«Հրդեհի հետեւանքները շատ լուրջ կարող են լինել… եվ թող չզարմանան, եթե վաղը արջերը բնակավայրերի վրա գան». Լեւոն Գալստյան

16-08-2017
8559 դիտում
«Հրդեհի հետեւանքները շատ լուրջ կարող են լինել… եվ թող չզարմանան, եթե վաղը արջերը բնակավայրերի վրա գան». Լեւոն Գալստյան

Արդեն մի քանի օրն է՝ շարունակվում են օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքները։ 16 կմ պարագծով հրդեհից 13,5 կմ պարագիծը մեկուսացվել է և մարվել: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2,5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

Բռնկված հրդեհից հիմնականում տուժել է գիհի ծառատեսակը, որը շուտ բռնկվող տեսակ է ՝ շուրջ 200 հա տարածքով: Հաշվարկների համաձայն` հրդեհի տարածքը ընդգրկել է 2,5-3 հազար հա, որի 8-10 տոկոսը անտառածածկ:

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, ով նոր է վերադարձել արգելոցից, «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ և՛ տեխնիկական, և կազմակերպչական ռեսուրսների պակաս կար, ինչպես նաև քթածակի, սրտացավության պակաս հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր այդ համակարգում են։

«Խոսրովի արգելոցի աշխատակիցները իրենց կոտորելով ինչ ասես անում էին, այդ նույն ժամանակ մյուսները նստած կարող էին հանգստանալ»,- պատմեց Լևոն Գալստյանը։

Նրա դիտարկմամբ՝ բնությանը հասցված վնասները հնարավոր չէ ո´չ հաշվարկել  և ո´չ էլ գնահատել։ Նրա խոսքով՝ մենք կորցրել ենք մի ամբողջ հսկայական էկոհամակարգ՝ իր ամեն ինչով։

«Դրա հետևանքները շատ լուրջ կարող են լինել և´ այդ տարածքի բնակլիմայական պայմանների փոփոխության, և´ նաև ջրերի գոյացման հետ կապված, որովհետև այդ անտառները ջրագոյացման աղբյուր էին։ Էլ չեմ ասում կենսաբազմազանության հսկայական կորուստ և միգրացիա իրենց տարածքներից։ Ես չգիտեմ՝ դա ի´նչ հետևանքներ կունենա։ Եվ թող չզարմանան, եթե վաղը արջերը բնակավայրերի վրա գան» - հավելեց Լևոն Գալստյանը։

Նրա խոսքով՝ որևէ երկիր բնական աղետներից ապահովագրված չէ, հարցն այն է, թե որքանո´վ են պետությունն ու ժողովուրդը պատրաստ այդ աղետներին դիմակայելու և մեղմացնելու դրա հետևանքները։

«Մի՞թե 20-30 հազար ոստիկաններից 10 հազար ֆիզիկապես պատրաստված ոստիկաններ չկա՞յին, որ գային աշխատեին։ Փաստը ցույց տվեց, որ և՛ պետությունը, և՛ ժողովուրդը դրան պատրաստ չեն։ Առաջին անգամ էր նման մեծածավալ հրդեհ, բայց համակարգի որակյալ և ադեկվատ լինելը պետք է այս իրավիճակում պարզ դառնար։ Ոչ ճիշտ գնահատականների, ոչ ճիշտ մոտեցումների, ինչպես միշտ, ուրիշի կարծիքը չլսելու, այլ բոլոր առաջարկները մերժելու մեծամտական մոտեցումը բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բերելու էին նման հետևանքների։ Նրանք կարծում են, որ իրենք ամենագետ են, ամեն ինչից հասկանում են, և իրենց որոշումները միշտ ճիշտ են։ Բազմաթիվ մարդիկ բազմաթիվ խորհուրդներ են տվել հենց առաջին օրը, սակայն մարդիկ որոշել են, որ իրենք ավելի լավ են հասկանում»,- հավելեց նա։

Ավելին, պարզվում է՝ ՌԴ օգնությանը դիմելու առաջարկը եղել է հենց հրդեհի երկրորդ օրը, բայց որոշել են չդիմել։ Լևոն Գալստյանի խոսքով՝ ասել են` ամո´թ է դիմենք Ռուսաստանին այս փոքր հեկտարների համար, իրենց մոտ հազարավոր հեկտարներ են վառվում։

Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանն էլ «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը բնապահպանական ողբերգություն է, տուժել են նաև կենդանիները, սողուններ և թռչուններ, որոնք տարածքից կհեռանան այնքան ժամանակ, մինչև էկոհամակարգը վերականգնվի։

«Ո՞ւր է մեր ԱԻՆ-ը, առաջին օրը կարող էին հրդեհը կանխել։ Սա անփութություն է, ոչ մեկն իր պարտականությունը ճիշտ չի կատարում։ Եթե բոլորն իրենց տեղում լինեին և իրենց պարտականությունները կատարեին, Ռուսաստանից պիտի՞ գային մեր հրդեհը հանգցնեին»,- ասաց բնապահպանը։

Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը «Խոսրովի արգելոցի» ղեկավարության բացթողումն է, անփութություն, անտարբերություն և իրենց պարտականությունները չկատարելու հետևանք։

Լուսանկարում՝ հրդեհված անտառը, «Ֆոտոլուր»

Մանե Հարությունյան

MediaLab.am