«Հակամենաշնորհային պայքար». երբ փոքր ներմուծողներն առանձնապես չեն խանգարում մոնոպոլիստներին

25-07-2017
10636 դիտում
«Հակամենաշնորհային պայքար». երբ փոքր ներմուծողներն առանձնապես չեն խանգարում մոնոպոլիստներին

Մարքեթոլոգ, «Չոր մարքեթինգ» ծրագրի հիմնադիր Վահրամ Միրաքյանն այսօր էլ շարունակում է բանան ներկրել Հայաստան: Նրան բանանի ներմուծման շուկայում այսօր էլ գերիշխող դիրք զբաղեցնող «Քեթրին գրուպը» «առանձնապես չի խանգարում»: Ճիշտ է, Վահրամ Միրաքյանը բանան է ներմուծում անհամեմատ փոքր ծավալներով, ամսական ընդամենը 2-3 մեքենա:

Հիշեցնենք, որ մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը հրապարակավ հայտարարեց Հայաստան բանան ներմուծելու ցանկության մասին այն բանից հետո, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունն ասաց, թե բանանի շուկայում մոնոպոլիա այլևս չկա:

«Գերիշխող դիրք ունեցողներն ինձ չեն հետաքրքրում: Ինձ ինչ հետաքրքրում է` էդ ենք անում, ինչ ծավալ պետք է` էդքան ծավալ էլ սպառում ենք: Աշխատում ենք ներմուծման ծավալներն ավելի մեծացնելու ուղղությամբ: Հիմա ո՞վ է գերիշխող, ո՞վ` ոչ, առանձնապես չի հետաքրքրում, որովհետև մեզ առանձնապես չի խանգարում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Միրաքյանը:

Վահրամ Միրաքյանը նաև ասում է, թե մինչ այժմ բանան ներմուծող մրցակիցների հետ առնչություն չի ունեցել, թեև դա կարող է պայմանավորված լինել նրա հրապարակային հայտարարություններով ու ներմուծման ծավալներով: Միրաքյանի «Արթին ինվեստ» ընկերությունը բանան է ներմուծում և՛ Վրաստանից, և՛ Ռուսաստանից:

Մեր հստակեցմանը, թե կարողանո՞ւմ են մրցակցել գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների հետ, Միրաքյանն պատասխանեց. «Այո՛, կարողանում ենք, ամսական մի քանի ֆուռ ենք բերում, ամեն մեքենան 20 տոննա է: Առօրյա խնդիրներ կան, բայց լուրջ խնդիր էս պահի դրությամբ չկա»: Ըստ մարքեթոլոգի՝ իրացման խնդիր բոլորն էլ ունենում են. «Բայց այնքան, ինչքան մենք ենք ներկրում, կարողանում ենք իրացնել: Ամառվա սեզոնն ավելի պասիվ է, 2-3 մեքենա ենք ներկրում, սեպտեմբերից ակտիվանալու է»:

Չնայած վերջերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ սահմանը 100 տոկոսով բաց է, ցանկացած մարդ կարող է ներկրել այն, ինչ ցանկանում է, բանանի ներկրման շուկան կրկին վերահսկում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպը»:

Մամուլում նրա անվան հետ է կապվում բանան ներկրող ևս մեկ ընկերություն՝ «Մելատրոպիկը»: Այս առիթով նաև «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցում էր ուղղել ՊԵԿ-ին: ՊԵԿ-ի հրավերից հետո Փաշինյանը ծանոթացել է բանանի ներկրման վիճակագրությանը` որ ընկերությունները և ինչ քանակությամբ բանան են ներմուծում Հայաստանի Հանրապետություն: Ըստ այդմ, շուկայի գրեթե 90 տոկոսը պատկանում է երկու ընկերությունների՝ «Քեթրին գրուպին» և «Մելատրոպիկին», որոնք, ըստ Փաշինյանի, դե ֆակտո պատկանում են նույն սեփականատիրոջը: Անցյալ տարի այս երկու ընկերությունները միասին մոտ 10.000 տոննա բանան են ներկրել Հայաստան:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ևս ամենաշատ բանան ներմուծողը «Քեթրին գրուպն» է՝ 2 հազար 382 տոննա: Ընդ որում, ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ այս տարի բանան են ներկրել 13 ընկերություն և 26 անհատ ձեռներեց:

