«Պետական տոնակատարությունների վրա տարիներով մսխվել են միլիոններ, մինչդեռ կարող էին ուղղվել առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը».  Վերլուծաբան

18-08-2017
6967 դիտում
«Պետական տոնակատարությունների վրա տարիներով մսխվել են միլիոններ, մինչդեռ կարող էին ուղղվել առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը».  Վերլուծաբան

«Մեդիալաբի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

- Պարո՛ն Սաֆարյան, վերջին օրերի անտառային հրդեհները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի կառավարման համակարգը պատրաստ չէ նմանօրինակ աղետների դեմ առնելուն: Հանրության կողմից, ինչպես ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ այսօր քննադատություններ են հնչում, որ պաշտոնյաներն իրենց ճոխությունների համար գումարներ են ծախսում, բայց տվյալ դեպքում հրդեհաշիջման տեխնիկա չի գնվել: Ի՞նչ եք արձանագրում:

- Մենք անկախության տարիներին և դրանից առաջ ունեցել ենք մի քանի խոշոր ֆորսմաժորային իրավիճակներ: Եվ եթե մինչ անկախության և վաղ անկախության շրջանը կարող էինք ուղղակի արդարացումներ գտնել, թե դեռևս պետականություն չունեինք, կախված էինք Մոսկվայից` ինչպես Սպիտակի երկրաշարժի դեպքում, կամ նոր ստեղծված պետականություն էր` ինչպես Արցախյան պատերազմի շրջանում, ապա այս վերջին տարիների իրադարձությունների համար արդարացումներն անընդունելի են: Իհարկե, արդարացումներ գտնելն իշխանությունների սիրելի զբաղմունքն է, բայց այդ արդարացումները որևէ կերպ հիմնավորված չեն:

Խնդիրն այն է, որ կլինի արտաքին հարձակման վտանգ, ինչպես 2014-ին էր և 2016-ի ապրիլին, թե ներքաղաքական հզոր ընդվզում ու անկայունություն, ինչպես 2008-ի մարտի 1-ին էր կամ «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ, կամ որևէ բնական աղետ, ինչպես Խոսրովի արգելոցի դեպքն էր, դրանք լավագույնս ցույց են տալիս, որ Հայաստանի կառավարումը, մեղմ ասած, արդյունավետ ու օպերատիվ չէ: Ցավոք, նման ֆորսմաժորային իրավիճակներին Հայաստանը դիմակայում է շատ մեծ դժվարությամբ, որոշումների կայացման ժամանակ ունենում է հապաղումներ, երբեմն չի էլ իմանում, թե ինչպես արձագանքի իրադարձություններին, ինչպես, օրինակ` «Սասնա ծռերի» դեպքում էր, կամ արձագանքում է անհամաչափ, ինչպես 2008-ի դեպքում էր, կամ արձագանքում է ուշացած, ինչպես Խոսրովի արգելոցի հրդեհի կամ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի դեպքում, երբ չհաջողվեց 100 տոկոսով վերականգնել նախնական դիրքերը: Սա ցույց է տալիս, որ առաջին` ունենք որոշումների կայացման մեխանիզմի, երկրորդ` պետական կառույցների պրոֆեսիոնալիզմի և ճկունության բացակայության խնդիր: Երրորդ` գործ ունենք հասարակության հետ օպերատիվ կապի, նրա ներուժն օպերատիվ կերպով օգտագործելու բացակայության հետ:

Այս հրդեհը հերթական մարտահրավերն է, որից մենք կարծես թե համառորեն չենք ուզում դասեր քաղել:

- Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությունն ընդունում է, որ համապատասխան տեխնիկական միջոցներ չունեն խոշոր հրդեհների դեմն առնելու համար: Պատճառաբանում են, թե դրանց համար ֆինանսական միջոցներ չկան: Որքանո՞վ են հիմնավոր այս պատճառաբանությունները:

- Այդ բացատրությունները մի կողմից հասկանում եմ` արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը կամ իր նախկինը սահմանափակվել են այն միջոցներով, որոք հատկացվում են պետական բյուջեից: Բայց եթե խնդիրը դիտարկենք այդ նախարարության հատկացումներից դուրս և ողջ պետական համակարգի ու բյուջեի մակարդակով, ապա ստիպված ենք կրկնելու այն, ինչ ավանդաբար ասել ենք ցանկացած մակարդակի բյուջեի դեպքում: Կատարվող ծախսերը, ցավոք, համարժեք չեն Հայաստանի իրական կարիքներին: Իհարկե, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի մեղքի բաժինը չկա այն բանում, որ ցածր մակարդակի մի չինովնիկի համար կարող է գնվել մի քանի տասնյակ հազար դոլարանոց շքեղ մեքենա: Եթե մենք ի նկատի ենք ունենում, որ ոստիկանության վրա ավելի շատ է ծախսվում, քան բանակի, կրթության կամ որևէ այլ ոլորտում, ապա մենք գործ ունենք աղճատված պատկերի հետ: Եթե մենք տեսնում ենք, որ պետական տոնակատարությունների վրա տարիներով մսխվել են միլիոններ, մինչդեռ դրանք կարող էին ուղղվել նմանատիպ առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը, բնականաբար, ԱԻՆ-ի ղեկավարության բացատրությունը քննադատության չի դիմանում: Այս կտրվածքով խնդիր է մնում այն, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը գույքագրում երկրի պրոբլեմները և որքան համաչափ միջոցներ է հատկացնում դրանց լուծման համար:

- Այսինքն՝ փող կա, բայց նպատակայի՞ն չի ծախսվում:

- Գոնե կա ինչ-որ գումար, որը կարող էր ավելի նպատակային ծախսվել, քան ծախսվել է մինչ այժմ:

- Այս իրավիճակում ի՞նչ լուծումներ եք տեսնում, ի՞նչ պետք է անել:

- Ժամանակակից աշխարհում անվտանգությունը միայն հակառակորդի հարձակման վտանգը չէ: Անվտանգությունը չի սկսվում միայն պետության սահմաններից, այլ սկսվում է քաղաքացու և իր միջավայրի պաշտպանության լիարժեք մեխանիզմներից: Ինչ էլ մենք իրականացնենք, դրանք դասվում են երկու խոշոր խմբի, երկու ֆունկցիաներն էլ ուղղակիորեն առնչվում են անվտանգության հետ: Առաջինը վտանգների կառավարման ու կանխատեսման գործառույթն է, երկրորդը` զարգացման գործառույթը: Իհարկե, ցանկացած պետություն ստիպված է մտածել, թե ինչպես արձագանքի արդեն իսկ առկա կամ շատ տեսանելի պոտենցիալ վտանգներին: Բայց առաջնային ու ոչ կարևոր են զարգացման ու առաջընթացի գործառույթները, որոնց մեջ մտնում է հասարակության իրազեկումը, թե ինչպես վարվել աղետների դեպքում կամ աղետների կանխարգելման հարցում:

Կարևոր է որոշումների կայացման շատ ավելի ճկուն համակարգի ստեղծումը, պրոֆեսիոնալ մարդկանց իրենց պաշտոններում նշանակելը, կարևոր է, որ համակարգը զերծ լինի կոռուպցիայից և այլ արատներից, որոնք ուղղակի և անդառնալի հետևանքներ են ունենում բոլորիս անվտանգության առումով: Շատ բան պետք է վերանայվի, վերանայումը համալիր պետք է լինի, մտածողության ու մոտեցման վերանայում պետք է լինի, թե չէ ուղղակի կարկատաններով պետություն չես ղեկավարի, կոսմետիկ և իրավիճակային փոփոխություններով անվտանգության ու զարգացման միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ չես լուծի:

Կարևոր է, որ հասկանանք մի բան՝ Հայաստանի Հանրապետությունն ինքը ծնվել է արտակարգ պատահարով, ինչպիսին Արցախյան կոնֆլիկտն է, Հայաստանն ինքն ապրում է արտակարգ իրավիճակում, և Հայաստանի անվտանգության խնդիրներին բառի բուն իմաստով արտակարգ ու արտառոց լուծումներ են պետք: Չի կարելի սպասել, որ խնդիրները խորանան ու կուտակվեն, դրանք փոխանցենք սերնդեսերունդ: Մենք արդեն տեսնում ենք, որ համակարգը ճռճռում է, երբեմն ի վիճակի չի լինում պատշաճ արձագանքելու այդ մարտահրավերներին: Եվ խնդիրը համակարգային լուծումների դաշտում է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am