«Քանի դեռ բանակում կարգին տեխնիկա չկա, պետք է ընդհանրապես օրենքով արգելվեն պաշտոնյաների ճոխ ծախսերը». Արա Պապյան

09-08-2017
9691 դիտում
«Քանի դեռ բանակում կարգին տեխնիկա չկա, պետք է ընդհանրապես օրենքով արգելվեն պաշտոնյաների ճոխ ծախսերը». Արա Պապյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո´ն Պապյան, օրերս համեմատություն էիք արել ադրբեջանական բանակի ու մեր զինվորների համազգեստի, բանակի ծախսերի միջև, հիշեցրել ճոխ մեքենաների համար արվող ծախսերը: Ի՞նչ թերություններ կան այս առումով հայկական բանակում:

- Պետությունը նման է մի մեծ ընտանիքի. ինչպես ընտանիքում պետք է լինեն առաջնահերթություններ, հետո` ճոխություններ, նույնը պետք է լինի պետության ներսում: Այսինքն՝ պետության անվտանգության հարցը, որը կարելի է համեմատել անձի առողջության հետ, առաջնային է: Իհարկե, պետության կառույցները պետք է ունենան իրենց աշխատանքն իրականացնելու հնարավորություն: Բայց եթե մենք համեմատում ենք զրահաբաճկոնի ու ավտոմեքենայի հարաբերակցությունը, ապա նկատում ենք, որ առաջնահերթը զրահաբաճկոններն են: Ակնհայտ է, որ ադրբեջանցի զինվորի հագած զրահաբաճկոնը շատ ավելի լավն է, քան մերը, փակում է զինվորի վզի հատվածը, իսկ մեր զրահաբաճկոնները շատ ավելի թույլ ու խոցելի են: Այն առարկությունը, որ ասվում է, թե՝ բա մենք էշո՞վ պետք է ման գանք կամ 06-ով, ընդունելի չէ: Որևէ մեկը չի ասում, որ պետք է էշով կամ 06-ով ման գալ: Ես նայել եմ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գները, դրանք այսօր բավական հզոր մեքենաներ են, հենց այդպիսի մեքենաներ են պետք Արցախի համար: Նախ` դրա սպասարկումն է ավելի էժան: Այդ սկզբունքով են, չէ՞, մեր բանակի համար զինատեսակներ գնում: Երբ վերջերս հարց առաջացավ, թե ինչո´ւ իսրայելական զենք չեն գնում, հղում կատարվեց Սեյրան Օհանյանին, որն ասել էր, թե դրանք թանկ են, դրա համար չենք գնում: Այսինքն՝ մենք զենքը գնում ենք ռուսներից, գուցեև պակաս ժամանակակից, բայց պիտանի: Նույն սկզբունքով պետք է առաջնորդվենք մեքենաներ գնելիս, հատկապես Արցախի համար, որին մենք ենք պահում: Այսինքն՝ թող տան 10-12 հազար դոլար և գնեն նորագույն ժամանակակից «ՈՒԱԶ »-ներ, ոչ թե 25-50 հազար դոլար ծախսեն մեկ մեքենայի համար: Իսկ այդ տարբերությամբ կարելի է լավ զրահաբաճկոններ գնել: Ամենակարևորն այստեղ զինվորի կյանքն է, լավ զրահաբաճկոնն ու սաղավարտը հաճախ կփրկեն զինվորի կյանքը: Հատկապես դիրքերում կանգնող զինվորներին, եթե տան լավ զրահաբաճկոն ու սաղավարտ, ըստ էության խոցելի է մնում միայն դեմքի մասը, որը մի քանի անգամ կրճատում է վտանգը: Հետևաբար մենք պետք է տարբերակենք, թե ո´րն է մեր պետության համար առաջնահերթ, դա զինվորի կյանքն է:

- Վերջերս տեղեկություն հրապարակվեց, որ Արցախի պետական կառույցների ու բարձրաստիճան պաշտոնյաների համար այս տարի ծառայողական մեքենաներ ձեռք բերելուն ուղղվելու է 169 մլն դրամ: Այս պայմաններում, երբ բանակում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, ինչո՞ւ են նման ծախսեր անում: Թեև նրանք արդարանում են, թե դա ճոխություն չէ:

