«Ծեծվողին ավելի շատ եմ ատում, քան ծեծողին». Ինչու են շատերն արդարացնում բռնարարին, այլ ոչ թե զոհին

11-08-2017
15178 դիտում
«Ծեծվողին ավելի շատ եմ ատում, քան ծեծողին». Ինչու են շատերն արդարացնում բռնարարին, այլ ոչ թե զոհին

Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունն ու կանանց սպանության դեպքերը հանրության կողմից մեծ դիմակայության չեն արժանանում, քանի որ մեր հասարակությունը նահապետական ու հայրիշխանական համակարգի հետևանք է: Ստեղծված իրավիճակը նման մտածելակերպի հետևանք է, երբ տղամարդուն թույլատրվում է ամեն ինչ, կնոջը՝ ոչինչ:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանը՝ անդրադառնալով հասարակության կողմից Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքին տրված արձագանքներին:

Այս դեպքով, հիշեցնենք, կալանավորվել է մարզպետի կինը, ով, ըստ հարուցված քրեական գործի, կացնահարել է քնած ամուսնուն: Դեպքից հետո տարբեր տեղեկություններ եղան, որ կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը «Մեդիալաբին» տված հարցազրույցում անդրադարձել էր Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի առողջական վիճակին: Ըստ այդմ՝ կալանավայրում գտնվող կնոջ առողջական վիճակը բավական վատ է, նա պատմել էր, որ 24 տարի շարունակ ընտանիքում բռնության է ենթարկվել:

«Նրան հասցրել են այն վիճակի, որ երրորդ խմբի հաշմանդամ է: Նրա ոտքերը այտուցված են, վերքեր ու տրոմբներ կան ոտքերին, ունի երիկամների, վահանագեղձի խնդիրներ, բավական կեղեքված է, անընդհատ գլխաշոր է կապում: 15 տարի շարունակ կեղծամ է կրել, որովհետև պարբերաբար մազերը քաշել են ու պոկել»,- պատմել էր Զարուհի Հովհաննիսյանը:

Այս հոդվածը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լայն արձագանք է գտել, բազմաթիվ օգտատերեր իրենց մեկնաբանություններում քննադատել են կնոջը: Եվ քննադատողների մեծ մասն էլ հենց կանայք են:

«Սուտ է ամենը, ինչ ասում է: Եթե այդքան թույլ ու հիվանդ է, ո՞նց է կարողացել կացնահարել երիտասարդ ու առողջ տղամարդուն: Ուղեղիս մեջ չի տեղավորվում, գլխաշոր է կրում ի նշան սգի»,- գրել է կին օգտատերերից մեկը:

«Ծեծվողին ավելի շատ եմ ատում, քան ծեծողին»,-մեկնաբանություն է թողել մի ուրիշ կին։

Մեկ այլ կին էլ հետևյալ գրառումն է կատարել. «Միայն կնոջ կարծի՞քն են լսել, իսկ այլ կարծիքներ չկա՞ն։ Այդ հիվանդություններն էլ շատերը կարող են ունենալ, դրանք ինչո՞ւ են կապվում բռնության հետ»:

«Դե ամեն ինչ կանեն, որ կնոջն էլ որպես հոգեկան հիվանդ ազատեն. մահացողը չի կարող խոսել, ուրեմն կինը ճիշտ է»,- գրել է մեկ այլ օգտատեր: Իսկ կանանցից մեկն էլ նման գրառում է կատարել. «Բայց նկարներից չի երևում, որ նա ստրուկ է եղել, նման հագուկապով ստրուկ կլինի՞»:

«Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանն ասում է, որ Հայաստանում հայրիշխանական համակարգի կրողը հենց կանայք են: Եվ դա փաստում է նաև կանանց այս պահվածքն ու մեկնաբանությունները:

«Շատ քիչ կանայք են մտածում, որ ունեն հավասար իրավունքներ, ինչպես իրենց ամուսինները: Եվ կանայք իրենց երեխաներին այդպես էլ դաստիարակում են, մայրն ասում է, որ աղջիկ երեխան պետք է լսի մեծ եղբորը, և եղբայրը պետք է որոշի՝ քույրը պե՞տք է դուրս գա տնից, թե՞ ոչ: Դա հայրիշխանական համակարգի հետևանք է, մեր բոլորիս ուղեղները լվացված են այդպես»,- «Մեդիալաբին» ասում է Հասմիկ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ մեր հասարակության մեջ հստակ դիրքորոշում կա, որ զոհը միշտ մեղավոր է: Հայ կանանց փոքրուց դաստիարակում են, որ տղամարդն ամենաբարձրն է, նրան ամեն ինչ կարելի է: Եվ նրանք ապտակն ու ծեծն ընդունում են որպես նորմ, դա նրանց բնական ապրելակերպն է:

