«Կորուստն անդառնալի է ու հսկայական, ես չգիտեմ, թե ի´նչ ձևով է վերականգնվելու». Նազելի Վարդանյան

16-08-2017
7355 դիտում
«Կորուստն անդառնալի է ու հսկայական, ես չգիտեմ, թե ի´նչ ձևով է վերականգնվելու». Նազելի Վարդանյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը:

-Տիկի´ն Վարդանյան, «Խոսրովի անտառ» արգելոցում և Արտավանի անտառում բռնկված հրդեհները ցույց տվեցին, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ չէր նմանօրինակ աղետների դեմ պայքարելու: Այս օրերին պարզ դարձավ, որ չունենք հրդեհի մարման համար անհրաժեշտ տեխնիկա, այնինչ տարիներ շարունակ պաշտոնյաները այլ  ճոխ ծախսեր են կատարել: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

-Այստեղ մի քանի խնդիր է միմյանց շաղկապված: Առաջին այն է, որ Խոսրովի արգելոցի ռելիեֆն այնպիսին է, որ նույնիսկ տեխնիկա ունենալու պարագայում էլ շատ դժվար կլիներ այդտեղ որևէ գործողություն կատարել, որովհետև թեք լանջեր են, հնարավոր չէ մոտենալ: Մյուս կողմից` քամիները խոչընդոտում են հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը: Բայց մյուս կողմից էլ, այո´, եթե մենք տեխնիկա ու այլ հնարավորություններ ունենայինք, պարզ էր, որ գոնե այն տարածքներում, որտեղ հնարավոր էր, կարելի էր մոտենալ ու կանխել աղետը: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Ռուսական ինքնաթիռը, որ կանչվել է հրդեհի մարման համար, շատ թանկ արժի, չեմ կարծում, թե մենք այդ հնարավորությունը կունենանք: Բայց գոնե մի քանի ուղղաթիռ ու ավելի մեծ հնարավորություններով տեխնիկա կարող էինք ունենալ: Մանավանդ որ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից բազմիցս ծրագրեր են արվել հենց անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ: Պետք է կանխարգելել, որովհետև եթե հրդեհ եղավ, ինչ ուզում ես արա, ինքն իր վնասը տալիս է:

-Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում:

-Ինձ թվում է` պետք է մոբիլիզացիոն աշխատանքներ  կատարվեն, պետք է աշխատանքներում ներգրավեն և´ բնակչությանը, և´ բանակը, որովհետև կորուստները շատ մեծ են: Կրակն արդեն արգելոց է հասել: Գիհի ծառատեսակները, որոնք այրվում են, Կարմիր գրքում են գրանցված, բնական ճանապարհով չեն վերականգնվում: Այսինքն՝ կորուստն անդառնալի է ու հսկայական, ես չգտեմ, թե ինչ ձևով է վերականգնվելու:

-Բնապահպանական ի՞նչ խնդիրներ են առաջանում այդ տարածքի հրդեհի հետևանքով, ի՞նչ նշանակություն ունեն այդ անտառային տարածքները Հայաստանի բնության համար:

-Առաջինը` գիհին մեծ արժեք ունի, քանի որ գրանցված է Կարմիր գրքում: Բացի այդ, այն ծառերը, որոնք լանջերին են, հակաէրոզիոն նշանակություն ունեն, որովհետև այդ լանջերը հենց իրենց արմատային համակարգով են պահում: Հակառակ դեպքում այդ տարածքներում սողանքներ կլինեն, մենք այդ բուսածածկը կկորցնենք, անապատացման վտանգ կլինի: Առանց այդ էլ այդ տարածքները, որտեղ գիհուտներն են, կիսաանապատային գոտում են: Եթե դրանք էլ չլինեն, մենք լուրջ էրոզիոն ու անապատացման վտանգներ կունենանք:

- Արդեն Խոսրովի արգելոցում 10 հազար հեկտար կորստի մասին է խոսվում: Սա ի՞նչ հետևանք կունենա:

- Այո´, արդեն մեծ ծավալի վնաս կա Խոսրովում և չի դադարում: Անընդհատ այրվում է, որքան քամին բարձրանում է, այնքան վտանգն ավելի շատ է լինելու: Այնտեղ նաև հազվագյուտ կենդանիներ կան, որոնք Կարմիր գրքում են գրանցված՝ բեզոարյան այծը, հովազը և այլն: Ե´վ կերի բազան է վերանում, և´ բնակատեղին է վնասվում: Մենք նույնիսկ այդ վնասը հաշվարկելու մեթոդիկա չունենք, խոսքը բնապահպանական վնասի մասին է: Որպես կանոն՝ ասում են՝ տնտեսական վնասն այսքան է կազմել, բայց բնապահպանական վնասի մասին ոչ ոք չի խոսում, բայց պետք է գնահատվի դրա բնապահպանական վնասը կլիմայի, օդի աղտոտվածության, կենսաբազազանության, ջրի, հողի, հակաէրոզիոն գործընթացների վրա:

-Բայց դա գնահատելուց հետո իրավիճակը բարելավող ինչ-որ միջոցառում հնարավո՞ր է անել, թե՞ կորստի հետևանքներն անդառնալի են:

-Կա´մ մեղավոր անձանց պետք է գտնեն ու պատասխանատվության կանչեն, կա´մ եթե մեղավոր անձ չկա, բնակլիմայական պայմաններից է եղել, չգիտեմ ինչ է հնարավոր անել: Ես նույնիսկ չեմ հավատում, որ այդ վնասը հնարավոր է վերականգնել, որովհետև այնտեղ 50 աստիճանից բարձր թեքության լանջեր են, այդ թեքությունների վրա ինչ-որ բան վերականգնելը շատ դժվար կլինի: Այնտեղ ո´չ ջուր կա, ո´չ մոտենալու հնարավորություն, ռելիեֆն էլ է խոչընդոտում, որ որևէ աշխատանք տանեն: Մեր ժողովրդի գիտակցությունն էլ պետք է մի քիչ բարձրացնել: Այսքան ասում ենք` դաշտերը չի կարելի այրել, ասում են՝ Արտավանում բռնկված հրդեհը դաշտերն այրելու հետևանք է: Այդքան ասում ենք, օրենսդրությունը փոխվել է, մեծ տուգանքներ են նախատեսված, բայց ոչ ոք ոչինչ չի անում:

-Իսկ վերահսկողությունը պատշա՞ճ մակարդակի վրա է, որպեսզի հնարավոր լինի խուսափել նման աղետներից, կանխարգելիչ միջոցառումները բավարա՞ր են:

- Սովորաբար անտառագիտության մեջ կան մեխանիզմներ, թե ինչ պետք է ունենա անտառը: Անտառում պետք է լինեն խրամատներ, պետք է լինեն ջրի ավազան, կուտակված ջուր, ինչը հնարավորություն կտա հրդեհի ժամանակ արագ արձագանքել ու ինչ-որ ձևով կանխել դրանք: Այդ ամենը պետք է մեր անտառներում լիներ, որը չունենք: Դրա համար գումարներ պետք է ծախսվեն, բայց պետությունը գումար չի ծախսում մեր անտառի վրա, տալիս է միայն աշխատավարձի 80 տոկոսն ու բավարարվում դրանով:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am