- Դե, ճոխությունը պետք է համեմատության մեջ դիտարկել: Ես ընկեր ունեի, ով ասում էր՝ թանկ ավտո եմ գնել, որն արժեր 25 հազար դոլար, և ընկեր ունեմ, ով ասում էր՝ էժան ավտո եմ գնել՝ 200 հազար դոլարանոց: Ես կոնկրետ օրինակ բերեցի, կան էժան «ՈՒԱԶ»-ներ: Ինչո՞ւ ենք զենքը գնում Ռուսաստանից, իսկ մեքենաները` ոչ: Զենքը գնելիս առաջնահերթություն են համարում գինը և դրա սպասարկման հեշտությունն ու էժանությունը: Թող Արցախի ղեկավարությունը նույն «ՈՒԱԶ»-ները գնի, որ էժան լինի, հեշտ սպասարկի ու հեշտ կառավարի: Երբ 30 տարի առաջ Հայաստանի ղեկավարների համար սովետական ամենալավ ավտոն 24-ն էր, որը տրակտոր է` համեմատած այսօրվա «ՈՒԱԶ »-ի հետ, դրանով էին գնում-գալիս, ի՞նչ էր եղել, երկիր կառավարել չէ՞ր լինում դրանով: Իհարկե, «ՈՒԱԶ»-ները զիջում են այն ճոխ ավտոներին, որոնք ուզում է Արցախի ղեկավարությունը, բայց այդ ճոխ ավտոները կրկնակի-եռակի թանկ են: Ես ժամանակին Երևան բերեցի Մոնրեալի քաղաքապետին, և Երևանի ու Մոնրալի միջև ստորագրեցինք քույր քաղաքների համաձայնագիրը: Մոնրեալը մոտ 3 միլիոնանոց քաղաք է, որի բյուջեն Հայաստանի բյուջեից առնվազն տասնապատիկ ավելի է: Բայց այդ մարդը երթևեկում էր էժան ավտոմեքենայով, և ինքն էլ ղեկի առաջ էր նստում: Ամբողջ աշխարհում է այդպես:

- Երբ նայում ենք Արցախի ղեկավարության համար գնվող ավտոմեքենաների ցուցակը, տեսնում ենք, որ Արցախի ոստիկանության համար «Տոյոտա» մակնիշի մեքենա ձեռք բերելու համար 48 մլն դրամ է հատկացվում: Սա նորմա՞լ է:

- 48 մլն դրամը կազմում է մոտ 100 հազար ղոլար: Այդ 100 հազար դոլարով կարելի էր 8 հատ լավագույն «ՈՒԱԶ»-ներ գնել հենց ոստիկանության համար, ինչո՞ւ պետք է 100 հազար դոլարանոց մեքենա քշեն: Երբ ես դեսպան էի, իմ մեքենան 25 հազար դոլարանոց էր, բայց դեսպանին հասնում է թանկ մեքենա: Ընտրությունն իմն էր, բայց ես համարում էի, որ առնվազն սրիկայություն է 50 կամ 100 հազար դոլարանոց մեքենա գնել համայնքի փողերով: Նախկինում որ սովետական ոստիկանությունը մոտոցիկլներով էր երթևեկում, ի՞նչ էր եղել: Ընդհանրապես, մոտոցիկլից այն կողմ ոստիկանը ոչինչ չպետք է վարի, ի՞նչ է նշանակում «Տոյոտա»: Հետո այստեղ ես խնդիր եմ տեսնում. երբ սկսում են «Տոյոտա»-ներ գներ, ես սկսում եմ մտածել, որ այստեղ կա մեկ այլ շահ՝ պետության միջոցներով ապահովել «Տոյոտայի» ներկայացուցչության շահույթը, հարստացնել այդ մարդկանց: Երբ ապրիլյան դեպքերը եղան, մարդիկ փող էին հավաքում, բանակի համար մի քանի հազար դոլարանոց հին «ՈՒԱԶ»-ներ էին գնում, և զինվորականները շատ գոհ էին, որովհետև այն, ինչ իրենք այսօր քշում են, ընդհանրապես բանի պետք չէ: Ես կարծում եմ՝ քանի դեռ բանակում կարգին տեխնիկա չկա, պետք է ընդհանրապես օրենքով արգելվեն պաշտոնյաների ճոխ ծախսերը: Գնացեք զինվորական հոսպիտալը նայեք, թե ի´նչ վիճակում է, տեսեք զորամասերն ի´նչ վիճակում են: Այդ խնդիրները պետք է լուծվեն:

- Այսինքն՝ ապրիլյան դեպքերից դասեր չքաղեցի՞ն:

- Ոչ մի դաս էլ չեն քաղել, ի վերջո, Արցախը Հայաստանի մի մարզն է, 100 հազար դոլար տալ ոստիկանության մեքենայի համա՞ր: Նախորդ տարի ես արտերկրում դիմեցի իմ ընկերներին, մեկից` 500, մեկից` 1000 դոլար խնդրելով, անձամբ ես 500 դոլար եմ դրել, աջակցության ֆոնդին գումար եմ տվել: Հիմա ես ո՞նց այդ մարդկանց նման լուրերից հետո համոզեմ, որ փող տան, որ մենք գիշերային դիտող սարքեր առնենք: Կասեն՝ ախպե´ր ջան, եթե գիշերային դիտող սարքերը պետք են, թող առաջին հերթին ղարաբաղցիները գնեն, չդնեն 100 հազար դոլարանոց ավտո քշեն: Այս դեպքերը շատ են վնասում համաժողովրդական միջոցառումներին, չես կարողանում մարդկանց համոզել, որ աջակցեն: Եվ այսօր հնարավոր չէ այդ տեղեկությունը թաքցնել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am