Հայաստան-Ֆրանսիա. սեպտեմբերի մեկը գիտելիքի տոն է, ոչ թե դպրոցական փառատոն «Ալամեզոն» Բլոգ

31-08-2017
1042 դիտում
Հայաստան-Ֆրանսիա. սեպտեմբերի մեկը գիտելիքի տոն է, ոչ թե դպրոցական փառատոն «Ալամեզոն» Բլոգ

Դեռ խորհրդային տարիներին «միահամուռ, միանման, մի գույնի համազգեստը» դպրոցում համարվում էր նորմա: Ոչ ոք չէր դժգոհում թերևս նրա համար, որ համազգեստը կոպեկներ արժեր, չինովնիկների երեխաներն էլ տարբերվում էին միայն գեղեցիկ և «իմպրտնի» կոշիկներով: 

Սովետը փլուզվեց, բայց սովետական դինոզավր դասատուների, տնօրենների մեծ մասը հո կանգուն է: Արդեն 20 տարի է` նույն սցենարով. փո՛ղ հավաքեք, ծաղի՛կ բերեք, նվե՛ր բերեք, տո՛րթ բերեք, ա՛ջ կանգնեք, ձա՛խ երգեք և այլն, և այլն: Ու ամեն ինչ այդքան տարօրինակ չէր լինի, եթե մայրիկների 70%-ը մեծ սիրով չմասնակցեր սեպտեմբերի մեկի այս արհեստական արարողությանը... 

...Դե բա` էրեխեն առաջին անգամ է գնում, մի ծաղիկն ի՞նչ ա... 

.... Բա կոկիկ, սիրուն չհագնվի դպրոց գնալիս... 

... Եվ հետո` տոնական նկարները պահպանվեն, միահամուռ, գեղեցիկ, շքեղ..

Դեմ չեմ, ամեն մեկն իր գեղագիտական նախասիրություններն ունի, բայց եկեք տեղափոխվենք այլ իրականություն:

Ֆրանսիա

Նկարում Էլիան (Եղիա) է` սեպտեմբերի 1-ին: Հետևում նաև այլ երեխաներ կան իր դասարանից` ծնողների հետ: Ոչ մի ծաղիկ, նվեր, պարտադրված համազգեստ կամ հատուկ արարողություն: Երեխան դասի է գնում այն հագուստով, որը հարմար է, կամ ծնողը կարող է իրեն թույլ տալ: Ամեն ինչ հանգիստ և բնական: Արդյոք երեխան կոմպլեքսավորվո՞ւմ է, կամ այս ամենը կազդի՞ երեխայի սովորելու վրա` չեմ կարծում: Երբ հասարակությունն առողջ է, երեխան կոմպլեքսավորված չի մեծանում: Միգուցե կան համազգեստ պահանջող գիմնազիաներ, հոգևոր դպրոցներ, բայց դրանք փակ են և վճարովի, ընտրությունը ծնողինն է, սեփական կամքով է վճարում: Մորաքրոջս տղան` Էլիան, հաճախում է կենտրոնում գտնվող ամենասովորական հանրակրթական դպրոց: 

Իմ առաջին սեպտեմբերի մեկը Հայաստանի համար դժվար 1992-ին էր, ոչինչ չեմ հիշում, ավելի կարևոր խնդիրներ կային, ազգովի սոված էինք և անհույս: Ավարտական տարին` արդեն 2002-ը, կրկին գումար էինք հավաքում նույնանման զգեստների, նվերի, ծաղիկների, քեֆի... Լավ հուշեր են մնացել միգուցե դասընկերներիս մոտ, բայց ոչ իմ, ընտանեկան բյուջեն շատ սուղ էր: Ինչ արած, ես այդպիսին եմ` բողոքական, մռայլ, վատը նկատող` միգուցե ասեն այլակարծիք մարդիկ: Բայց գիտե՞ք` դժվար է լավը նկատել այս արարողության մեջ, երբ ֆեյսբուքյան էջիս ամեն երկրորդ հայտարարությունն է`այս կամ այն ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքը չի կարողանում երեխային դպրոց ուղարկել.

Օգնե՛ք գնենք դպրոցական կոշիկ կամ համազգեստ: 

Այս ամենը տեսնելով` չես կարող ուրախ լինել և տոնական, հատկապես տանջում է այն միտքը, որ անհնար է բոլորին օգնել: Իսկ տարակարծիք ծնողները կարող են դիմել, դպրոցական համազգեստ կամ հագուստ չունեցող ընտանիքների կոնտակտներ կարող եմ հերթով փոխանցել:

Սեպտեմբերի մեկը գիտելիքի տոն է, ոչ թե դպրոցական փառատոն, ընկերնե՛ր:

Հույս ունեմ` սերունդ կմեծանա` զերծ ամեն տեսակ ձևական և ոչ կարևոր ավանդույթներից: 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog