Ապօրինի տուգանքներն ու դրանց բողոքարկումը (անիմացիոն տեսանյութ)

25-07-2017
15539 դիտում
Ապօրինի տուգանքներն ու դրանց բողոքարկումը (անիմացիոն տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանությունը տարեկան դուրս է գրում միլիոնից ավել տուգանքներ: Այդ տուգանքների մի մասը տեղին է, իսկ մի մասը՝ ոչ:

Ցանկացած մարդ կարող է բողոքարկել իր նկատմամբ կայացված որոշումը եթե համարում է, որ այն ապօրինի է: Տեսանյութում փորձել ենք ներկայացնել տարածված անարդար տուգանքները, որոնց բողոքները հիմնականում բավարարվում են, ինչպես նաև բողոքարկման կարգը:

1. Փողոցների տեղային լայնացումներում՝ այսպես կոչված գրպանիկում թեք, երթևեկելի մասին ոչ զուգահեռ կայանված և տուգանված վարորդները կարող են վստահ բողոքարկել դատական կարգով և հասնել հաջողության, եթե չի եղել նշան, որը վարորդներին կպարտադրեր կանգնել զուգահեռ:

Տես` 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը:

2.  Հայաստանում լրացուցիչ սեկցիայով լուսացույցերը հաճախ այնպես են կահավորված, որ ընկալելի չեն: Հաճախ լուսացույցը կանաչ գույնն է վառում և մարած սեկցիան չնկատող վարորդները մտնում են խաչմերուկ՝ խախտում կատարելով: Լուսացույցի լրացուցիչ սեկցիային չենթարկվելու տուգանքները վարորդները կարող են վստահաբար բողոքարկել, քանի որ լուսացույցի արգելող նշանը պետք է լինի կարմիր գույնի և ոչ պարզապես մարված կանաչը:

Տես՝ ՀՀ կառավարության 1699-ն որոշման 4-րդ գլխի 34-րդ կետը:

3. Վարորդները կարող են նաև վստահաբար բողոքարկել կարմիր լույսին չենթարկվելու  տուգանքները, եթե լուսացույցը բավարար տեսանելի չէ: Վարորդը պարտավոր չէ տեսնել չերևացող, խամրած և տեսանելիության այլ ստանդարտներին չբավարարող  լուսացույցը:

Ավելին, եթե լուսացույցի հետ կապված տուգանքը եկել է տեսախցիկի միջոցով և տեսանյութում լուսացույցը ֆիզիկապես չի երևում, ապա ևս կարելի է բողոքարկել տուգանքը, քանի որ մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում՝ մուտքային և կրկնող լուսացույցերի աշխատանքը սինքրոն չէ:

4. Դատարանները նաև հաճախ բավարարում են այն բողոքները, որոնք կապված են ֆորմալ առումով բնակավայրերի, բայց իրականում ամայի ու չբնակեցված տարածքում արագության սահմանափակման խախտաման հետ, քանի որ բնակավայրը դա ոչ թե բնակավայրի նշանն է, այլ դրա հատկանիշները՝ օրինակ, շենք-շինությունները:

Տես՝ ՎԴ/3314/05/14 գործով վարչական վճռաբեկ դատարանի որոշումը:

Հիշեք, որ որոշումը կարելի է բողոքարկել դրա ստացումից հետո 30 օրում ճանապարհային ոստիկանության պետին կամ 2 ամսվա ընթացքում Վարչական դատարան: Երկու դեպքում էլ բողոքարկումն անվճար է: Պարեկային տեսուչի կայացրած որոշումը բողոքարկելու համար որոշումը ստանալուց ցանկալի է գրել «համաձայն չեմ»: Բողոքարկման ձևերը կգտնեք Tuganq.am կայքում:

Մի խախտեք երթևեկության կանոնները և բողոքարկեք անարդար տուգանքները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»