«Միակ բանը, որի համար արժե Ռուսաստանին շնորհակալություն հայտնել, դա կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը թողնի գնա այստեղից». Ռուբեն Մեհրաբյան

26-08-2017
9930 դիտում
«Միակ բանը, որի համար արժե Ռուսաստանին շնորհակալություն հայտնել, դա կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը թողնի գնա այստեղից». Ռուբեն Մեհրաբյան

Հայաստանը չպետք է Ռուսաստանին շնորհակալություն հայտնի, այլ հակառակը պետք է լինի՝ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է Հայաստանին շնորհակալություն հայտնի՝ իրեն մատուցած ծառայությունների համար: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:

Նկատելի էր, որ այդ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ շնորհակալություն էր հայտնում Պուտինին: Վերլուծաբանից հետաքրքրվեցինք՝ շնորհակալություն հայտնելու առիթ կա՞ր և ի՞նչ է դա նշանակում:

«Այստեղ նորություն չկա, ամեն անգամ, երբ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով գնում են Ռուսաստան, միշտ էլ չակերտավոր պատճառ գտնում են՝ շնորհակալություն հայտնելու: Դա դարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պրոտոկոլային բաղկացուցիչը, առանց որի ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի պաշտոյաները չեն պատկերացնում, որ կարող են հարաբերություններ լինել»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանն առիթ չունի այսօր Ռուսաստանին շնորհակալություն հայտնելու:

«Միակ բանը, որի համար արժե Ռուսաստանին շնորհակալություն հայտնել, դա կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը թողնի գնա այստեղից: Այդ ժամանակ կարելի է իրոք որ շնորհակալ լինել: Մնացած առումներով մի բան էլ Ռուսաստանը պետք է շնորհակալություն հայտնի Հայաստանին, ընդ որում շնորհակալություն այն ծառայությունների համար, որոնք Հայաստանը նրան մատուցել է: Դրանք եղել են ծառայություններ, որոնց Ռուսաստանն արժանի չէ: Դա այդ հարաբերությունների աննորմալության ևս մեկ դրսևորում է, որը մինչ օրս ունենք»,- հավելեց մասնագետը:
Անդրադառնալով այս հանդիպման պատճառներին՝ Մեհրաբյանն ասում է, որ չի կարծում, թե դա շրջադարձային այց էր:

«Ալիևի հետ հանդիպելուց հետո, այո, նաև պետք էր հայկական կողմի հետ հանդիպել: Թե ինչ կար Ռուսաստանի մտքին, ով ձեռնարկել էր այս հանդիպումները ծանր պատժամիջոցներն արդեն ուժի մեջ մտնելուց հետո, միանգամայն հասկանալի է: Ռուսաստանը չի ուզում, որ իր ազդեցությունը թուլանա հետխորհդրդային տարածքում, Հայաստանում և Ադրբեջանում մասնավորապես: Եվ այս ամենը կոչված էր այդ խնդրի ապահովմանը»,- «Մեդիալաբին» ասում է նա:
Թե հետագայում ինչ զարգացումներ կարող են լինել, Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, դա կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչքան ռեսուրս կունենա այդ խնդրի հետապնդումը շարունակելու համար: Մյուս կողմից էլ դա կախված է նրանից, թե ինչքանով դա թույլ կտա Հայաստանը: Եվ այստեղ շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կունենա Արևմուտքը:

«Դատելով այս վերջին զարգացումներից՝ դրանք գալիս են հաստատելու, որ Արևմուտքն ուղղակի այստեղ որևէ հստակ ռազմավարություն չունի: Վերջին ամիսների զարգացումներն են դա ցույց տալիս: Եվ Արևմուտքի քաղաքականությունն այստեղ սահմանափակվում է նրանով, որ ուղղակի թույլ չտան անկառավարելի պրոցեսներ»,- ասաց նա:

Ռուսաստանն այս պայմաններում կարող է առիթն օգտագործել, բայց որքանով դա կստացվի, սա է հարցը:

«Բայց մյուս կողմից էլ մենք տեսանք շահագրգռվածություն Արևմուտքի մոտ, որպեսզի ռուսական ջանքերից ոչինչ չստացվի»,- նշում է Մեհրաբյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am