Ես անսիրտ մայր եմ, սիրտս տղայիս մոտ է…. «Ալամեզոն» Բլոգ

31-07-2017
4493 դիտում
Ես անսիրտ մայր եմ, սիրտս տղայիս մոտ է…. «Ալամեզոն» Բլոգ

Լուիզան` բարի, խելացի, հանգիստ, մեղմաբարո 26-ամյա կին, որին հանդիպեցի Ֆրանսիայի էմիգրացիոն բյուրոյում: Բարձրահասակ, փարթամ կինը մոր հետ էր թևանցուկ կանգնած` գլուխը միշտ մի կողմ թեքած, աչքերը վար, ուսերը` կծկված: Հաճախ նույն գորշ ու խոնավ սենյակում հանդիպելը մտերմացրեց, անգամ ընկերացրեց մեզ: Լուիզան միշտ խոսում էր մեղմ ժպիտը դեմքին, ինչը տարբերում էր իր ազգակից չաղ ու ղժղժան չեչեն կանանցից, որոնցից, ինչ մեղքս թաքցնեմ, քաշվում ու վախենում էի:

Լուիզայի պատմությունը շատ դաժան էր. ինչպես ընդունված է չեչենների մոտ, Լուիզան շատ վաղ էր ամուսնացել. 

- Ծնողներս շատ դեմ էին, բայց, ախր, շատ էի իրան սիրում: 19 տարեկան էի, երջանիկ առաջին տարի ունեցանք, բայց հետո իրենց ցեղի ամբողջ կանայք սկեսուրիս գլխավորությամբ ինձ քարշ էին տալիս բժիշկների մոտ, թե` ինչի՞ էս աղջիկը երեխա չի ունենում: Վերջապես 23-ում տղաս ծնվեց` արևի կտոր, լուսավոր իմ տղան (ամեն անգամ պատմելիս ցույց էր տալիս նկարները. հիրավի անթերի գեղեցիկ բալիկ էր): 

- Մուհամեդի ծնվելուց հետո ամուսնուս կարծես փոխեցին: Ագրեսիվ, զայրացած` անգամ մեր տղային մոտիկ չէր գալիս: Չէի հասկանում պատճառը, մինչև օրս չգիտեմ, միգուցե սիրուհի ուներ, երկրորդ կնոջ ակնարկ էր անում, ես էլ, բնականաբար, կտրականապես դեմ էի: Այդպես ձգեցինք մեկ տարի: Մինչև մի օր բոլորին տեղյակ պահեցի ու գնացի ծնողներիս տեսնելու: Մեկ ժամից ամուսինս զանգեց.

- Ո՞ւմ ես հարցրել, որ տղայիս դուրս ես տարել, փախցրել:

- Մորիցդ, քրոջիցդ,- զարմացա ես: 

- Տո´ւն արի, հենց հիմա,- կենդանու պես գոռաց վրաս: 

 - Տանը ոչ ոք չհաստատեց: Բոլորն իմ դեմ էին` ինքնակամ ես դուրս եկել... Կհավատա՞ս, Ռոզա´, դա է մեր բաժանության «պատճառը»… Տղայիս ձեռքիցս վերցրեցին, ինձ ուղարկեցին մերոնց տուն:

 - Ո՞նց տղայիդ վերցրեցին: 

- Հենց էդպես, չեչենների մոտ օրենքն է էդպիսին, տղա երեխան պատկանում է ամուսնու ցեղին... Մեկ տարի է` էստեղ եմ, առաջ, Չեչնիայում գոնե ժամանակ առ ժամանակ տեսնում էի, երբ նախկին ամուսինս տանը չէր լինում, սկեսուրս գաղտնի կանչում էր: Հետո ստիպված եկանք Ֆրանսիա. հայրս մահացավ, մայրս բուժման կարիք ուներ, քույրերս, եղբայրներս ամուսնացած էին, մենակ ես էի մորս հետ: Տղայիս պինդ գրկեցի ու սիրտս թողեցի մոտը: 

- Չե՞ս կարող իրենց համոզել` տղայիդ բերես էստեղ:

- Անհնարին է, ի ՜նչ ես ասում: Երբ մայրս փաստաթուղթ ստանա, ես հետ կգնամ, կգնամ կնստեմ իրենց դռան տակ, որ մի աչքով տղայիս տեսնեմ... ինձ էստեղ մի քանի անգամ փորձեցին նշանել…

 - Ի ՜նչ լավ է, Լուիզա´, վերջապես նոր ընտանիք կունենաս…- հուսադրեցի ես: 

- Երբե´ք, եթե ամուսնանամ, անգամ վերջին հույսս կկորցնեմ, ավելի լավ է փակվեմ էս անարդար աշխարհից:

Էդպես էլ «փակվեց». մեկ տարվա մեջ նկատեցի, թե ինչպես գլխի բարակ կտորը դարձավ գլխաշոր, հետո էլ` ամբողջովին հիջաբ: 

։

Լուիզան (ձախից) եւ ես

Երբ կանչեցին իրենց հարցազրույցի Փարիզ, գնացի իրեն տեսնելու: Նստած արտասվում էր ու օրորվում.

- Ի՞նչ է եղել, Լուիզա´,- վախեցա, - այդքան վա՞տ է անցել:

- Մի ծեր ֆրանսուհի էր հարցազրույցը վարում,- ասաց,- ամբողջ 2,5 ժամ պարբերաբար նույն հարցն էր տալիս:

- Ի՞նչ հարց: 

- Ո՞նց կարողացար երեխայիդ թողնել ու հեռանալ, ի՜նչ մայր ես դու, ի՜նչ մայր ես դու: Ի՞նչ մայր եմ ես: Ես անսիրտ մայր եմ, սիրտս տղայիս մոտ է…

Այդ ժամանակ ամուսնացած չէի, երեխա չունեի, թեև կանացի բնազդով պատկերացնում էի նրա վիճակը: Հիմա, ամեն անգամ տղայիս գրկելիս ավելի իրական եմ պատկերացնում Լուիզայի ապրումները, մերժում ու ժխտում մորն ու մանկանը բաժանող ցանկացած ավանդույթ. այն վայրի է, բնության դեմ, ցանկացած կրոնի աստծո դեմ, անեծքի արժանի…

Այդպես էլ է պատահում. ժամանակի ընթացքում կորցրեցի կապը Լուիզայի հետ, ինչի համար շատ ցավում եմ, չպահպանվեցին հեռախոսահամարները, և անգամ մեր փոքր քաղաքում այդպես էլ չհանդիպեցի Լուիզային: Միակ հուշը մնացել է փոքրիկ համատեղ լուսանկարը, որը չի թողնում մոռանալ ո´չ Լուիզային, ո´չ իր կոտրված կյանքը:

Շատ կցանկանայի այս պատմությանը երջանիկ ավարտ տալ, բայց ո՞րն է այդ երջանկությունը: Վերադարձ գաղջ ավանդույթների մեջ խրված Գրոզնի՞, թե՞ նոր կյանքի սկիզբը, այն հույսով, որ մեծացող Մուհամեդը մեծ տարիքում կհասկանա ու կների մորը, որ այդպես էլ չկարողացավ պայքարել ավանդույթների դեմ…

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog