«Իմաստն այն է, որ եթե այդքան էժան եմ զենք տալիս, ուրեմն միայն իմ ուզած ուղղությամբ պետք է կարողանաս կրակել». Ռազմական փորձագետը՝ նոր նախագծի մասին

21-07-2017
7762 դիտում
«Իմաստն այն է, որ եթե այդքան էժան եմ զենք տալիս, ուրեմն միայն իմ ուզած ուղղությամբ պետք է կարողանաս կրակել». Ռազմական փորձագետը՝ նոր նախագծի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Վովա Վարդանովը:

- Պարո՛ն Վարդանով, ՀՀ Կառավարությունը հուլիսի 20-ի նիստում հաստատեց նախագիծ, ըստ որի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում զենք մատակարարող երկիրն իրավունք ունի այդ զենքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել: Սա ի՞նչ է նշանակում:

- Դա խոսում է այն մասին, որ դժվար թե այդ նախագծի ընդունումը մեր նախաձեռնությամբ է: Ամենայն հավանականությամբ, դա Ռուսաստանի պահանջն է եղել: Սա խոսում է այն մասին, որ զենքի մատակարարման հարցում մենք այնքան էլ լավ պայմաններում չենք գտնվում:

- Կմանրամասնեք` ի՞նչ է նշանակում՝ լավ պայմաններում չենք գտնվում:

- Դա նշանակում է, որ Ռուսաստանը, ճիշտ է, զենքը մեզ ներքին սպառման գներով է տալիս, բայց նաև վերահսկողություն է պահանջում: Կարճ ասած, դրա իմաստն այն է, որ եթե այդքան էժան եմ տալիս, ուրեմն միայն իմ ուզած ուղղությամբ պետք է կարողանաս կրակել:

- Եթե ստացվի այնպես, որ Հայաստանը ցանկանա ՌԴ-ից գնած զենքը տանել Արցախ ու օգտագործել Ադրբեջանի դեմ պատերազմում, Ռուսաստանը կարող է խոչընդոտե՞լ:

- Եթե նման օրենք է ընդունվում մեզ մոտ, դա նշանակում է, որ հենց մենք ենք նման խոչընդոտ առաջացնում: Բավական սխալ նախագիծ է դա, պետք է որ չընդունվի:

- Իսկ գուցե չեն կարողացել ռուսական կողմի ճնշումներին դիմակայել, գուցե ճնշո՞ւմ կա այս հարցում:

- Բա այդքան տարբեր պատգամավորներ կան, մի մարդ չէ, որ իր վրա ճնշում գործադրեն, մի քանի տասնյակ մարդիկ են, լավ, մեջները մի քանի հոգի չկա՞ն, որ էս երկրի մասին մի քիչ մտածեն:

- Այսինքն՝ ցանկացած պահի այդ օրենքով ռուսական կողմը կարող է ասել, որ այդ զենքն Ադրբեջանի դեմ չպետք է օգտագործվի:

- Կարող է դա լինել, կարող է վերահսկողություն ունենալ, իսկ վերահսկողությունն էլ պոզով-պոչո՞վ է լինում:

- Իսկ ինչո՞ւ է հայկական կողմը ձեր կարծիքով գնում նման զիջումների:

- Որպեսզի հետո շարունակի Ռուսաստանից էժան զենք առնել, մտածելով, որ եթե թեկուզ նման օրենք է ընդունվում, կարող է թքած ունենալ, անհրաժեշտության դեպքում կրակել որ ուղղությամբ պետք է: Բայց դա այնքան էլ այդպես չէ, պետք է կամք ունենաս, ներքին ուժ ունենաս: Ռազմաքաղաքական ղեկավարությունը նման կամք կունենա՞, չգիտեմ: Համենայնդեպս, քանի դեռ Ազգային ժողովն այդ նախագիծը չի ընդունել, հույս ունենանք, որ չի լինի: Լավ կլինի, որ հիմա մի քիչ լոբբինգ արվի այդ հարցում, ճնշում գործադրվի պատգամավորների վրա, որ կողմ չլինեն այդ նախագծին:

- Աշխարհում կա՞ նման նախադեպ, երբ նման համաձայնագրերին կից վերահսկողության մեխանիզմներ են կիրառվում:

- Իհարկե կա: Նախադեպն ի՞նչ կապ ունի, եթե նույնիսկ նման բաներ աշխարհում չեն եղել, դու օրենքն ընդունում ես, և վերջ: Մենք չենք ղեկավարվում նրանով՝ ուրիշն ունի՞, թե՞ ոչ: Կարևորն այստեղ այն է, որ եթե օրենքն ընդունենք, դա աշխատելու է:

- Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, կարծես խախտված է Հայաստանի ու Ռուսաստանի միջև սպառազինության մատակարարման հավասարակշռությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

- Ընդհանրապես, սպառազինության հարցով երբեք հավասարություն չենք ունեցել: Չի եղել նման բան, մենք թուրքերի հետ սարսափելի անհավասարություն ենք տեսել: Հիմա այդ սարսափելի անհավասարությունը բավական մեղմվել է: Առաջ, երբ համամասնությունը մեկին հարյուր էր, այ դա՛ էր սարսափելին: Հիմա թուրքն առավելություն ունի 1,3 կամ 1,5 անգամ, ավիացիայում՝ 5 անգամ, բայց նախկինում ավիացիայի ոլորտում առավելությունը 50 անգամ էր: Մենք ունեինք 2 ինքնաթիռ, թուրքերը՝ 100: Կարճ ասած՝ այդ անհավասարությունն ինձ երբեք չի վախեցնում: Ինձ վախեցնում է այն, որ մեր ժողովուրդը էշի ականջում քնած է, շատ անտարբեր է, ոչ մի բան չի անում՝ իր երիտասարդներին նախապատրաստելու գալիք թեժացումներին:

- Իսկ առաջիկայում թեժացումներ սպասվո՞ւմ են:

- Չեմ կարծում, որ այս տարի մի քիչ ավելի վատ բան լինի, քան մի քանի օր առաջ տեղի ունեցավ: Բայց հետագայում կես տարին մեկ կարող ենք սպասել թեժացումների՝ գարնանը և աշնանը:

- Թեժացումն ապրիլյան պատերազմի տեսքո՞վ կլինի:

- Ապրիլյան պատերազմը սխալ ձևակերպում է, ճիշտը` ապրիլյան մարտեր: Պատերազմը 1989 թվականից սկսվել է և չի վերջացել:

- Ասում եք՝ սպառազինության անհավասարությունը ձեզ չի անհանգստացնում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն է զինում Հայաստանի թշնամուն:

- Բավական տհաճ բան է, երբ ընկերդ սրիկա է, դա հաճելի՞ է:

- Բայց գուցե մե՞նք ենք մեղավոր, որ այդ սրիկան մեր դեմ է գործում:

- Բնական է, որ եթե սրիկայությունը չի պատժվում, եթե մենք չենք կարողանում այնպես անել, որ ինքն իրեն նորմալ պահի, դա մեր մեղքն է, մեր թուլությունը: Եթե մենք 1994 թվականից էշի ականջում չքնեինք, մեր պոտենցիալն աճեցնելու վրա բավական լուրջ աշխատանք տանեինք, մեր ընդերքը չթալանեինք ու եսիմ ինչի չվերածեինք, կոռուպցիան չխեղդեր, բանակը 70-80-ականների մոդելով չկառուցվեր... Այդ ամենի հետևանքը սա է: Մեր թուլությունը, մեր «եղբայր ու դաշնակից» Ռուսաստանի առաջ մեր գլուխը կախ լինելը այդ քաղաքականության հետևանքն է:

- Այսինքն՝ եթե ուզենք, կարո՞ղ ենք փոխել իրավիճակը:

- Մենք կարող ենք փոխել վիճակը, եթե մեր կառավարությունը մի 2-3 տարի շատ լուրջ ծրագիր իրականացնի՝ երկիրը ձևափոխելու, զինված ուժերն էլ ավելի արդիական դարձնելու ուղղությամբ: Տեխնիկան ջհանդամ թե հին է, մեր զինվորը պետք է ավելի ժամանակակից լինի: Տեխնիկան կգա, ժամանակին տեղ կհասնի, եթե Ռուսաստանից չէ, Չինաստանից կամ Հնդկաստանից կգա, դու պետք է ուժեղ լինես:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am