«Եթե Ռուսաստանը մեկ գնդակ կամ մեկ դանակ է վաճառում Ադրբեջանին, դա մեզ համար տհաճ է, բայց Ռուսաստանը պետություն է, որն ունի իր շահերը». ՀՀԿ պատգամավոր

02-09-2017
7674 դիտում
«Եթե Ռուսաստանը մեկ գնդակ կամ մեկ դանակ է վաճառում Ադրբեջանին, դա մեզ համար տհաճ է, բայց Ռուսաստանը պետություն է, որն ունի իր շահերը». ՀՀԿ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

- «Բազե» հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Եվրամիության հետ նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին, որովհետև արդեն նախաստորագրվել է։ Ձեր կարծիքով` այն կյանքի կկոչվի՞, թե՞ կկրկնվի 2013-ի սեպտեմբերի 3-ը, երբ մեկ գիշերում Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը և հրաժարվել Եվրամիության հետ ասոցացումից։

- Չի կարող նման բան լինել, որովհետև իրավիճակներն են տարբեր։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը, ըստ էության, բանակցում էր միաժամանակ ԵՄ-ի և Ռուսաստանի հետ։ Երբ ԵՄ-ն հայտարարեց, որ «և-և» չի լինի, համաձայնագիրը չստորագրվեց։ Ես լավ հիշում եմ, որ Հայաստանը հայտարարեց, որ եթե ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը խնդիր է, եկեք քաղաքական մասը ստորագրենք, ինչին ԵՄ-ից ասացին, որ փաթեթով պետք է ստորագրվի։ Կյանքը ցույց տվեց, որ հայկական դիրքորոշումը շատ ավելի արդյունավետ էր, և ԵՄ-ն, ի վերջո, որոշեց գնալ քաղաքական ճանապարհով, և քաղաքական մասով բանակցությունները շարունակվեցին։ Մենք այսօր ունենք փաստաթուղթ, որը, ամենայն հավանականությամբ, նոյեմբերին կստորագրվի, որևէ խոչընդոտ չկա, դրա նախադրյալներն էլ չկան։ Նախագահի խոսքը, թերևս, դրա ամենավառ ապացույցն է։ Այստեղ իրավիճակներն են տարբեր, և պետք չէ ներկայի խնդիրները պայմանավորել անցյալով։ Դրանք տարբեր իրավիճակներ են։ Նոյեմբերին մենք ԵՄ-ի հետ կունենանք շատ լավ մի փաստաթուղթ, որը մեր հարաբերությունները մեկ քայլ առաջ կտանի, և ավելի բարձր մակարդակի հարաբերություններ կունենանք։

- Ինչո՞ւ եք ասում՝ ամենայն հավանականությամբ։ Կասկածներ կա՞ն։

- Կասկածներ չկան, ես նշեցի, որ խոչընդոտների որևէ նախադրյալ չկա։ Ուղղակի պետք է փաստաթուղթը ստորագրվի։ Եթե ԵՄ-ն խնդիրներ չի տեսնում, ապա Հայաստանն ամենաբարձր մակարդակով խնդիրներ չի տեսնում։ Սա նշանակում է, որ 90 տոկոսով, եթե ֆորս մաժորներ չլինեն, ասենք, ԵՄ-ն ներքաշվի պատերազմի մեջ, կամ, Աստված չանի, Հայաստանը ներքաշվի, կամ բնական աղետներ լինեն, փաստաթուղթը կստորագրվի։ Ես համոզված եմ, որ նոյեմբերին փաստաթուղթը լինելու է, և Հայաստանն ու ԵՄ-ն ավելի բարձր մակարդակով են իրենց հարաբերությունները շարունակելու։

 - «Բազեի» հավաքի ժամանակ քննարկվել է նաև Հոգլանդի հայտարարությունը։ Ձեր կարծիքով` ինչո՞ւ էր Հոգլանդի հայտարարությունը հիմա պետք, և արդյոք համամի՞տ եք Սերժ Սարգսյանի դիտարկմանը, որ դրանում նորություն չկա։

