Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը

21-07-2017
16200 դիտում
Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը

Վերջին օրերին մեծ աղմուկով քննարկվում է Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների հարցը: Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն, բացառությամբ  այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է:

Հայկական կողմը փորձեց կարգավորել խնդիրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ընթացքում: Այս հանդիպման ժամանակ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ:

Աշխատուժի ազատ տեղաշարժ

Հիշենք, որ Ռուսաստանը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են, իսկ ցանկացած տնտեսական միություն ենթադրում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ:

ԵԱՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածը նշում է. «Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն` ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»: Փաստացի, սահմանափակելով վարորդական իրավունքի ծագման երկրի հետ կապված հայաստանցիների մեքենա քշելու միջոցով ծառայությունների մատուցման իրավունքը` ՌԴ-ն խախտում է ԵԱՏՄ պայմանագրի 28-րդ հոդվածը: Ավելին, պայմանագրի 86-րդ հոդվածի համաձայն՝ «Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն»: Սա նշանակում է, որ ցանկացած տրանսպորտային կարևոր որոշում պետք է քննարկվի միության մակարդակով:

Ու թեև ԵԱՏՄ պայմանագիրը ներռուսաստանյան օրենսդրությունից գերական իրավաբանական ուժ ունի, սակայն, ինչպես գլխի եք ընկնում, ՌԴ ճանապարհային ոստիկանությանը դա քիչ է հետաքրքրում:

ԵՄ օրինակը

Աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար Եվրոպական միության 28 երկրներն, օրինակ, ճանաչում են միմյանց վարորդական իրավունքները, ընդ որում կան համամիութենական ստանդարտներ: Ուշագրավ է, որ գերմանական վարորդական վկայականի վրա անգամ անգլերենով գրված չէ «վարորդական վկայական»՝ ամեն ինչ բացառապես գերմաներեն է, սակայն անկախ լեզվից՝ այն կարող է կիրառվել ԵՄ մյուս անդամ երկրներում:

Հետևաբար, թեև ԵՄ օրինակը ցույց է տալիս, որ կարելի է գտնել համամիութենական ստանդարտներ և քննարկել իրավիճակն ու գտնել բոլորի համար ընդունելի որոշում, ՌԴ-ն կրկին միանձնյա քայլեր է ձեռնարկել՝ խախտելով ԵԱՏՄ պայմանագիրը: Ավելին, ԵԱՏՄ-ի սահմաններում իր պարտավորությունները կատարելու դիմաց ռուսական կողմը առաջարկում է Հայաստանին սահմանադրական փոփոխություններ իրականացնել տրանսպորտի հետ առնչություն չունեցող ոլորտում, այն է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի շնորհման հարցում:

Այս իրավիճակը լավագույնն է խոսում ԵԱՏՄ-ի էության և գոյության իրական նպատակների մասին:

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»