«Անցյալ տարի ձեռքներս մեկնած փող էինք հավաքում, որ առաջնագիծն ամրացնենք, հիմա հսկայական ծախսեր են անում». Արցախի կառավարության շքեղ ու անզուսպ ծախսերը

27-07-2017
14012 դիտում
«Անցյալ տարի ձեռքներս մեկնած փող էինք հավաքում, որ առաջնագիծն ամրացնենք, հիմա հսկայական ծախսեր են անում». Արցախի կառավարության շքեղ ու անզուսպ ծախսերը

Արցախի կառավարությունը 2017-ին 169 միլիոն դրամ (350 հազար դոլար) է հատկացրել ծառայողական շքեղ մեքենաներ ձեռք բերելու համար։ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանը դիմել է կառավարությանը՝ պարզելու, թե ինչ մեքենաներ են ձեռք բերել։ «Մեդիալաբի» հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ծառայողական մեքենաներից ամենախոշոր գնումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 34 միլիոն դրամանոց ծառայողական մեքենան է, որը գնվել է «գույքի գնում» հոդվածի տակ։ Մեքենաների մի մասը ձեռք է բերվել պահուստային ֆոնդի հաշվին, մյուսը` արտաբյուջեի հաշվին։

«Դեռ անցյալ տարի մենք ձեռքներս մեկնած փող էինք հավաքում, որ առաջնագիծն ամրացնենք, հիմա հսկայական ծախսեր են անում ավտոմեքենաներ ձեռք բերելու համար, դա ինչպե՞ս հասկանանք»,- նկատում է Հայկ Խանումյանը:

Արցախում ծառայողական մեքենաները կրճատելու անհրաժեշտության մասին Հայկ Խանումյանը բարձրաձայնել էր դեռ 2015-ին: Մեքենաների թիվը թեև սկսել էին կրճատել, սակայն հիմա կրճատված մեքենաները շուկայականից տասնապատիկ էժան վաճառում են տարբեր պաշտոնյաների:

«Հիմա պարզվում է, որ հենց այդ նույն պաշտոնյաների համար երկու տարի հետո նոր ծառայողական մեքենաներ են ձեռք բերում: Սա Արցախում տարածված կոռուպցիայի ձև է: Հեքիաթներ են պատմում, թե Արցախում կոռուպցիա չկա, իրականում կա հստակ և բավականին մեծածավալ և կենտրոնացված կոռուպցիա»,- ասում է պատգամավորը, հավելելով, որ Արցախում մարդիկ կան, որոնց կյանքի գլխավոր նպատակը ծառայողական մեքենա ունենալն է, դրա համար չեն կարողանում զերծ մնալ այս ամենից:

Հայկ Խանումյանը պատմեց, որ վերջերս Արցախի խորհրդարանը մերժել է իր օրինագծերից մեկը, որով առաջարկվում էր եռապատկել 2017-ին գյուղական ճանապարհների վերակառուցմանը հատկացվող գումարները: ԱԺ խորհրդարանական ուժերը, նրա խոսքով, ուղղակի տապալեցին քվեարկությունը: Պատգամավորը եզրակացնում է.

«Փաստորեն գումար չհատկացրին գյուղական ճանապարհներին, որպեսզի իրենց համար ավտոմեքենաներ գնեն»:

Ի պատասխան «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշել էր, որ Հայկ Խանումյանը պետության կառավարման այլ պատկերացում ունի, գտնում է, որ ոտքով կամ ավանակով պետք է ման գալ: Հայկ Խանումյանը հակադարձում է Գառնիկ Իսագուլյանին և հիշեցնում, որ սա Ղուլյանի համար ձեռք բերված երկրորդ ծառայողական մեքենան է:

«Աշոտ Ղուլյանի համար երկրորդ ծառայողական մեքենան են գնում, այնպես չէ, որ այդ պաշտոնյաները, որոնց համար ծառայողական մեքենաներ են գնվել, չունեին ծառայողական մեքենաներ, սակայն հիմա ավելի հզոր և ավելի թարմ մեքենաներ են գնում: Ղուլյանի ծառայողական մեքենաներից մեկը կրճատվել էր, և հիմա նոր մեքենա են գնում, այսինքն՝ կրճատվածը սեփականաշնորհվել է, հիմա նորն են գնում: Այնպես չէ, որ այստեղ պաշտոնյաները էշերով էին աշխատանքի գնում, բայց երկրորդ ծառայողական մեքենա նույն պաշտոնյային և այն էլ` նման հսկայական գումարով` սա արդեն լկտիություն է»:

Հայկ Խանումյանի խոսքով` Գառնիկ Իսագուլյանի արդարացումները բնական են. նա Արցախի պաշտոնյա է, ավելին` Արցախի հարկատուների վճարած հարկերից է աշխատավարձ ստանում, նաև Արցախի հարկատուների վճարած հարկերից արցախյան ծառայողական մեքենա ունի դիվանագիտական համարներով, դրա համար էլ միգուցե այդպես արդարացնում է ցանկացած կոռուպցիոն երևույթ և ցանկացած ոչ ժողովրդավարական երևույթ Արցախում:

ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ այս հարցը խմբակցության ղեկավարի հարցը չէ: Թե ում մեքենան ի՞նչ վիճակում է` իրեն չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում են առաջնագիծը, հայ զինվորը, բյուջեի կատարողականը:

«Նախ` պետք է ճշտել, միգուցե նվիրատվությո՞ւն է, մեր բազմաթիվ հայրենակիցներ նվիրատվություն են կատարում: Այս ամենն այնքան երկրորդական է, ես հեծանիվների կողմնակից եմ, ես շռայլության կողմնակից չեմ, բայց չեմ գտնում, որ Ղարաբաղի կառավարությունը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ և մեքենաներ տրամադրել պետական պաշտոնյաների»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Արթուր Թովմասյանը:

«Շատ մոտիկից ճանաչում եմ երկրի ղեկավարին և վարչապետին, նրանց համար առաջնայինը առաջնագիծն է, տնտեսությունը, ժողովրդի անվտանգությունը: 100-ից ավելի սոցիալական ծրագրեր ունեք և պարտք չունենք: Դրանից բացի, սպասում ենք մեծ մուտքեր, մոտ 5,5 միլիարդ հարկային մուտքեր երկրի բյուջե: Մենք ունենք նաև Արցախում դեպքեր, երբ Հայաստանի համապատասխան նախարարությունը մեքենաներ է նվիրել տվյալ նախարարությանը»,- նկատում է Արթուր Թովմասյանը՝

Հայկ Խանումյանի նման հրապարակումները համարելով 2020 թվականին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու փորձ:

Իր հերթին Հայկ Խանումյանն էլ հակադարձում է.

«Սլաքներն իմ դեմ ուղղելը կամ ինձ մեղադրելը սխալ է։ Իսկ իրե՞նք ինչին են պատրաստվում։ Ի՞նչ են ուզում անել, մեքենաները, տները հավաքում են, թողնեն-գնա՞ն: Եթե ես 20 թվականին եմ պատրաստվում` փախչելու, մեքենան գնում են, որ հաջորդ պատերազմի՞ց փախչեն: Եթե ես 20 թվականին եմ պատրաստվում, ապա ինչի՞ն են պատրաստվում այդ ծառայողական մեքենաներ ստացողները, ինչի՞ են սպասում»:

Մանե Հարությունյան

MediaLab.am