն է, որտեղ ռուսաց լեզուն որևէ կարգավիճակ չունի: Իսկ Մոսկվային դա մշտապես անհանգստացրել է, և սա առաջին անգամ չէ, երբ այդ հարցով տարբեր ռուս պաշտոնյաներ կամ Ռուսաստանի ներկայացուցիչներ Հայաստանին հորդորել են, կշտամբել են կամ նկատողության ձևով են հրամցրել, ուղղակի սպառնացել են այդ հարցը լուծել, բայց չպետք է մոռանալ, որ դա մի բան է, որը նույնիսկ Խորհրդային Միության տարիներին չարվեց: Խորհրդային առաջնորդները գոնե այնքան խոհեմություն ունեին, որ գիտեին, որ այդ հարցերը երբևիցե չպետք է բարձրացվեն ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում: Ռուսերենը խորհրդային Սահմանադրությամբ պետական լեզու էր, բայց Հայաստանի Սահմանադրությամբ պետական լեզուն հայերենն էր: Իսկ այսօր ոչ ավելի, ոչ պակաս փորձել են այդ հարցը կապել վարորդական իրավունքի հետ: Այսինքն՝ գտել են մի հարց, որը հայկական կողմի համար ունի որոշակի նշանակություն. հայերի համար, որոնք ընտանիքներ են կերակրում Հայաստանում, աշխատելով Ռուսաստանում, և փորձում են մանր շանտաժի ճանապարհով այդ հարցը պարտադրել: Իհարկե դա հիմարություն է, որը բազմիցս է Մոսկվան իրեն թույլ տվել տարբեր ժամանակներում:

- Համարժեք համարո՞ւմ եք հայկական կողմի պատասխանը:

- Հայտարարության մասով, այո՛, միանգամայն համարժեք եմ համարում: Եվ կարծում եմ, որ նման գործելակերպը պետք է դառնա ուղղակի պրակտիկա Ռուսաստանից եկող բոլոր այդ անպարկեշտ առաջարկություններին ի պատասխան: Սակայն ես ադեկվատ չեմ համարում քաղաքականությունը, որը Հայաստանն ընդհանրապես տանում է այդ իմաստով, որովհետև այս ամենը վկայում է մի բանի մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ կոչվածում ու ընդհանրապես ռուսական միություններում ոչ միայն չունի ընդհանուր սահման, այլև ընդհանուր ոչինչ չունի: Օտար մարմին է բռնապետությունների այդ խմբակում, որտեղ Հայաստանին սպասում է դեգրադացիա, ոչ ավելի:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանության կողմից նմանատիպ ինչ-ինչ խոստումներ տրված լինեն, որ Ռուսաստանը պարբերաբար խոսում է դրա մասին:

- Չեմ բացառում, որ որոշ հայ պաշտոնյաներ կամ որոշ շրջանակներ նման բնույթի ակնարկներ կամ նույնիսկ խոստումներ տվել են: Ի վերջո, երբ պարբերաբար այդ ալիքը գալիս է, Հայաստանում էլ տեսնում ենք, որ որոշ շրջանակներ փորձում են այդ հարցում ռուսների աչքին լավամարդ դուրս գալ: Սակայն նրանք դա անում են ծածուկ ձևով, հասկանալով, թե ինչ համբավի կարժանանան հայ հասարակության մեջ: Ես չեմ բացառում, բայց չեմ էլ կարող պնդել: Պարզապես եկեք չմոռանանք, որ ռուսները հետխորհրդային երկրների հետ իրենց բավական լկտի և անբռնազբոս են պահում: Որքան մեծ է կախվածությունը Ռուսաստանից կոնկրետ սուբյեկտի մոտ, նրանք է՛լ ավելի անբռնազբոս են և է՛լ ավելի լկտի: Ռուսական ասացվածք կա. լկտիությունը երկրորդ երջանկությունն է, իսկ Կրեմլի մոտ դա առաջին երջանկությունն է:

- Եթե ՌԴ-ի կողմից հետևողականորեն նման հայտարարություններ են հնչում, կարծում եք, հետագայում ռուսաց լեզվի պետական մակարդակով լինելը կարո՞ղ է դառնալ ԵԱՏՄ-ում մնալու պայման:

- Չեմ կարծում` պատճառը հենց դա դառնա, բայց դա կարող է ինչ-որ առումով դրդապատճառ դառնալ, որովհետև այդ վերաբերմունքը, որը ցուցաբերվում է Հայաստանի նկատմամբ, պարզապես զզվելի է: Ռուսները ինչ կանեն, ինչ չեն անի` դա մեր շահերի, ապագայի մեր տեսլականի հետ որևէ կապ չունի:

- Քաղաքական պատճառները որո՞նք են, որ Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում, ինչը թերևս չկա այլ երկրների հանդեպ:

- Այլ երկրների վերաբերյալ էլ նման հայտարարություններ եղել են, օրինակ` որ նախկին ԱՊՀ-ում ռուսալեզու երկրները պետք է վերադառնան կիրիլիցայի և այլն: Նման հիմար արտահայտություններ արել էր ՌԴ կրթության նախարարը, որը հայտնի է իր քարանձավային հայացքներով, ինչի մասին անգամ ռուսական մամուլն է գրում: Այստեղ էականը քաղաքականությունն է, որ այդ կառույցներում Հայաստանը ո՛չ բարեկամ ունի, ո՛չ ապագա: Դա ուղղակի կաշկանդում է մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Եվ Հայաստանն այդ կապանքները իր վրայից պետք է վաղ թե ուշ թոթափի, հանի, այնպես, ինչպես ժամանակին հանվեցին խորհրդային կապանքները, և Հայաստանը դարձավ անկախ պետություն:

Մարինե Խառատյան

MediaLab.am