Գրեթե նույն իրավիճակն է շաքարավազի ներկրման շուկայում: Այստեղ ևս շաքարավազ ներմուծողների թիվն ավելացել է, բայց մոնոպոլիան չի փոխվել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, չնայած անցյալ տարի մրցակցել է 22 տնտեսավարող սուբյեկտների հետ, սակայն Հայաստան է ներմուծել շաքարավազի 90 տոկոսը: Ասել է թե, դաշտում հայտնված ներմուծողները Ալեքսանյանին առանձնապես չեն խանգարել:

2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 61 հազար 554 տոննա շաքար: Դրանից 58 հազար տոննան ներկրել է Սամվել Ալեքսանյանը Բրազիլիայից: Ներկրված շաքարի մնացած 5 տոկոսը բաժանվել է մի քանի տասնյակ տնտեսավարողների միջև, այդ թվում` նրանց, որոնք շաքարն օգտագործում են սեփական արտադրության մեջ: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է, որ որպես ներմուծող ՊԵԿ-ն արձանագրել է, օրինակ` ԱՄՆ-ից ներկրված 300 գրամ շաքար բերողին կամ Հոլանդիայից 2,5 կիլոգրամ բերած անձին:

2017-ի առաջին եռամսյակում այլ երկրներից շաքարի կամ շաքարի հումքի ամենամեծ խմբաքանակը կրկին ներմուծել է հենց Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը՝ 23 հազար 122 տոննա: Մնացած 8 ընկերությունները փոքր խմբաքանակով են ներմուծել:

Մասնագիտությամբ տնտեսագետ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` այն, ինչ կատարվում է, հնարավոր չէ ազատականացում անվանել: «Դա չի կարող ազատականացում և մենաշնորհների դեմ պայքար համարվել մի շարք պատճառներով. սկսած նրանից, որ նման փոքր ներկրումները շուկայի վրա անդրադարձ չեն ունենում ծավալների նվազ լինելու պատճառով: Նաև՝ դրանք կարող են մի քանի տնտեսավարողներ լինել, որոնք իշխանության հետ ինչ-որ կապեր ունենալով, իրենց սեփական արտադրության կամ իրենց տնտեսության կարիքները հոգալու համար են այդ մթերքը ներմուծում, կարող է նաև պայմանավորված գին լինել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Բացի այդ, նրա խոսքով՝ մի շարք պայմաններ կան, որ քաղաքացիները չեն էլ փորձի ներկրել, քանի որ նախ` մրցակցությանը չեն դիմանա, դեմպինգի տակ կընկնեն: «Ինչը մենք տեսանք հենց «Ժառանգության» անդամ Գառնիկ Սահակյանի նկատմամբ դեղերի շուկայում,- հիշեցրեց Մարտիրոսյանը, հավելելով,- ոչ ոք Հայաստանում այդպիսի ֆինանսական միջոցներ չունի, որ առանց մրցակցային իրական պայմաններ ապահովելու փորձեն էդպիսի քայլեր իրականացնել: Իրական մրցակցային պայմաններ ասելով՝ նկատի ունեմ նաև տարբեր ակցիաների անվան տակ խոշորների կողմից դեմպինգի հնարավորության բացակայությունը: Էնպես որ, մենք դեռ շատ հեռու ենք ազատական տնտեսությունից: Հայաստանի մոնոպոլ տնտեսությունը չի կարող վերանալ, քանի դեռ մենք չունենք անկախ դատարան, նորմալ ընտրական համակարգ և իշխանության ճյուղերի հակակշիռների մեխանիզմ: Այն մարմինները, որոնք զբաղվում են տնտեսական հարցերով, նրանց իրական անկախությունը երաշխավորված չէ»:

Մարինե Խառատյան

MediaLab.am