«Դիպուկահարի միջոցով վնասազերծելը գուցե հնարավոր հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդել». Իրավապաշտպան

30-08-2017
9488 դիտում
«Դիպուկահարի միջոցով վնասազերծելը գուցե հնարավոր հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդել». Իրավապաշտպան

Ոստիկանության կողմից դիպուկահարի միջոցով մարդուն վնասազերծելու և սպանելու օպերացիան փաստեց, որ Հայաստանի ոստիկանությունը պրոֆեսիոնալ չի գործում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին:

«Ոստիկանությունն այնքան է թողտվության մթնոլորտում գործել, այնքան է իրեն ազատություն տվել, որ զուրկ է պրոֆեսիոնալիզմից: Խայտառակություն է, որ հասարակությանն են նման գործողությանն ականատես դարձնում: Սա ինձ հիշեցնում է միջնադարում մարդկանց կողմից թամաշային մասնակցելը, երբ որևէ մեկին հրապարակային տանջում ու պատժում էին: Սա միջնադարյան միջոցառում էր»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Ուիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում 31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու։ Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել էր ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։ Ըստ ոստիկանության և Քննչական կոմիտեի՝ կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել: Ոստիկանների կողմից հատուկ գործողություն էր իրականացվել, որի ժամանակ տղամարդը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Գոռ Հակոբյանը վերջերս էր արտաքսվել Հայաստան ԱՄՆ-ից, որտեղ սպանության համար դատապարտված էր եղել:

Տարիներ շարունակ Հայաստանի ոստիկանությունը միջազգային կազմակերպություններից միլիոնավոր դոլարների աջակցություն է ստացել՝ բարեփոխումների իրականացման համար: Սակայն այս միջադեպը ցույց տվեց, որ ոստիկանությունը պրոֆեսիոնալ չի գործում:

«Ես վայրկյան իսկ չէի կասկածում, որ Հայաստանի ոստիկանության կողմից վնասազերծումը լինելու է մահվան ելքով, այնինչ կարելի էր բարձր պրոֆեսիոնալիզմ ունենալ և մարդուն կյանքից չզրկել: Մենք մեր ոստիկանությանը երբեք չենք տեսնում կատարելագործված ու իրավիճակները կարգավորելուն պատրաստ: Ոստիկանության դերը Հայաստանում միայն բողոքի ակցիաների կամ քաղաքական իրավիճակների վրա ներգործություն ունենալն է, ակտիվիստներին ու լրագրողներին բռնության ենթարկելը: Իսկ սա պրոֆեսիոնալիզմ համարել չի կարելի»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ ցավալին այն է, որ պետական կառույցներից որևէ մեկը, այդ թվում՝ Օմբուդսմենի գրասենյակը, հայտարարությամբ հանդես չեկավ: Որևէ կառույց չի խոսում այն մասին, թե ինչու այդպես եղավ: «Ի վերջո, գուցե այդ երիտասարդը հիվանդ էր, սա շատ ողբերգական դեպք էր, և մենք մասնակից դարձանք այդ ողբերգությանը: Չկա նաև այն վստահությունը, որ կարելի է օբյեկտիվ քննություն կատարել և տեսնել, թե ինչ էր ուզում այդ երիտասարդը, որովհետև նա արդեն չկա: Հանրությունն էլ, ի վերջո, չիմացավ, թե ի՛նչ էր տեղի ունեցել, ո՛րն էր նրա պահանջը, լրատվամիջոցները միայն կցկտուր տեղեկություններ են տարածում: Ոստիկանությունը պարտավոր էր հայտարարությամբ հանդես գալ: Եթե այդ կառույցը մարդկանց աչքի առաջ էր կատարում այդ գործողությունը, պետք է բարձր պատասխանատվություն ունենար հանրության առաջ: Իսկ ո՞վ պետք է պարզաբանում տա: Դիպուկահար եք բերել, մարդուն խփում սպանում է, էդ դիպուկահարն ուրիշ ընդունակություն չունի՞, թող մարդուն վիրավորեր ոտքից, ուսից»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ցանկացած իրավապահ մարմին, եթե գործի միայն օրենքի, Սահմանադրության և մարդու իրավունքների տրամաբանության շրջանակներում, ապա նրա պատրաստվածությունը, կադրային և ինստիտուցիոնալ բարեփոխումները միտված կլինեն հենց այն ճգնաժամային ու սահմանային իրավիճակներում պատշաճ գործելուն, որում պարբերաբար նրանք հայտնվում են: Այսինքն՝ եթե այդ մարմինները զերծ լինեն քաղաքական որոշումների կատարման պարտադրված կանոններով գործելուց, ապա թե՛ նրանց բարեփոխումների ծրագիրը, թե՛ վերապատրաստումը արդյունավետ կլինեն և թե՛ նրանց զինվածությունն ուղղված կլինի հենց համապատասխան որակի ապահովմանը, որ նման ծայրահեղ իրավիճակներում կարողանան համաչափ գործել:

«Տվյալ դեպքում ոստիկանության գործողությունները ցույց տվեցին, որ նախ՝ տարրական անվտանգության պայմաններ չեն ապահովվել: Օրը ցերեկով բազմամարդ վայրում կատարեցին գործողություն: Դա բացարձակապես անպատասխանատու վերաբերմունք էր հենց մարդկանց նկատմամբ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Երկրորդ՝ նրա խոսքով, ուժի ցուցադրում կատարվեց, որը հասկանալի չէր մարդկանց: Խոսքը վերաբերում է դիպուկահարի կրակոցով մարդու վնասազերծման գործողության անհամաչափությանը: Եվ դա լավագույն օրինակ է ծառայում շրջապատի համար, որ խնդիրները կարող են լուծել հրազենի գործադրմամբ: Եվ դրանից հետո պայքարել զենքի կամ ուժի միջոցով խնդիրների լուծման դեմ, դա, իրավապաշտպանի խոսքով, աբսուրդ ու անտրամաբանական է:

«Հաջորդ՝ այն հիմնավորվածությունը, թե իբր բանակցություններն արդյունք չեն տվել, միայն խոսքեր են: Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ՝ հանրությանը համոզելու, որ իրապես սպառված են եղել պատանդին ազատելու բոլոր միջոցները: Ավելին, այն, որ պատանդի վրա կան վնասվածքներ, փաստում է այն մասին, որ նա երկար ժամանակ է գտնվել կա՛մ այդ անձի, կա՛մ այլ անձանց հսկողության ներքո: Իսկ դա նշանակում է, որ այս իրավիճակի համար, որում հայտնվել էին թե՛ պատանդը, թե՛ պատանդառուն, նաև ուղղակի պատասխանատվություն ունի ոստիկանությունը: Ինչո՞ւ՝ որովհետև անձը, ով կատարել է այդ հանցագործությունը, առավել քան հայտնի է եղել ոստիկանությանը: Եթե հայտնի չի եղել, դա իրենց բացթողումն է, քանի որ ըստ որոշ հրապարակումների՝ նա քրեական աշխարհի հետ շփված անձ է»,- ասում է Սաքունցը:

Այս ամենը, ըստ նրա, հիմք է տալիս ենթադրելու, որ նրա նկատմամբ դիպուկահարի կրակոցը նպատակային է եղել: Այսինքն՝ բանակցություններին էական դեր չի տրվել, որպեսզի բանակցությունների միջոցով պատանդին ազատեին:

«Ավելին, դիպուկահարի կրակոցը, որը հանգեցրել է մահվան, խոսում է այն մասին, որ դա ունեցել է նաև պատժիչ նշանակություն: Նրան կարող էին այնպես վնասազերծել, որ չմահանար: Իսկ ողջ լինելու պարագայում դեռ հայտնի չէ, թե այդ անձը ինչեր կպատմեր, որոնց հիման վրա կարող էին շատ ավելի լուրջ հարցեր առաջադրվել ոստիկանությանը: Այսինքն՝ սա կարծես հնարավոր հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդել»,- հավելեց Արթուր Սաքունց:

Լուսանկարը՝ ՀԺ

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am