«Շատերի երազանքն է Հայաստանը գուբերնիա տեսնելը և ռուսական թևի տակ կոռուպցիոն փողերը վայելելը, որն արդեն հնարավոր չէ». Անուշ Սեդրակյան

29-08-2017
5538 դիտում
«Շատերի երազանքն է Հայաստանը գուբերնիա տեսնելը և ռուսական թևի տակ կոռուպցիոն փողերը վայելելը, որն արդեն հնարավոր չէ». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

- Տիկի´ն Սեդրակյան, նախօրեին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզն անդրադարձել է ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի արդեն նախկին համանախագահ Հոգլանդի՝ վեց կետից բաղկացած հայտարարությանը, նշելով, որ Հոգլանդը խոսել և վերահաստատել է տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները: Նա նաև ասել է. «Ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ ուղերձ է Արևմուտքը փորձում հասցնել Հայաստանի իշխանություններին:

-Եթե ուշադիր լինենք, թե ինչ է կատարվում այսօր Միացյալ Նահանգներում, ապա պետք է հասկանանք, որ հստակ ջրբաժան է դրվում ամերիկացի նախկին համանախագահի և ԱՄՆ-ի ընդհանուր իսթեբլիշմենթի քաղաքականության միջև: Եվ դեսպանը, լինելով պետական մեքենայի լավ աշխատող ներկայացուցիչ, անմիջապես արձագանքում է իր երկրի իրական պետական քաղաքականության շրջանակներում, Հայաստանին հիշեցնելով, որ մենք անկախ երկիր ենք: Իհարկե, շատ ցավալի է, որ Հայաստանին դա պետք է հիշեցնել, շատ ցավալի է, որ Հայաստանն անտեսում է այն բոլոր հնարավոր բոնուսները, որ յուրաքանչյուր ողջամիտ պետություն և ողջամիտ իշխանություն քաղում է սուվերենությունից:

Սուվերենությունից թանկ երաշխիք և արժեք չկա պետության համար, բայց մեր իշխանությունն ի զորու չէ ընկալելու այդ պարզ փաստը: Միացյալ Նահանգները հիշեցնում է, որ աշխարհաքաղաքական արենայում դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենում: Եվ եթե այդ համատեքստում Հայաստանը թույլ տա Լեռնային Ղարաբաղի խնդրի միանձնյա կարգավորում ռուսական զորքերի կողմից, եթե Հայաստանը թույլ տա Ռուսաստանի կողմից սեփական ռեսուրսների մսխում, վատնում, սեփականաշնորհում, իսկ Ռուսաստանը դա անում է հենց Հայաստանի իշխանության ձեռքերով, ապա մեր ապագան, իսկապես, կարող է մշուշոտ լինել։

Եկեք չմոռանանք՝ ովքե´ր են ռուսական կողմի ներկայիս դրածոները Հայաստանում, և այդ համատեքստում պարզ է դառնում, որ Միացյալ Նահանգները ուղղակի հերթական հնարավորությունն է տալիս Հայաստանին արժևորելու իր սեփական գոյության տեսլականները, որոնք քանի գնում` պակասում են: Եկեք ուշադիր լինենք, որ մեր դիվանագիտությունն այնքան զրոյական է աշխատել, որ նույնիսկ ապրիլյան պատերազմի նման հզոր գործոնը որևէ առումով չի մտել ո´չ Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացի փոփոխությունների և ո´չ էլ դիվանագիտական հայտարարությունների ցանկ: Մինչդեռ ապրիլյան պատերազմը զինադադարի կոպիտ խախտում էր, իրավական, քաղաքական խոշոր կռվան, որից կառչելով՝ կարելի էր ազդել ընդհանուր դիվանագիտական պրոցեսի վրա: Եվ դա մենք չենք նկատում: Հենց այն փաստը, որ մեր դիվանագետները պնդում են, թե այս փաստաթուղթը հին փաստաթուղթ է, ինձ համար առավել քան զարմանալի է, որովհետև նրանք պետք է ասեին, որ դա ոչ թե հին փաստաթուղթ է, և նոր բան չկա, այլ, ընդհակառակը, նրանք պետք է ասեին՝ նոր բան կա, և այդ նոր բանը ապրիլյան պատերազմն է, և եկեք մենք արժևորենք բանակցություններն այդ դիրքերից:

- Հնարավո՞ր է ԼՂ խնդրի կարգավորման նոր փուլ այսօր: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը ասել է, որ եթե Հոգլանդի հայտարարության մեջ նորություն չկա, պատրաստ են առարկայական բանակցությունների: Որքանո՞վ է դա հավանական:

