«Արեւմուտքում ուզում են հասկանալ՝ արդյոք Երևանը այս հանդիպումից հետո նախկին գծի՞ մեջ է, թե՞ Ռուսաստանը նրան նոր գիծ է թելադրում». Ստյոպա Սաֆարյան

26-08-2017
5360 դիտում
«Արեւմուտքում ուզում են հասկանալ՝ արդյոք Երևանը այս հանդիպումից հետո նախկին գծի՞ մեջ է, թե՞ Ռուսաստանը նրան նոր գիծ է թելադրում». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

-Պարո´ն Սաֆարյան, որքանո՞վ են միմյանց հետ փոխկապակցված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխությունը և արդեն նախկին համանախագահ Հոգլանդի՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայտարարությունը: Ընդհանրապես այդ հայտարարությունն ու փոփոխությունը ի՞նչ են նշանակում հիմնախնդրի կարգավորման այս փուլում:

- Դա ամերիկյան կողմի համար նշանակում է ժամանակ շահել, քանի որ նոր համանախագահը, բնականաբար, պետք է ծանոթանա գործընթացին, դրա համար նրան ժամանակ է հարկավոր: Եվ որքան էլ Ռուսաստանը շտապում է, բնականաբար, ոչինչ չի կարող անել, քանի որ ԱՄՆ համանախագահը պետք է ծանոթանա իրավիճակին, տարածաշրջանին, ճանաչողական այցեր կատարի հակամարտության կողմեր և գոտի: Հետևաբար, այս կտրվածքով ես չեմ կարծում, որ ռուսական կողմն ուրախ է կատարված փոփոխությունից:

- Հոգլանդի հայտարարությունն այս օրերին բուռն քննարկվում է Հայաստանում: Ըստ ձեզ՝ ի՞նչ էր ուզում դրանով ասել ամերիկացի արդեն նախկին համանախագահը:

- Դա հետախուզում էր, նա փորձում էր հասկանալ՝ արդյոք Պուտինն այնպե՞ս է ճնշել Հայաստանը, որ Հայաստանը, ի տարբերություն նախկինի, այլևս չի լինի Վիեննայի պայմանավորվածությունների ջատագովը: Նախկինում Հայաստանը մշտապես արտահայտել է իր վերաբերմունքն այդ ուղղությամբ: Հոգլանդն ուզում է հասկացնել Ադրբեջանին ու Ռուսաստանին, որ եթե առարկայական բանակցություններ են ուզում, ապա այդ բանակցությունների շրջանակը կարող են միայն առաջարկվող կետերը լինել, որոնցից առաջինը Ղարաբաղի ստատուսի որոշումն է:

Ուշադրություն դարձրեք` նախկինում ստորագրված բոլոր փաստաթղթերում հակամարտության, այսպես կոչված, հետևանքները վերացվում էին, նոր վերջում ստատուսի խնդիրն էր որոշվում: 2016 թվականից հետո և առավել ևս այս հայտարարությամբ ուշագրավ է, որ առաջին տեղում ստատուսի հարցն է: Այսինքն՝ առաջին հերթին պահանջում են ստատուսի որոշակիացում: Եվ նաև սրանով հիշեցնում են, որ ռուսական խաղաղապահների մասին խոսք լինել չի կարող, այն պետք է լինի միջազգային: Եվ վերջապես ասվում է, որ հակամարտության լուծումը չի կարող լինել կիսատ-պռատ, ստատուսի հարցն անորոշ թողնելով, այլ պետք է լինի համալիր և համապարփակ: Այս կտրվածքով ուզում են հասկանալ՝ արդյոք Երևանը այս հանդիպումից հետո նախկին գծի՞ մեջ է, թե՞ Ռուսաստանը նրան նոր գիծ է թելադրում:

- Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը, ինչ-որ բա՞ն է փոխվել:

- Պաշտոնական Երևանի արձագանքը թերևս այն էր, որ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ  նախկինում համանախագահների կողմից արված հինգ հայտարարություններին: Դիրքորոշումն այն է, որ մեզ համար դա է առանցքը, և, բնականաբար, այդպիսով հասկացնում են, որ առարկայական բանակցությունների առումով որևէ բան չի փոխվել, իրենք, այսպես կոչված, Լավրովյան պլանի կողմնակիցը չեն: Հետևաբար, ԱՄՆ-ն անհանգստանալու առիթ չունի:

- ԱՄՆ համանախագահի այս հայտարարությունը հաջորդեց Սերժ Սերգսյանի՝ ՌԴ կատարած այցին և նախագահ Պուտինի հետ հանդիպմանը: Այսինքն՝ շաղկապվա՞ծ էին այս երկու իրադարձությունները:

- Միանշանակ: ԱՄՆ-ն մտածում էր՝ քանի որ նախապես հայտարարվել էր, որ այդ այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկվող թեմաներից մեկն է լինելու, քանի որ դա տեղի է ունենում սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին, և ռուսական կողմը շարունակում է սանկտպետերբուրգյան գիծը պահել, այլ ոչ թե Վիեննայի պայմանավորվածությունները, թերևս դա չէր կարող անհանգստացնող չլինել: Սրան գումարվում է Թուրքիայի և Ռուսաստանի սիրախաղը՝ սկսած S-400 համակարգերի մատակարարումից վերջացրած Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին տեղեկատվությամբ:

Դա չէր կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին, որ Մոսկվա-Անկարա-Բաքու եռանկյան ներսում ղարաբաղյան խնդրի միանգամայն այլ հանգուցալուծման միջոցով հնարավոր են վտանգներ հասունացվել Արևմուտքի շահերի համար: Եվ սրանով ԱՄՆ-ն հասկացնում է, որ որևէ մեկը նախկին գծից, սկզբունքներից ու փաթեթից շեղվելու իրավունք չունի: Եվ այս կտրվածքով Մինսկի խումբը լեգիտիմ է համարելու այն լուծումը, որը կհամապատասխանի այդ չափանիշներին: ԱՄՆ-ն սրանով փորձում է ստվերային դաշտից հանել Ռուսաստանին և Ադրբեջանին, նկատի ունենալով այն վախերը, որ կարող են Երևանին էլ տեղափոխել այդ ստվերային դաշտ, ինչն արել էին մինչև 2016 թվականի ապրիլյան պատերազմը:

- Ասել կուզի, ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու Թուրքիայի ցանկությունն այս փուլում պատահական չէ՞: Դա առնչվո՞ւմ է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցին:

- Ո´չ, պատահական չէ: Քանի որ հայկական խաղաքարտը կա բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ԵԱՏՄ-Թուրքիա, Ոուսաստան-Թուրքիա, Թուրքիա-Ադրբեջան, բնականաբար, ղարաբաղյան խնդիրը թերևս այս խաղաքարտերը խառնելու ամենալավագույն ուղին է, ինչը և անում է Ամերիկան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am