«Եթե մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ բռնության մշակույթը ողջունվում է, և բոլորը՝ ամենավերջին բանվորից մինչև երկրի նախագահ, իրենց հարցերը լուծում են բռնության ու մարդկանց ստիպողաբար լռեցնելու միջոցով, դա դառնում է նորմալ ապրելակերպ: Եվ դրանից շեղվող ու այդ մասին բարձրաձայնող մարդկանց հասարակությունը չի ընդունում»,- հավելեց մասնագետը:

Այս դեպքից հետո տարբեր անձանց կողմից հարցադրումներ են հնչում, որ եթե կինը 24 տարի ապրել է բռնարար ամուսնու հետ, ինչո՞ւ չի ամուսնալուծվել: Հասմիկ Գևորգյանի խոսքով՝ հասարակության մոտ չկա այն գիտակցությունը, որ բռնության ենթարկված կինն այդքան հեշտորեն չի կարող լքել բռնարար ամուսնուն:

«Հավատացե՛ք, եթե դա այդքան հեշտ լիներ, ամեն երկրորդ կնոջ առաջին քայլը դա կլիներ: Կանայք չեն թողնում այդ հարաբերությունները մի շարք պատճառներով: Նրանք մի ամբողջ կյանք ապրում են վախի մեջ, վախենում են զրկվել իրենց երեխայից, ո՛չ մասնագիտություն ունեն, ո՛չ գումար, տնտեսական կախվածության մեջ են տղամարդուց, վախի մեջ են: Այսօր ես բազմաթիվ կանանց գիտեմ, ովքեր մնում են այդ հարաբերություններում, չնայած վտանգը կա: Նրանք թերթիկ են ստորագրել, մենք իրենց զգուշացրել ենք, որ մի օր ձեր ամուսինը կարող է ձեզ սպանել: Բայց նրանք ելք չունեն, ասում են՝ ավելի լավ է ամուսինս ինձ սպանի, քան ես հեռանամ, որովհետև հեռանալու դեպքում ինքն ասել է, օրինակ` կգնամ դպրոց ու կսպանեմ եղբորդ երեխաներին»,- ասաց մասնագետը:

Տարբեր դեպքերի ծանոթանալով՝ մասնագետները եզրակացրել են՝ ընտանեկան բռնության պարագայում Հայաստանում կնոջ համար ամենաբարդը ամուսնալուծվելն է: Եվ սպանությունների 70 տոկոսը գրանցվում է հենց այն ժամանակ, երբ կինն ամուսնուն ասում է՝ ես քեզանից հեռանում եմ:

Միջին վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում տղամարդկանց կողմից տարեկան կնասպանության մոտ 10 դեպք է գրանցվում, սակայն հասարակությունն այդ դեպքերը նորմալ է ընդունում, որովհետև, ըստ հասարակության՝ տղամարդկանց կարելի է ծեծել ու սպանել կնոջը: Բայց այս դեպքում հակառակն պատկերն է՝ կինն է սպանել բռնարար ամուսնուն, և ականատես ենք լինում հասարակության քննադատությանը:

Բռնության ենթարկված կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորվում է նաև պետական ու իրավապահ մարմինների կողմից:

«Մեր ամբողջ պետական համակարգում այդ խտրական մոտեցումը կա: Ամուսնու բռնությունից տուժած կանանցից մեկը, ով պատրաստվում է ամուսնուց բաժանվել, գնացել էր պոլիկլինիկա, ուզել իր երեխայի անկետայի պատճենը, բայց նրան մերժել էին, չէին տվել: Իսկ ամուսինը գնացել ու վերցրել էր այդ պատճենը ու տարել: Կնոջն ասել են՝ փաստաբանական հարցում արեք, նոր կտանք»,- ասաց մասնագետը:

Նույն այդ գործով՝ ամուսինը քննիչին ասել էր, թե կնոջը չի ծեծել, գործը կարճվել է, բայց կինը պնդում է, որ ամուսինն իրեն ծեծել է, միևնույն է, իրավապահները դա չեն ընդունում:

Այս իրավիճակը շտկելու համար, ըստ մասնագետի, լուրջ աշխատանք պետք է կատարվի հայ հասարակությունում:

«Ընտանեկան բռնությունը հենց գենդերային անհավասարության հետևանք է, հայրիշխանական համակարգի խնդիր է: Բնականաբար, մեծ աշխատանք է մեզ սպասում, աշխատել նոր սերնդի հետ՝ կոտրելու կարծրատիպերը: Շատ երկար ու դժվարին ճանապարհ ենք անցնելու: Դեռ 1980-ական թվականներին ԱՄՆ-ում հասկացան, որ զոհը մեղավոր չէ: Այդ ժամանակից ի վեր նրանք աշխատում են, բայց ասում են, որ հասարակության մեջ դեռ խնդիրներ ունեն: Իսկ մեզանում նոր են սկսել բարձրաձայնել այդ մասին»,- եզրափակեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am