Սերժ Սարգսյան. Բադեն Բադենի արժանապատվությունը Հայաստանում

12-08-2017
7435 դիտում
Սերժ Սարգսյան. Բադեն Բադենի արժանապատվությունը Հայաստանում

Ես աղքատ երկրի հարկատու եմ: Սակայն ինձ ու հարուստ երկրի, ասենք, ԱՄՆ-ի հարկատուին միավորում է արժանապատվության զգացումը: Այսքանով ավարտվում է իմ ու նրա ընդհանրությունը:

Ես չեմ կարող իմ պետության փաստացի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, հարցնել, թե ինքն ի՞նչ գործ ունի Բադեն Բադենում: Ինքն ատում է մամուլը: Ինչպես, ի դեպ, զուտ ԿԳԲ-ական մելանխոլիայով աչքի ընկնող նրա մամուլի քարտուղարը: Նրանց հարց ուղղելն անիմաստ չէ, պատասխան սպասելն է անիմաստ:

Եվ հիմա Սերժ Սարգսյանն ի՞նչ է՝ Բադեն Բադենում իրեն խնամում է մե՞զ համար:

Ես ամռանն արձակուրդ չեմ գնում: Իսկ ձմռանը լռվում եմ տանը: Ես իմ աղքատության արժանապատվությունն եմ: Ո՞ւմ արժանապատվությունն է Սերժ Սարգսյանը: Ո՞ւմ համար է իրեն խնամում այդ մարդը: Իր թոռների՞: Թող դա փորձի անել այստեղ՝ Հայաստանում: Ինքն ո՞ւմ համար է 10 մարդ սպանել, ի՞նձ համար: Ո՞ւմ համար է 1998-ից կեղծել բոլոր համապետական ընտրությունները՝ բոլոր ինքնասպանների՞, որոնք միայն արժանապատվության զգացումից ուրիշին չեն սպանում: Ավելի աղքատացածների՞, կամ գուցե նրա՞նց համար, որոնք իր անունից դառնում են հանցագործ ընտրություններին: Ուսուցիչների՞, որոնց խնամված անաշխատունակ հայացքը մինչև քվե մուրացող դպրոցի տնօրենի մուննա՞թն է ձգում:

Բայց Հայաստանը միայն տականքները չեն: Եվ նույնիսկ այդ տականքները չեն պնդի, որ դուք իրենց համար եք ձեզ խնամում: Նրանք հարկատու են: Արդեն չեն պնդում: Ես երկու կեղծարար ուսուցչի գիտեմ, որոնք ընտրություններից հետո արտագաղթել են՝ ուղիղ Ռուսաստան: Որտեղ որևէ մեկին ընտրելու և որևէ ընտրությանը խառնվելու կարիք չկա: Էս պետության մեջ մարդիկ կան, որոնք Ագարակից հարևան Մեղրի երբևէ չեն գնացել: Գուցե նրանց համա՞ր է իրեն խնամում Սերժ Սարգսյանը: Ընդ որում, այդ մարդկանց հարկերով: Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու՝ պարոն Սարգսյանի մանկահասակ թոռնե՞րը, որոնք գուցե դեռ դժվարությամբ են ասում «խ» տառը:

Բադեն Բադենում այդքան հե՞շտ է կենտրոնանալ Սահմանադրությամբ ձեզ վերապահված պարտավորությունները սրբորեն կատարելու գործի վրա: Եկեք Արենի, վճարեք որևէ ընտանիքի և էս շոգին ապրեք նրա տանը: Տուրիզմի զարգացումը պոզով-պոչով չի լինում, հընթացս այդ ընտանիքն էլ իրեն խնամված կզգա: Գուցե նույնիսկ ձեր երբևէ չունեցած վարկանիշը մի թեթև տեղաշարժվի: Ձեր ամեն քայլից Հայաստանը պետք է շոյվի, ձեզանից պետք է ճառագի պետական արժանապատվությունը: Բադեն Բադենն ո՞ւմ է շոյում: Մենք արդեն տեսանք, թե ցողունային բջիջներն ինչ թանկ նստեցին Հայաստանի պետական բյուջեի և ցանկացած հայաստանցու ազգային արժանապատվության վրա. կյանքը վատացավ բոլորի համար, արտագաղթը բազմապատկվեց, ամեն ինչ թանկացավ: Էդ ցողունները շրջափակո՞ւմ են պետական կյանքի կաթվածահարման մասին ցանկացած տեղեկություն:

Ասե՛ք մեզ՝ ո՞ւմ համար եք ձեզ խնամում: Այն մո՞ր համար, որի զինվոր որդին վաղը խփվելու է սահմանին ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարի ձեռամբ: Մեկը պիտի շահի՞, եղբա՛յր: Խնամեք ձեզ, դա Սահմանադրությունը չի արգելում, բայց ձեր կարգավիճակը պահանջում է մատով ցույց տալ մեկին, որը շահում է, երբ դուք Բադեն Բադենում եք: Ում համար եք ձեզ խնամում՝ Վլադիմիր Պուտինի՞: Կամ՝ Իլհամ Ալիևի՞: Որոնք «խնամքի» նույն «դպրոցի» ներկայացուցիչ են: Բադեն Բադենում հանգստանալու ուղերձը ո՞րն է՝ որ Գերմանիայում դրա՞խտ կա: Թե՞ որ Մերկելը դա կգնահատի: Այսինքն` մենք հարկ ենք տալիս, որ կոմունիստական ձեր անցյալին ի հեճուկս կայացած Գերմանիայի դրա՞խտը ճանաչենք, թե՞ որ դուք Մերկելի աչքը մտնեք: Ձեր հանգստանալու տրամաբանության մեջ Հայաստանի հանդեպ խուճապ կա, իբր «յախք, էս ի՞նչ կեղտոտ պադյեզդ ա»: Եվ էդ կեղտոտ «պադյեզդի» համար ձեզանից պահանջվել է 10 հոգի սպանել և խփել այնքան տոկոս, որքան ուզում եք:

Որովհետև,- մի փոքր չլրջանա՞նք,- դուք Հայաստանը կառավարում եք նվաճողի տրամաբանությամբ, որը միշտ գիտի` ուր փախչել չխնամված տարածքներից: Այդպես անխնամ մնացին ազատագրված տարածքները, որոնք հանձնելու եք, տուրիստական երթուղիները, որոնք զուգարան են «մուրում», բյուջեն, որը մեռելի տանը պատմած անեկդոտի պես հեչ ծիծաղելի չէ: Այդպես անխնամ են Սահմանադրությունը, վարչապետի հայերենը, այդպես անխնամ է ամեն ինչ, բացի կամուրջներից, որտեղից նետվում են, պարաններից, որոնցից կախվում են, և զենքերից բացի, որոնցից կրակում են իրենց վրա:

Մհեր Արշակյան

MediaLab.am