«Զենքով ապստամբելու կոչի պարագայում հասարակական տրամադրությունների մեջ որևէ բան չի փոխվել». Ռուբեն Մեհրաբյան

07-08-2017
3073 դիտում
«Զենքով ապստամբելու կոչի պարագայում հասարակական տրամադրությունների մեջ որևէ բան չի փոխվել». Ռուբեն Մեհրաբյան

«Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից զենք վերցնելու և ապստամբելու կոչերի հարցը Քրեական օրենսգրքի տիրույթում է, և դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմիններն ու մասնագետները: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի կոչին` զենք վերցնել ու ֆիզիկապես ոչնչացնել իշխանություններին:

«Դրա համար գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որը դա արգելում է, հետևապես, այդտեղ ավարտվում է քաղաքականությունը»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով վերջին դատական նիստերից մեկի ժամանակ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության ու իշխանություններին և Սերժ Սարգսյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր էր հնչեցրել: «Զե՛նք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»,- դատարանի դահլիճում ներկաներին կոչ էր արել նա:

«Սասնա ծռեր» խմբի անդամները զենքի գործադրմամբ ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավել էին նախորդ տարվա հուլիսի 17-ին, իսկ դրանից երկու շաբաթ անց զենքը վայր էին դրել ու հանձնվել:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ հանրությունը նրանց կոչերին ականջալուր չի լինում, քանի որ քաղաքական բովանդակության բացակայությունը բոլորը լավ հասկանում են: «Ես չգիտեմ՝ նրանց կոչերին քանի՛ մարդ ականջալուր կլինի, դրա լավագույն վկայությունն այն է, թե նրանց բազմաթիվ կոչերին քանի՛ մարդ էր ականջալուր լինում նախկինում: Մեկ օրինակ բերեմ. ցեղասպանության 100-րդ տարելիցին նրանք կոչ արեցին դուրս գալ ցույցերի, քանի՞ մարդ դուրս եկավ: Դա հասարակության կողմից ընդունված լինելու լավագույն չափանիշն է: Մարդիկ շատ ավելի խելացի են, քան ցույց են տալիս, և երկրորդ` մարդիկ շատ ավելի խելացի են, քան ոմանց թվում է: Ով դա չի հասկանում, նա քաղաքականության մեջ անելիք չունի»,- ասում է վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ բռնության կոչերով հնարավոր չէ քաղաքական դաշտում գործել: Քաղաքականությունը լեգալ դաշտում գործունեություն է, իսկ բռնության կոչեր անելը կամ բռնություն կիրառելն արդեն դուրս է գալիս քաղաքականության դաշտից՝ անցնելով քրեական դաշտ, ինչի համար կա Քրեական օրենսգիրք:

Հարցին, թե ինչո՛ւ «Սասնա ծռերը» մինչև վերջ չդիմեցին զինված ապստամբության, ֆիզիկապես չոչնչացրին իշխանության ներկայացուցիչներին և զենքը վայր դրեցին, իսկ հիմա հանրությանն են նման կոչ անում, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց, որ այդ հարցի լավագույն հասցեատերը «Սասնա ծռերի» անդամներն են: «Բայց իրավիճակն այն է, որ մենք գործ ունենք կատարված փաստի հետ, որ նրանք զենքով ապստամբելու կոչ են անում: Մյուս կողմից` գործ ունենք երկրորդ կատարված փաստի հետ, որ այդ կոչի պարագայում հասարակական տրամադրությունների մեջ որևէ բան չի փոխվել»,- հավելեց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ երևույթը պետք է դիտարկել այն պայմաններում, որում գտնվում է մարդը:

«Ես չեմ ողջունում ուժային մեթոդները` որպես խնդիրների լուծման միջոց, բայց միաժամանակ լիովին իրավասու եմ համարում այդ անձի կողմից դիմադրելն ու ապստամբելը ապօրինի ուժային մեթոդներով կառավարման դեմ: Եթե շարունակաբար ուժ է կիրառվում քաղաքացու դեմ, ապա մարդուն այլ միջոց չի մնում, քան ուժով պատասխանելը»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ այն վիճակում, որում գտնվում է զենքով ապստամբելու կոչեր անող Վարուժան Ավետիսյանը, երբ իր կողքի մարդկանց ծեծում են դատարանի շենքում, չենք կարող նրան քննադատել ու ասել, թե ինչո՛ւ է նման կոչեր անում:

«Ծայրահեղ միջոցին գնացել են մարդիկ, ովքեր շարունակաբար ենթարկվել են ապօրինությունների՝ ապօրինի քրեական հետապնդման, բռնությունների Երևանում, ապօրինի խուզարկությունների, Բերձորում զանգվածային ծեծի, իրենց աջակիցների նկատմամբ նույնպես եղել են բռնություններ ու ապօրինի ազատազրկումներ: Որևէ մեկը բարոյական իրավունք չունի այդ մարդուն, ով մշտապես գտնվել է ապօրինի հետապնդման, ազատազրկման ու բռնությունների թիրախում, քննադատել: Քննադատողներն այդ վիճակում գտնվելու պարագայում զենք չէ, թնդանոթ էլ կօգտագործեն»,- ասում է Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am