«Մեր արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում թե՛ ժամանակի և թե՛ ժողովրդի՝ անվտանգություն ապահովելու պահանջներին». Լարիսա Ալավերդյան

01-09-2017
4859 դիտում
«Մեր արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում թե՛ ժամանակի և թե՛ ժողովրդի՝ անվտանգություն ապահովելու պահանջներին». Լարիսա Ալավերդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

- Տիկի´ն Ալավերդյան, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է, որ ապրիլյան պատերազմի օրերի Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցների փաստաթղթերում հստակ գնահատականներ չկան: Արդյոք սա մեր դիվանագիտական աշխատանքի թերացո՞ւմը չէ։

- Նախևառաջ հիշեցնեմ, որ տարիներ շարունակ տարբեր փորձագետներ, այդ թվում՝ ես, գրեթե ապարդյուն, անընդհատ խոսում ենք այն մասին, որ աշխարհի պատկերացումն Արցախի մասին ամենևին չի համապատասխանում իրականությանը, և միշտ ընդգծել եմ, որ սա արտաքին քաղաքականության թերացումն է։ Եվ գնահատել միայն դիվանագիտական կամ պառլամենտական կորպուսը` ճիշտ չէ։ Կարծում եմ, սա պատասխանատու անձանց՝ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների թերացումն է։

- Սա նրա՞նց ձախողումն է։

- Տարիներ շարունակ շփումներ եմ ունեցել ամենատարբեր հարթակներում, ամեն անգամ ստիպված եմ փորձել բացատրել, որ արցախյան հարցի՝ Ադրբեջանի կողմից ստի վրա հիմնված և տարածված տեսակետներն ու գնահատականները, իսկ Հայաստանի կողմից` վերին աստիճանի պասիվ, ես կասեի` զարմանալի համաձայնողականությունը, անշուշտ, նշանակություն են ունեցել, և մենք այսօր տեսնում ենք ահա այս պատկերը: Մի օրինակ բերեմ ապրիլյան դեպքերից. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն իր տարեկան զեկույցում ավելի քան տարօրինակ բան էր գրել, թե մենք ստանում ենք իրար հակասող տեղեկատվություն, և քանի որ այդ վայրը հասանելի չէ, մենք չունենք մեր կարծիքը։ Եվ սա առավել քան զարմանալի է, հատկապես այն դեպքում, երբ կար մարդկանց մեծ «սև ցուցակ» և այլն։ Եվ եթե ՄԱԿ-ը չի կարողանում իր վրա վերցնել իր սուրբ պարտականությունը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, ցանկացած տարածքում, անկախ կարգավիճակից, կարող է դիմել որևէ միջազգային կազմակերպության, նրան, ում վստահում է։ Եվ սա ապացուցում է, որ չկա իրական պատկերացում թե՛ Արցախի հիմնահարցի և թե՛ ապրիլյան դեպքերի մասին։

Երկրորդ խնդիրը, որ անհրաժեշտ է ընդգծել. որքան էլ բացատրես իրավական հիմքերը, ցեղասպանության վտանգի ներքո գտնվող արցախահայության խնդիրը, միևնույն է, մենք պետք է հստակեցնենք, որ նման աշխարհաքաղաքական իրավիճակում որոշ պետությունների ազգային շահերը գերադասվում են մարդու իրավունքների պաշտպանությանը։ Եվ սա նշանակում է, որ ոչ թե պետք է զարմանալ, այլ պետք է փորձել գտնել այնպիսի մեխանիզմներ կամ միջազգային հարթակներում այնպիսի սուբյեկտներ, որտեղ կարող ենք դաշնակից ունենալ։

Երրորդ՝ ինչու եմ ասում, որ մենք չենք կարողացել ճշմարտությունը հասցնել այն միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում ենք: Ցո´ւյց տվեք ինձ որոշումներ, որոնք ընդունվել են այդ կազմակերպությունների կողմից, ընդգրկվել քաղաքական կամ հերթական օրակարգում  և ունեցել են որևէ արդյունք։

Այսինքն՝ այս երեք հանգամանքները վկայում են, որ մեր արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, արցախյան հիմնահարցի շուրջ, բոլորովին չի համապատասխանում թե՛ ժամանակի և թե՛ ժողովրդի՝ անվտանգություն ապահովելու պահանջներին։

- Ապրիլյան պատերազմի օրերին փորձագետները նշում էին, որ ապացուցողական բազմաթիվ փաստեր կան` հաշվի առնելով նաև հրապարակված խոշտանգումների կադրերը: Փաստորեն արձանագրում ենք, որ մեր դիվանագիտությունն ամբողջությամբ թերացե՞լ է իր աշխատանքում։

- Խնդիրը հետևյալն է. երբ մի խումբ իրավաբաններ ստանձնել են տուժող կողմի անունից հանդես գալու և գործերը ՄԻԵԴ-ում ներկայացնելու պատասխանատվությունը, մնացած հաստատությունները կարծես թե անգործության են մատնվել։ Ճիշտ է, այդ իրավաբանական խմբերն աննախադեպ մեծ ծավալի աշխատանք են կատարել, այդ թվում նաև` մեր կազմակերպությունը, որը զբաղվել է սպանված երեխայի և վիրավոր երեխաների հարցերով, օրինակ՝ դպրոցի թիրախային ռմբակոծմամբ:

Սակայն եթե մի խումբ գործը ներկայացնում է ՄԻԵԴ, նա չի կարող պաշտոնապես կամ հրապարակայնորեն բազմաթիվ բաներ հայտարարել, քանի որ դա կարող է ՄԻԵԴ-ի կողմից ընկալվել որպես ճնշում և, հետևաբար, որպես հիմք ծառայել ընդունված գանգատը կասեցնելու և չքննարկելու: Եվ այս դեպքում արդարացված է, որ իրավաբանական խմբերը չպետք է դիմեն այդպիսի ռիսկի, քանի որ իրենք իրենց գործն արել են:

Եվ այստեղ հարցն այն է, թե այս իրավիճակում մնացած գործն արվե՞լ է պատշաճ ձևով, մնացած հաստատությունները, լինի դիվանագիտական կորպուսը թե պառլամենտական, որն էլի ինչ-որ բաներ է արել, մենք պետք է տեսնենք դրա արդյունքը, ասենք, մտցվա՞ծ է այդ հարցը քաղաքական օրակարգ, և կա՞ որոշում, կամ ինչ-որ խմբեր այլ պետությունների կողմից, որոնք հանդես են գալիս ինչ-որ հայտարարությունների ձևով։ Կամ` արդյոք ճի՞շտ են բաժանվել գործերը, թե որո´նք պետք է գնային ՄԻԵԴ, իսկ որո´նք` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով, կամ այլ հարթակներում մենք ինչպե´ս պետք է հանդես գայինք։

Մենք ԱՊՀ-ում ունենք խորհրդարանական վեհաժողով, ի՞նչ է արվել այստեղ։ Ընդգծեմ, որ մասնավորապես Նաիրա Զոհրաբյանն ակտիվ գործ է արել, բայց կրկնում եմ` արդյունքում պետք է ինչ-որ որոշում լինի։ Կամ լրիվ այլ հարց է Սարսանգի հարցը. վտանգը եղել է և մնում է, արդյոք կարողացե՞լ ենք այդ հարթակներում դաշնակիցներ գտնել, որ կարողանանք այդ հարցը նորից բարձրացնել և ցույց տանք, որ ԵԽԽՎ-ն այդպիսի որոշումներով ինչ-որ տեղ խրախուսել է Սարսանգի շուրջ գործողությունները և ընդհանրապես Արցախում։ Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ ոչ թե ոչինչ չի արվում, այլ այն մասին, որ շտեմարանը, որը գոյություն ունի, չի օգտագործվում։ Ես, ինչպես նաև շատ փորձագետներ, համոզված ենք, որ Հայաստանը հենց ապրիլի 4-ին կամ 5-ին պետք է դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Հայաստանը չդիմեց, Ադրբեջանը, հինգ օր սպասելով, ապրիլի 7-ին ինքը դիմեց՝ մեղադրելով Հայաստանին այդ գործողությունները վերսկսելու մեջ։ Եվ եթե դիմել է Ադրբեջանը, կարևոր չէ` ճի՞շտ է նա, թե՞ ոչ, դիտարկվելու է, որ նորից որպես նախաձեռնող հանդես է եկել Ադրբեջանը։ Սրանք պարզ օրինակներ են, որոնք ապացուցում են, որ չի արվել այն, ինչ պետք է արվեր։

- Ադրբեջանը Հայաստանի դեմ 500-ից ավելի հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ։ Սա մտահոգիչ չէ՞։

- Ճիշտն ասած, ոչ թե մտահոգիչ է, այլ սովորական: Ես պետք է վերհիշեմ Ադրբեջանի կողմից հերթական մարդատյաց քաղաքականությունը, այն է՝ զենք ու զրահ տեղադրել գյուղում, և խաղաղ բնակչության շրջանում երկու զոհը՝ տատիկն ու երեխան: Փաստորեն անգամ դա, համոզված եմ, արվել է, որ պարիտետ ստեղծվի ապրիլի 2-ի զոհերի ու վիրավորների և խաղաղ բնակչության զոհերի միջև։

Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ այս ամենը պահանջում է ուժերի շատ ավելի մեծ լարում, քան մինչև հիմա ցուցաբերել ենք։

- Ի՞նչ ակնկալել այս պահին այս գործընթացից։

- Ուզում եմ այստեղ տարանջատենք՝ ՄԻԵԴ-ը անկախ դատական մարմին է։ Ճիշտ է, մեծ նշանակություն ունի վերջնական վճիռները կայացնելու ժամանակ այն մթնոլորտը, որում կայացվում է։ Համոզված եմ, որ կատարված աշխատանքը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչինչ չի արել կոնկրետ հանցագործությունների արդյունքների դատաիրավական տեսանկյունից։ Խոսքն այն մասին չէ, որ ՄԻԵԴ-ը չի ընդունելու որոշում, որ Ադրբեջանը կրակել է։

ՄԻԵԴ-ը ընդունել է որոշում, որ, օրինակ` տեղի չի ունեցել պատշաճ ուսումնասիրություն, զոհերը չեն կոմպենսացվել, իրավունքները չեն վերականգնվել և այլն։ Մենք պետք է հասկանանք, որ ՄԻԵԴ-ը չի կայացնում պատժելու կամ դատապարտելու վճիռ, բայց նախքան վերջնական վճիռը կան այնպիսի դիտարկումներ, որոնք ունեն ոչ միայն իրավական, այլև կարող են ունենալ նաև քաղաքական նշանակություն։ Բավականին մեծ ծավալով իրավաբանական աշխատանք արվել է, բայց պետք է լինի պետական բոլոր հարթակներում, պետական բոլոր մարմինների և իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքը։

Մանե Հարությունյան

MediaLab.am