«Ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնական սպառնալիքը եղել են անօդաչու թռչող սարքերը, որոնք արտադրված չեն եղել Ռուսաստանում». Շարմազանով

24-07-2017
10858 դիտում
«Ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնական սպառնալիքը եղել են անօդաչու թռչող սարքերը, որոնք արտադրված չեն եղել Ռուսաստանում». Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

- Պարո´ն Շարմազանով, ինչո՞ւ իշխանությունը կոշտ չարձագանքեց Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու առաջարկին: Մինչդեռ հիշում ենք` ինչպե´ս արձագանքեցիք ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությանը՝ դա համարելով ներքին գործերին միջամտություն: Մի՞թե Վոլոդինի ասածը ներքին գործերին միջամտություն չէր:

- Կարծում եմ՝ բավականին համարժեք էին մեր գնահատականները, ավելին՝ խիստ էին: Նայեք` ես դեսպանին ինչպե´ս եմ արձագանքել և Վոլոդինի ասածին ինչպե´ս եմ արձագանքել: Դեսպանին ուղղակի ասել եմ, որ խնդրում եմ չմիջամտի մեր ներքին գործերին, Վոլոդինին բառացի ասել եմ, որ սա իր գործառույթների մեջ չի մտնում, Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է և վերջ: Նաև ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ասել եմ, որ նույնիսկ ամոթ է ոչ միայն քննարկումը, այլ նույնիսկ դրա մասին մտածելը: Էլ ինչպե՞ս պետք է արձագանքեինք:

- Այսինքն՝ արձանագրում եք, որ մեր ներքին գործերին Վոլոդինը փորձում է միջամտե՞լ:

- Ես ասում եմ, որ որևէ պետության, այդ թվում՝ դաշնակից պետության Պետդումայի նախագահի գործառույթի մեջ չի մտնում առաջարկել այս կամ այն երկրում, այդ թվում՝ Հայաստանում ռուսերենը պետական պաշտոնական լեզու ընդունել: Նայե´ք իմ ասածը Սվիտալսկուն, և ես կարծում եմ, որ Վոլոդինին շատ ավելի խիստ եմ արձագանքել:

- Ամեն դեպքում այն ժամանակ Սվիտալսկու հայտարարության դեպքում շատ ավելի երկար շարունակվեց քննարկումը: Դեսպանը երկրորդ անգամ անդրադարձավ և գնահատականներ հնչեցրեց:

- Երկար չի քննարկվել. մեկ անգամ Դավիթ Հարությունյանը, մեկ անգամ էլ ես եմ պատասխանել գլոբալ առումով, և կարող է` մեկ-երկու պատգամավոր: Կոնկրետ Վոլոդինին իր դիմաց և´ Արա Բաբլոյանն է շատ հստակ պատասխանել, և´ Աշոտյանը, և´ մեր պատվիրակության մյուս անդամներն են պատասխանել: Դեռ մամուլում չկար, որ մերոնք պատասխանել են, ես հենց կարդացել եմ մամուլում, հինգ րոպե հետո առաջին արձագանքը տվել եմ: Էլ ի՞նչ պետք է անեինք: Հիմա էլ կրկնում եմ՝ նման խնդիրները այլ պետության գործառույթների խնդիրը չեն, Հայաստանում հայերենը կա ու կմնա բացառապես պետական լեզու: Սա շատ անհաջող հայտարարություն էր, որը չէր բխում երկու երկրների դաշնակցային հարաբերությունների մակարդակից: Այսինքն՝ այս թեման փակ է, իրենք էլ պետք է սա հասկանան, և կարծում եմ, շատ լավ հասկացել են:

- Գաղտնիք չէ, որ իշխանությունը Ռուսաստանի քայլերին զուսպ է արձագանքում:

- Պետության, մանավանդ հայոց լեզվի դեպքում, կլինի Ռուսաստանը թե ԱՄՆ, թե մեկ այլ պետություն, մենք երևույթներին ենք արձագանքում: Եթե հայտարարություններ են արվում իմ պետական շահերի դեմ, կոնկրետ ես որևէ կաշկանդվածություն չունեմ իմ կարծիքն արտահայտելու, այդ թվում և` իմ կուսակցությունը, և մենք շատ հստակ ասել ենք: Եվ նաև նշել ենք, որ Վոլոդինի հայտարարությունը չի բխում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից և շահից, և նույնիսկ ամոթ է նման բան քննարկելը կամ մտածելը: Այդ թեման փակ է, նույնիսկ չի էլ բացվել, որ փակ լինի:

- Պարո´ն Շարմազանով, կարծիք կա, որ գնացել էին` վարորդների իրավունքների հետ կապված խնդիրը բարձրացնելու փոխարեն պետք էր բարձրացնել Ռուսաստանի կողմից բոլորովին վերջերս նոր զենքի խմբաքանակ Բաքվին մատակարարելը: Համամի՞տ չեք:

- Բոլոր կարևոր հարցերն էլ մեր պատվիրակությունը բարձրացրել է, այդ թվում՝ զենքի հետ կապված հարցերը: Բոլոր այն հարցերը, որոնք կան հայ-ռուսական տնտեսական, մշակութային, միջխորհրդարանական օրակարգում, բարձրացվել են: Ի դեպ, պատվիրակությունը չի եղել միակուսակցական, եղել է բազմակուսակցական, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ եղել են: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը դժգոհ է, թող իր խմբակցության ներկայացուցիչը խոսեր, բայց ես ունեմ տեղեկատվություն, որ բոլորը՝ և՛ հանրապետականները, և «Ծառուկյան» դաշինքը, և՛ «Ելքը», և՛ Դաշնակցությունը, չորսի ներկայացուցիչներն էլ Հայաստանի շահը արժանապատվորեն են ներկայացրել: Եվ, ի վերջո, մարդիկ կռիվ չէին գնացել, գնացել էին հանդիպման դաշնակից երկրի ներկայացուցիչների հետ, եղել է առաջարկ, առաջարկին էլ նորմալ և հստակ պատասխան է տրվել, որ նման հարց քննարկման ենթակա չէ: Եվ միգուցե լավ է, որ այդ առաջարկը հնչեց Մոսկվայում, որ այդ հարցը Հայաստանում այլևս երբեք չի կարող քննարկվել: Եվ այդ հարցը մեզ համար միշտ փակ է եղել, որովհետև մենք Սահմանադրությամբ ամրագրել ենք: Հայաստանում պետական և պաշտոնական լեզվի կարգավիճակ տալիս են Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիները, և դա բացառապես Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիների ինքնիշխան որոշումն է: Վե´րջ:

- Արդյոք Վոլոդինի առաջարկը ևս մեկ անգամ ցույց չտվեց, որ մենք ունենք ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերություններ, որ Ռուսաստանը փորձում է ճնշել և վնասել մեր ինքնիշխանությունը:

- Ո´չ, մեր հարաբերությունները բավականին դրական դինամիկա ունեն և բավականին լուրջ զարգանում են: Դաշնակցային հարաբերություններ չի նշանակում որևէ խնդիրներ, քննարկումներ չլինեն: Աշխարհում որևէ երկիր չկա, որ քննարկումներ չունենան: Իհարկե, Միացյալ Նահանգները և Գերմանիան դաշնակիցներ են, արդյոք խնդիրներ չունե՞ն իրար հետ:

- Նկատի ունեմ այն, որ Դուք նշում եք, որ Ադրբեջանին Ռուսաստանի տված զենքը մեր դեմ չի կիրառվում:

- Չեմ ասել, որ այդ զենքը մեզ վրա չի կրակում, ասել եմ, որ քանի դեռ Ռուսաստանի վաճառած զենքը կոնկրետ մեզ վրա չի կրակել, խոսքը լուրջ զենքերի մասին է, որոնց դիմաց Ադրբեջանը լուրջ գումարներ է տվել, մենք մեկ անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակով ասել ենք, որ հիացած չենք և դժգոհ ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնական սպառնալիքը եղել են անօդաչու թռչող սարքերը, որոնք արտադրված չեն եղել Ռուսաստանում: Եվ ես փաստն եմ արձանագրում: Երկրորդ՝ ես ասել եմ, որ, այո´, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամենախնդրահարույց նորմը Ադրբեջանին զենք վաճառելն է: Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է զենք վաճառել, որովհետև Ադրբեջանը տարածաշրջանային սպառալիք է, բայց մյուս կողմից էլ` մենք պետք է շարունակենք մեր ռազմավարական հարաբերությունները զարգացնել, որովհետև այսօր այն պայմաններով, որով մենք ռազմական օժանդակություն ենք ստանում Ռուսաստանից, որևէ այլ երկրից նույնիսկ դրա կեսին մոտ օժանդակություն չենք ստանում: Եվ եթե որոշ հայրենասերներ կոչ են անում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, դրա այլընտրանքը պետք է անեն: Դուռը շրխկացնել գնալը ամենահեշտ գործն է:

Մանե Հարությունյան

MediaLab.am