- Հետաքրքիր շարժ և ակտիվություն, այնուամենայնիվ, նկատվում են: Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին խոսում է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ամենակոշտ ձևով, և մեր ԱԳՆ-ն չի պատասխանում, ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին խոսում է ռուսական ռազմական և պետական մեքենայի ամեն «շուն ու շանգյալ», և մեր ԱԳՆ-ն չի արձագանքում, բայց հենց խոսում է ամերիկացի համանախագահը, մեր ԱԳՆ-ն արձագանքում է ամենաբարձր մակարդակով: Եկեք չմոռանանք, թե ինչ հազվադեպ է խոսում մեր արտգործնախարարը: Այսքանից հետո մենք պետք է հասկանանք` կա´մ մենք անկախ երկիր ենք, կա´մ էլ գտնվում ենք այնպիսի ողորմելի և ստորացուցիչ վիճակում, որ ԱՄՆ-ի դեսպանի ասածին հիմնականում անհամաչափ արձագանք եղավ:

Այդ արձագանքի անհամաչափությունը կուզեմ ևս մեկ անգամ շեշտել: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է` ԱՄՆ-ի դեսպանը չէ, որ մեզ պետք է ասի՝ ի´նչ անել, ո´նց անել: Հազար ներողություն, բայց եթե հարցը վերաբերում է սուվերենությանը, և այդտեղ մարդիկ, ռուսամերձ շրջապատը հանձնում է Հայաստանի անկախությունը, ապա գոնե այդ հանձնող շրջապատի ներկայացուցիչները, «անկախություն» բառը լսելիս, գոնե պետք է ատամները կրճտացնեն և լռեն, այլ ոչ թե ասեն, թե դա ԱՄՆ-ի դեսպանի գործը չէ: Ցավում եմ, որ հարցը հասել է դիվանբաշուն: Իհարկե, դա նախևառաջ մեր խնդիրն է և մեր տեսլականը, բայց մենք այդ տեսլականն արդեն քանի անգամ հաջողությամբ տապալում ենք:

- Առհասարակ հայկական դիվանագիտությունն ինչպե՞ս է արձագանքում այս հայտարարություններին, արդյոք արտգործնախարար Նալբանդյանը համարժե՞ք է արձագանքում:

- Եկեք հասկանանք, որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ էլ Ռուսաստանի և ո´չ էլ որևէ մեկի դիվանագիտությանը չի կարելի մեղադրել, որովհետև ամեն մեկը շարժվում է սեփական օգուտի համաձայն: Ինձ համար մեկ հարց է խնդրահարույց՝ ինչո՞ւ Հայաստանը չի շարժվում իր պետական շահով, ինչո՞ւ է սպասարկում այն գերտերության շահերը, որն իր ստրատեգիական թշնամուն՝ Ադրբեջանին, զենք է վաճառել, զենք է վաճառում իր պոտենցիալ ստրատեգիական թշնամուն՝ Թուրքիային, ընդ որում, այն Թուրքիային, որն արդեն թեքվել է աշխարհիկ ուղուց, թեքվել է ժողովրդավարական ուղուց և թեքվել է արևմտական ուղուց:

- Դեսպանը նաև նշել է՝ «ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար»: Սա բավականին քննադատաբար ընդունվեց, ինչո՞ւ:

- Ուղղակի ամոթալի է, որ անկախությունից 27 տարի անց ոմանց պետք է համոզել, որ անկախությունը լավ բան է: Ես, իհարկե, հասկանում եմ, թե քանի հոգու երազանքն է Հայաստանը գուբերնիա տեսնելը և ռուսական թևի տակ կոռուպցիոն փողերը վայելելը, բայց արդեն դա էլ հնարավոր չէ: Ուզում եմ տեղեկացնել, որ ամերիկյան վերջին պատժամիջոցների դեպքում հետապնդվելու են բոլոր կեղտոտ փողերը, և դրա մասին ռուսական էլիտան հրաշալի տեղյակ է, հայկական էլիտան ինչո՞ւ տեղյակ չէ:

Արևմուտքի ուղերձը շատ հստակ է, Աստված մի արասցե, որ Արևմուտքը մեզ դադարի ընկալել իբրև հեռանկար և մտածողության շանս ունեցող երկիր: Մենք էլ, ի վերջո, կարող ենք դառնալ մի Ռուսաստան, որին ոչնչացնելը դժվար էլ չէ: Առայժմ մեզ փորձում են տարանջատել խորտակվող նավից, իսկ մենք, տեսեք-տեսեք, չենք ուզում, ուզում ենք հլու-հնազանդ խորտակվել «Տիտանիկի» հետ:

Մանե Հարությունյան

MediaLab.am