ՌԴ նկատմամբ սահմանված տնտեսական նոր պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի վրա

08-08-2017
20234 դիտում
ՌԴ նկատմամբ սահմանված տնտեսական նոր պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի վրա

ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական նոր պատժամիջոցները ակտիվորեն քննարկվում են նաև Հայաստանում:

Քաղաքական ու փորձագիտական շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի պես փոքր երկրի վրա ԱՄՆ և ՌԴ միջև ստեղծված իրավիճակը, արդյոք Հայաստանը կտուժի՞ տնտեսական պատժամիջոցներից՝ լինելով Ռուսաստանի շուրջ ձևավորված Եվրասիական տնտեսական միության կազմում:

Վերլուծաբանները կարծում են, որ ազդեցությունը կլինի ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական բնույթի:

Տնտեսագետների խոսքով՝ տնտեսական պատժամիջոցների արդյունքում կթուլանա Ռուսաստանի տնտեսությունը, իսկ քանի որ Հայաստանի տնտեսությունը կապված  ու կախված է Ռուսաստանից, ապա բացասական հետևանքները շատ շուտով կհասնեն նաև Հայաստան:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանցիների մեծ մասն ապրում է Ռուսաստանից ուղարկված տրանսֆերտների հաշվին: Եթե պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվի, ՌԴ-ում գնաճ լինի և այլն, ապա դա չի կարող չանդրադառնալ տրանսֆերտների վրա, դրանք կսկսեն դեպի Հայաստան ավելի քիչ գալ, իսկ հայաստանցիները ավելի քիչ ապրանք ձեռքկբերեն դրանցով»,- ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նա նշել է, որ վերջին երկու տարիներին առանց այդ էլ Հայաստան եկող ռուսական տրանսֆերտների ծավալը նվազել է գրեթե կիսով չափ՝ 2 միլիարդից հասնելով 1,3 միլիարդի:

Տնտեսագետներն ասում են նաև, որ կարող է տուժել նաև Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան, որովհետև եթե ՌԴ քաղաքացին կդառնա ավելի քիչ գնողունակ, մեր արտադրանքը ռուսական շուկայում կիրացվի ավելի քիչ, իսկ ներկրումը Հայաստան ևս կունենա գրեթե նույն հեռանկարները:

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն էլ համաձայն է, որ Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ և ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է: «Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը և՛ տրանսֆերտների մասին է, և՝ ներմուծման խնդիրների մասին»,- ասել է նա:

Մելիքյանը նշել է, որ տեղի ունեցածը պետք է Հայաստանի համար ազդանշան հանդիսանա, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել քաղաքական և տնտեսական կապերը, ամրապնդելով գործընկերությունը մյուս երկրների հետ:

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված տնտեսական նոր պատժամիջոցների արդյունքում, ըստ ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի, Հայաստանի համար այսուհետ դժվար կլինի մանևրել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև։

Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանը հավաստիացնում է, որ ստեղծված իրավիճակը բխում է Հայաստանի շահերից: Շիրինյանն ասել է, որ Ռուսաստանը ջղաձգվում է պատժամիջոցներ սահմանելուց, որովհետև հասկանում է, որ այլևս Հարավային Կովկասում չի կարող ունենալ նախկինում ունեցած ազդեցությունը:

«Ռուսաստանի ախորժակը մեծ է՝ ծավալվել, գրավել Դոնբասը, Ուկրաինան, Հայաստանը: Չե՞ք տեսնում, թե Ռուսաստանը ինչպես է ծավալվում, ինչպես է նպատակին հասնելու համար կռիվներ հրահրում: Իսկ ԱՄՆ-ն պատժամիջոցներով ախորժակը չափավորելու փորձ է անում»,- նշել է Լևոն Շիրինյանը:

Աղբյուրը՝ jam-news.net