«Սպայկայի» քաղաքապետը. Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները

24-07-2017
13965 դիտում
«Սպայկայի» քաղաքապետը. Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները

Մինչ մենաշնորհների դեմ պայքարող ՀՀ կառավարությունը 163.2 հեկտար հող նվիրելով «Սպայկա» ընկերությանը, ապահովում է գյուղատնտեսության ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության բնական մենաշնորհը, «Մեդիալաբին» հաջողվեց պարզել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաղուց է «համակրում» այս ընկերության գործունեությանը. դեռ անցյալ տարի մեկ օրում նա օրինականացրել է «Սպայկա» ընկերություն ապօրինի հսկայական կառույցները:

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից, մեկ տարի առաջ՝ 2016-ի հուլիսի 13-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ քաղաքապետարանն օրինական է ճանաչել Երևանի Բագրատունյաց պողոտայի 70/18 հասցեում «Սպայկայի» հողամասում ինքնակամ կառուցված 1846 քմ ընդհանուր մակերեսով կառույցը։ Նույն օրը Տարոն Մարգարյանի մեկ այլ որոշմամբ օրինական է ճանաչվել նույն հասցեում գրանցված «Սպայկա» ընկերության մեկ այլ ապօրինի կառույց՝ այս անգամ ավելի մեծ՝ 2255 քմ տարածքով:

Ընդ որում, քաղաքապետարանը «չի նկատել» ինչպես այդ ապօրինի կառույցների շինարարությունը, այնպես էլ այն, որ «Սպայկան» այդ հսկա ապօրինի կառույցները կառուցել է ոչ սեփական հողամասի վրա. հողամասերը սեփականացրել է ապօրինի շինություն կառուցելուց բավական ուշ՝ քաղաքապետարանի օրինականացումից ընդամենը օրեր առաջ՝ 2016-ի մայիսի 31-ին: Սա վկայում է, որ քաղաքապետարանը հովանավորել է ապօրինի հսկա շինության կառուցումը:

Նույն օրը քաղաքապետի որոշմամբ օրինական ճանաչված հաջորդ ապօրինի կառույցը Թամանցիների փողոցի 70/24 հասցեում ինքնակամ իրականացրած «Սպայկայի» 15,6 քմ ընդհանուր մակերեսով արտադրական կառույցն է։ Այս շինությունը ևս կառուցվել է ոչ սեփական հողամասի վրա, քանի որ, ինչպես նշված է քաղաքապետի որոշման մեջ, «Սպայկան» հողը ձեռք է բերել կրկին 2016-ի մայիսի 31-ին, այսինքն` կառույցն օրինականացնելուց ընդամենը 1,5 ամիս առաջ: Ընդ որում, այս կառույցի օրինականացման համար «Սպայկան» քաղաքապետարան է մուծել ընդամենը 49 հազար 140 դրամ:

Միևնույն ժամանակ տեսնում ենք, թե քաղաքապետարանը որքան անողոք է ոչ պաշտոնյա սեփականատեր կամ «տանիք» չունեցող ապօրինի կրպակների կամ ավտոտնակների հանդեպ: Ինչպես հայտնի է՝ մամուլի տեղեկություններով, «Սպայկայի» 50 տոկոսը պատկանում է Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե որևէ շարքային քաղաքացի փորձեր նման ծավալի ապօրինի շինություններ կառուցել Երևանում: Ինչպես սովորաբար ականատես ենք լինում, քաղաքապետն անձամբ տեսախցիկների ուղեկցությամբ կգնար դրանք քանդելու:

«Սպայկայի» նվիրած 1 մլրդ դրամի մասին քաղաքապետարանը լռում է

Եթե հիշում եք՝ «Սպայկային» որոշ հաշվարկներով 4,7 մլրդ դրամանոց հողամաս նվիրելուց հետո առաջացած աղմուկի ֆոնին ՀՀ կառավարությունը մի տեղեկություն հրապարակեց, որ «անկախ այն բանից, որ այս պայմանավորվածությունն ինքնին տեղավորվում է կառավարության հռչակած գերակայությունների դաշտում, դրա ձեռքբերման փուլում մանրակրկիտ բանակցությունների ժամանակ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հայտարարել էին մայրաքաղաքի զարգացման ծրագրերին իրենց մասնակցության ավելացման մասին՝ 2017 թվականի ընթացքում ֆինանսավորելով ավելի քան 1 միլիարդ դրամի համայնքային զարգացման ծրագրեր»:

«Մեդիալաբը» քաղաքապետարանի կայքում որևէ տեղեկություն չգտավ, թե ե´րբ և ի´նչ հիմունքներով է «Սպայկան» նվիրել այդ 1 մլրդ գումարը, և ինչպես է քաղաքապետարանն այն ծախսել: Քաղաքապետարանի կայքն այդ 1 միլիարդի մասին լռում է: Ասել է թե, դա ոչ հրապարակային գործարք է եղել: Իսկ միգուցե դա ծախսվել է Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերընտրվելո՞ւ համար: Բացի դա, 1 միլիարդն ու 4,7 միլիարդը, որը նվիրած հողամասի գինն է, էականորեն տարբեր թվեր են: Այս հարցը ևս հստակ պարզաբանման կարիք ունի՝ հատկապես հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարի ուժգնացման ֆոնին:

Ի դեպ, բաց մնաց նաև «Սպայկայի» 200 մլն ներդրումների հավաստիության հարցը: Դեռևս կառավարություն ներկայացված նախագծում ֆինանսների նախարարությունը առարկություն էր ներկայացրել՝ հիմնավոր չհամարելով 200 մլն դոլարի ներդրումի չափը:

«Ուսումնասիրելով վերոհիշյալ հանձնարարականին կից ներկայացված «Ներդրումային ծրագրերին հավանություն, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊՆ-ներին հողամաս նվիրաբերելու համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հայտնում ենք հետևյալը. Նախագծի թիվ 1 և թիվ 2 հավելվածներով հավանության արժանացվող «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերում նշվում է, որ ջերմատնային համալիրների և պանրի գործարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումները գնահատվում են համապատասխանաբար` 78 մլն, 133 մլն և 8 մլն ԱՄՆ դոլար, սակայն պարզ չէ, թե որքան է կազմելու նշված ընկերությունների կողմից իրականացվելիք ներդրումների չափը,- առարկության մեջ գրել էր ֆիննախը, հավելելով,- Հետևաբար առաջարկում ենք ներդրումային ծրագրերում ներկայացնել ընկերությունների կողմից իրականացվելիք ներդրումների չափը և ժամանակացույցը: Նախագծի 3-րդ կետով սահմանվում է, որ Նորագավիթ թաղամասին հարող տարածքում գտնվող հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նախագծում նախատեսել հողամասը վերը նշված նպատակով չօգտագործելու դեպքում ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ դրույթներ: Առաջարկում ենք նախագծում նախատեսել նաև ընկերությունների կողմից կատարվելիք ներդրումների մոնիթորինգի իրականացման վերաբերյալ համապատասխան դրույթ: Առաջարկում ենք նախագծում նախատեսել նաև նվիրաբերվող հողամասերն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան չօգտագործելու դեպքում առաջացող հնարավոր հետևանքների վերաբերյալ դրույթ»:

Հավելենք միայն, որ ֆիննախի ներկայացրած բոլոր առարկություններն ու առաջարկները չէին ընդունվել:

Մարինե Խառատյան

MediaLab.am