- Մեր քաղաքական և փորձագիտական դաշտը շատ հրատապ գնահատականներ տվեց, որովհետև Արցախի խնդիրը հայերիս համար, թերևս, ամենազգայուն ու ամենաբարդ քաղաքական խնդիրն է, զգացական տարրն այս ամենում առկա է։ Ուղղակի քանի որ այդ հայտարարությունն արվեց Սարգսյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո, քաղաքական ու փորձագիտական դաշտը դրանում միանգամից ինչ-որ բաներ տեսավ, թե սա ամերիկյան կողմի մեսիջն էր։ Իրականում այդ հայտարարությունը եղել է Սարգսյան-Պուտին հանդիպումից մի քանի ժամ առաջ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը ճիշտ է նշել, որ այդտեղ նորություն չկա։ Նորություն չկա այն մասով, որ այդ նույն խնդրի, նույն կետերի մասին, որոնք հնչեցրեց Հոգլանդը, խոսել էր նաև Հոգլանդի նախորդը՝ Ուորլիքը։ Ամերիկյան կողմը, կարծես, գնում է մի ճանապարհով, որ երբ համանախագահները փոխվում են, հրապարակայնորեն հաշվետվություն են ներկայացնում իրենց արածի վերաբերյալ։ Ըստ էության, դրանում նորություններ չկան, դա մադրիդյան փաստաթղթի հիման վրա մշակված քաղաքական մոտեցումներն են, որոնք երկու կողմերին ներկայացվել են, և երկու կողմերն էլ որոշակի վերապահումներով դա ընդունելի են համարել որպես փաստաթուղթ, որի շուրջ կարելի է բանակցությունները շարունակել։

- Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն իր հարցազրույցում նշել է. «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի, հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»։ Ձեր կարծիքով` ի՞նչ է ակնարկում Միլսը։

- ԱՄՆ-ը Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ձևավորվեցին անկախ պետություններ, բոլորի, այդ թվում` Հայաստանի, նաև Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդման և կայացման գործում բավականին աջակցություն է ցուցաբերել։ Կհիշեք, թե ինչ մեծ ներգրավվածություն ուներ ԱՄՆ-ը 1996 թվականի Ռուսաստանի ընտրություններում, որպեսզի վերընտրվի Ելցինը, քանի որ վտանգ կար, որ հնարավոր է` կոմունիստները նորից իշխանության գան։ Վերջինը պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր, որ հայտարարեց՝ թույլ չենք տալու ԽՍՀՄ-ի վերականգնում։

Սա ընդհանուր ԱՄՆ-ի քաղաքականությունն է եղել մեր երկրի ինքնիշխանության ամրապնդման գործում` անկախության առաջին տարիներից սկսած։ ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը որոշ շրջանակներ ընկալեցին որպես ակնարկ, թե Հայաստանն ինքնիշխան որոշումներ չի կայացնում, թե ԱՄՆ-ը շատ կցանկանա և կփորձի աջակցել, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բարձրանա, և Հայաստանը չանի այնպիսի քայլեր, որոնք իր սրտով չեն։ Ես այդպիսի ընկալում չունեմ դեսպանի հարցազրույցը մի քանի անգամ դիտելուց հետո։ Իմ ընկալումը հետևյալն է, որ ԱՄՆ-ի դեսպանը իրենց քաղաքականությունը շարունակելու մասով հերթական հայտարարությունն է անում, ինչը պետք է դրական գնահատել։ Իհարկե, Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այդ ինքնիշխանության համար մենք ինչքան շատ դաշնակիցներ, օգնողներ, աջակիցներ ունենանք, այնքան լավ։

Պարզապես, երբ խոսքը վերաբերում է աշխարհի ամենահզոր պետությանը՝ ԱՄՆ-ին, սա պետք է ընկալել առանց սկանդալների, առանց ագրեսիվ ինտոնացիաների, հատկապես որ դեսպանը առանձնապես այդպիսի տոնայնությամբ խնդիրը չի դրել։ Նա պարզապես ասել է, որ այս մասով իրենց քաղաքականությունը շարունակվելու է՝ աջակցել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, որ Հայաստանը կարողանա ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իհարկե, Հայաստանի նման փոքր պետությունը որպեսզի կարողանա ինքնիշխան որոշումներ կայացնել, պետք է ունենա համապատասխան թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական գործիքակազմ, և նրան որքան շատ աջակցեն խոշոր պետությունները, այնքան ավելի լավ կլինի։ Այստեղ որևէ խնդրահարույց հայտարարություն, համենայնդեպս, ես չտեսա։

- Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ ծիծաղելի է, երբ հայտարարում են, որ 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշումը կայացվել է մեկ գիշերում։ Սակայն մենք նաև հիշում ենք, որ այն ժամանակ նաև իշխանության ներկայացուցիչները Մաքսային միությանը միանալու մասին խոսելիս ավելի շատ ոչ թե տնտեսական բաղադրիչի մասին էին խոսում, այլ հայտարարում էին, թե մենք անվտանգության խնդիր ունենք։ Չի՞ ստացվում, որ այն ժամանակվա և ներկայիս գնահատականների միջև տարբերություն կա։

- Ո՛չ, տարբերություն չկա, որովհետև խնդիրն այն է, որ Հայաստանը մշտապես այդ մասին հայտարարել է, գոնե ակնարկել է, որ ճամբարային տրամաբանությամբ մեզ մի՛ ուղղորդեք, մեր առջև «կամ-կամ»-ի խնդիր մի՛ դրեք։ Հայաստանի անվտանգությունը կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների, Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խնդիրների հետ։ Դրանք թե՛ երկկողմ ռազմաքաղաքական հարաբերություններն են, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը։ Հայաստանի անվտանգության համար Ռուսաստանը կարևորագույն դերակատարում և հանձնառություններ ունի։ Միաժամանակ չեմ կարծում շատ գրագետ ու ճիշտ մոտեցում է ԵԱՏՄ-ն պայմանավորել միայն անվտանգության խնդիրներով` անտեսելով տնտեսականը։

Իհարկե, երբ մենք անդամակցում էինք մի տնտեսական միավորման, որի լոկոմոտիվը Ռուսաստանն է, անվտանգության բաղադրիչը կարող է նաև ավելի բարձր լինել, բայց ասել, որ ԵԱՏՄ-ին միանալը զուտ կապված է եղել անվտանգության խնդրի հետ, այդպես չէ։ Կան տնտեսական հաշվարկներ, և եթե փորձենք հետևել տնտեսագետների բանավեճին, կտեսնենք, որ մեր տնտեսական շահը պատմական այս ժամանակահատվածում թերևս այն շուկաներում է, որտեղ մեր ապրանքները ճանաչված են, որտեղ մեր ապրանքներն առանց խնդիրների կարող են վաճառվել։

Եթե մենք այսպես փորձենք համեմատել եվրոպական շուկան ԵԱՏՄ երկրների շուկայի հետ, ակնհայտ է, որ հայկական ապրանքների համար շատ ավելի հեշտ ու շահավետ է ԵԱՏՄ շուկան։ Կյանքը ցույց տվեց, որ մեր եվրոպացի գործընկերները ևս եկան այն համոզման, որ Հայաստանն է առաջարկում, որ պետք չէ դաշինքային քաղաքականությամբ առաջնորդվել, այլ պետք է փորձել շահերը համադրել։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ-ի անդամ երկիր, նման համաձայնագիր է ստորագրում Եվրամիության հետ և նման մակարդակի հարաբերություններ է սկսում Եվրամիության հետ։ Սրանից բոլորն են շահում, շահում է թե՛ ԵՄ-ն, թե՛ Հայաստանը, թե՛ ԵԱՏՄ անդամ երկրները, նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, թե՛ տարածաշրջանի մյուս պետությունները։ Փոքր պետությունների համար կարևոր հանգամանք է գտնել շահերի համադրման կետեր և փորձել քաղաքականությունը տանել այդ ուղղությամբ։

- Այսինքն՝ չե՞ք կարծում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր պետք է դրվի, որի մասին բարձրաձայնում են «Ելքի» պատգամավորները։

- Ես չեմ կարծում, որ դա մեր երկրի առաջնային մարտահրավեր է։ Ավելին, կարծում եմ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում լուրջ շահեր ունի և ունենալու է առաջիկայում։ Առաջիկա տարիներին տնտեսական օգուտները մենք տեսնելու ենք։ Թե որքանո՛վ է իրատեսական մեր ընդդիմադիր գործընկերների առաջ քաշածը քաղաքական օրակարգը, որքանո՛վ կարող է շահեկան լինել մեր պետության և իրենց քաղաքական ապագայի համար, նրանք երևի իրենց հաշվարկներն ունեն։ Նրանք փորձում են քաղաքական ինչ-որ գիծ տանել, որը, բնականաբար, առաջիկա ժամանակաշրջանում հաջողություն չի ունենալու։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ես լուրջ փաստարկներ չեմ լսել։ Հայաստանում կան արևմտամետ, եվրոպամետ խմբեր, փորձում են ճամբարների բաժանել, առանց հաշվի առնելով մի պարզ իրողություն, որ հայ քաղաքական գործիչը չի կարող լինել ո՛չ արևմտամետ, ո՛չ ռուսամետ։ Այդ կողմնորոշումները շատ ծանր հետևանքներ են ունենում մեզ համար։

