Հավատո՞ւմ ես, թե՞ ոչ. ըստ վերլուծաբանի՝ Սերժ Սարգսյանը «շատ այլ բաներ էլ է հայտարարել, որոնք իրականություն չեն դարձել»

19-07-2017
14002 դիտում
Հավատո՞ւմ ես, թե՞ ոչ. ըստ վերլուծաբանի՝ Սերժ Սարգսյանը «շատ այլ բաներ էլ է հայտարարել, որոնք իրականություն չեն դարձել»

Հայաստանի իշխանությունները վատ չեն զգում իրենց խոստումները դրժելու համար, և այս իրավիճակը կպահպանվի այնքան, քանի դեռ երկրում չեն գործում թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը հաշվետու պահելու մեխանիզմները: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ վերլուծելով Սերժ Սարգսյանի՝ տարբեր տարիներին արած հայտարարություններն ու դրժած խոստումները:

«Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի շուրջ անորոշությունները պատահական չի թողել: Երբ վերջին շրջանում Գալուստ Սահակյան հայտարարում էր, թե ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում էլ պետք է ղեկավարի երկիրը, ամենևին պատահականությունների շարքից չէր: Եվ ակնհայտորեն այժմ Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ Կարեն Կարապետյանը կարող է ժամկետով պաշտոնավարող վարչապետ լինել: Եվ որքան էլ ինքն ասում է, թե չգիտի` որտեղ կլինի վաղը, այս մտքից հենց կարելի է ենթադրել, որ նա չի բացառում, որ կարող է լինել վարչապետ»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նա հիշեցնում է, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանն բացառել էր վարչապետ լինելու տարբերակը, բայց այժմ չի բացառում և դա ակնհայտ ցույց է տալիս:

Հիշեցնենք, որ օրերս «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը չէր բացառել, որ հավակնում է վարչապետի պաշտոնին՝ այդպես էլ չբացելով փակագծերը: Հարցին, թե ցանկանո՞ւմ է 2018 թվականին լինել վարչապետ, նա պատասխանել էր.

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, ասել եմ անկեղծորեն, առանց որևէ բան պահելու, ես երբեք չեմ մտածել, թե ո՛րն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Եվ նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա, իսկ ի՞նչ էական է դա, արդյոք էակա՞ն է: Էական չէ, մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունենալու է մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը»:
Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բացառել էր, որ հավակնելու է վարչապետի պաշտոնին:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում ընդհանրապես չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր նա:

Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս պահվածքին, երբ նախկինում այլ հայտարարություն էր անում, հիմա` այլ, ասում է.

«Հանուն արդարության պետք է ասել, որ նախկինում նրա արած հայտարարությունը եղել է շատ սիտուատիվ: Խոսքը վերաբերել է նրան, որ եթե քաղաքական ուժերը համաձայնեն խորհրդարանական կառավարման անցնելու պայմանին, ապա այդ համաձայնության դիմաց ինքը կհամաձայնի չլինել վարչապետ: Եթե ինքը հիմա համարում է, որ քաղաքական ուժերը չեն ընդունել իր առաջարկը, բնականաբար, ինքն էլ գտնում է, որ ազատ է չպահելու իր խոստումը: Թեպետ խոսքը չպահելու համար ամենևին էլ նման պայմաններ պետք չեն, որովհետև Սերժ Սարգսյանը շատ այլ բաներ էլ է հայտարարել, որոնք իրականություն չեն դարձել»:

Վերլուծաբանի խոսքով՝ Սերժ Սարգսյանին դեռ շատ են հիշեցնելու վարչապետի պաշտոնի շուրջ արած հայտարարությունները, բայց իշխանությունները վատ չեն զգում իրենց որևէ խոստում դրժելու համար: Սերժ Սարգսյանը տարբեր տարիներին տարբեր խոստումներ է տվել հանրությանը, սակայն շատ խոստումներ անկատար են մնացել: Լրատվամիջոցներն անգամ Սերժ Սարգսյանի ստերի թոփ տասնյակ են առանձնացրել:

Հայաստանը տարիներ շարունակ բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ, բայց Սերժ Սարգսյանն անսպասելի որոշում կայացրեց, որ Հայաստանը պետք է միանա Եվրասիական տնտեսական միությանը: ԵԱՏՄ-ին միանալու որոշումից վեց ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Չհավատա՛ք, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան, քանի՞ անգամ կրկնեմ, որպեսզի հասկանալի լինի բոլորին»:

2013-ին նա հայտարարել էր, որ այն կառավարությունը, որը տարեկան կտրվածքով 7 տոկոս տնտեսական աճ չի ապահովի, պետք է հրաժարական տա: Դրան հաջորդող տարիներին կառավարություններին այդպես էլ չհաջողվեց նշված ցուցանիշն ապահովել, բայց այդ պատճառով որևէ հրաժարական չեղավ:

2012-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը կոռուպցիայի դեմ պայքարի մասին խիստ հանձնարարականներ էր տվել կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ: Նա ասել էր, որ այլևս այսպես շարունակել չի կարելի, գլխից պիտի բռնել մեծերին: Սակայն մինչ օրս կոռուպցիայի առումով իրավիճակը չի բարելավվել, բարձրաստիճան պաշտոնյաներ չեն պատժվել:

2008 թվականին էլ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ առաջիկա ամիսներին պետք է մեկնարկեին նոր ատոմակայանի և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման աշխատանքները: Սակայն դեռ արդյունք չկա:

Հարցին, թե ինչո՞ւ է այնպես ստացվել, որ Սերժ Սարգսյանը պարբերաբար խոստումներ է տալիս, հետո դրժում դրանք, իսկ հասարակությունը պահանջատեր չէ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանում է, որ Հայաստանում, ցավոք, ընդդիմադիր պոպուլիզմը, իշխանական դեմագոգիան ու ցինիզմը հաղթարշավ են ունենում:

«Դա մի երևույթ է, որը դիտվում է խոսքի ու գործի անհամապատասխանության դաշտում: Եվ ակնհայտորեն այս առումով իշխանությունը հաստատապես իր դեմագոգիայով, խոստումներ տալով ու ճիշտ հակառակ բաներն անելով առանձնապես չի տարբերվել պոպուլիստ ընդդիմությունից»,- ասում է վերլուծաբանը:

Նա նշում է, որ հետագայում էլ այս միտումը կշարունակվի:

«Սա միայն հայաստանյան վարակ չէ, պոպուլիզմը լուրջ տեղ է գրավում նաև աշխարհի այլ մայրցամաքներում, դրանից արդեն խոսում են բոլորը: Այնպես որ, Հայաստանի պաշտոնյաները կատարյալ աշխարհաքաղաքական մթնոլորտում են հայտնվել և կարող են իրենց խոստումները չկատարելու հազար ու մի պատճառներ բերել, հազար մեղավորներ փնտրել և երբեք պատասխանատվության տարրական զգացում չունենալ անազնիվ քաղաքականություն վարելու համար»,- հավելեց նա:

Ստյոպա Սաֆարյանը նաև ասում է, որ իշխանությունների այս պահվածքի համար հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի: Ցավոք, հասարակության այն հատվածը, որն ազատ է, անգամ նրանք հաշվետու չեն պահում իշխանություններին, նաև ընդդիմությանը:

«Հայաստանում այս վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք գտել թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը հաշվետու պահելու մեխանիզմները»,- նկատում է Ստյոպա Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am