- Շատ փորձագետներ նշում են, թե ակնհայտ է, որ Ռուսաստանը միշտ վասալային հարաբերությունների ջատագով է եղել, որ մենք տեսել ենք ոչ հավասար հարաբերություններ, Հայաստանը միշտ եղել է ճնշված վիճակում։

- Ես նման գնահատականներ չէի տա, որովհետև դա վիրավորական է մեզ համար։ Մենք վասալային հարաբերություններ չենք կարող ունենալ ոչ միայն Ռուսաստանի, այլև ցանկացած այլ պետության հետ։ Ռուսաստանը տարածաշրջանային կարևորագույն խաղացող է, տարածաշրջանում հստակ շահեր ունեցող, ծանրակշիռ մի պետություն է, որի հետ մենք ունենք ռազմաքաղաքական հարաբերություններ և որի շնորհիվ կարողացել ենք մինչև այսօր ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Խոսքը միայն Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի մասին չէ։ Մի՛ մոռացեք, որ ունենք հարևան Թուրքիա, որը չի ցանկանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, որի մեջ մտնում են ստորացուցիչ պայմաններ։

Դա Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ցանկությունները, քմահաճույքներն իրականացնելն է և Ցեղասպանության ճանաչման խնդիրը քաղաքական օրակարգից հանելը։ Սա մի պետություն է, որը ցանկացած պահի Հայաստանի համար խնդիր է։ Մեր անվտանգության թիվ մեկ սպառնալիքը, ըստ էության, Թուրքիան է։ Ես անգամ Ադրբեջանը չէի ասի, Ադրբեջանի մասով ամեն ինչ պարզ է, ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, հայկական բանակը ամեն օր պատրաստ է պատերազմի։ Իրական վտանգը ավելի  քան 80 մլն բնակչություն, հսկայական տնտեսական ու ռազմական պոտենցիալ ունեցող, Հայաստանին անգամներով գերազանցող Թուրքիան է, որը Հայաստանի համար շատ դժվար ու թշնամի պետություն է, որի հետ սահմանի անվտանգությունը պահպանվում է շնորհիվ Ռուսաստանի։

Սա կարևորագույն հանգամանք է։ Թող իրենք Թուրքիայի հետ սահմանը պահեն, Ադրբեջանի մասով մենք մի բան կանենք, ինչպես արել ենք ժամանակին։ Նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով մենք բազմաթիվ օգուտներ ունենք, ՀԱՊԿ-ի անդամ լինելով բազմաթիվ օգուտներ ունենք։ Տեսեք Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը պահելու մասով: Հասկանո՞ւմ եք, չէ, որ Ադրբեջանն ունի նավթային եկամուտներ, մենք չունենք, Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում ռազմական նպատակներով, մենք չենք ծախսում, բայց ռազմական բալանսը պահում ենք։ Այդ զինատեսակները, ի վերջո, երկնքից չեն ընկնում, ինչ-որ ճանապարհով գալիս-հասնում են այստեղ։ Սա կարևոր խնդիր է։

- Բայց Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, խախտում է պարտավորությունները և զենք է տրամադրում Ադրբեջանին ու Թուրքիային։ Սա՞ էլ խնդրահարույց չէ։

- Ադրբեջանի մասով, իհարկե, խնդրահարույց է մեզ համար, անգամ եթե Ռուսաստանը մեկ գնդակ կամ մեկ դանակ է վաճառում Ադրբեջանին, դա մեզ համար խնդիր է, մեզ համար տհաճ է, բայց Ռուսաստանը պետություն է, որն ունի իր շահերը, իրականացնում է իր շահերը տարածաշրջանում, և եթե, օրինակ, նայենք` ռազմատեխնիկական համագործակցության և զենքի վաճառքի մասին օրենքում հստակ նշված է, որ զենքի վաճառքը Ռուսաստանի համար բիզնես է։ Զենքի առևտուրն ամբողջ աշխարհում նման չէ նարնջի առևտրին, որ գնաս գնես, սա հստակ քաղաքական պատճառներ ունեցող և տվյալ երկրի վրա ազդեցությունը մեծացնելու համար է պետք, ինչը հաճելի չէ։

Ինչ վերաբերում է U-400-ին, սա զուտ պաշտպանողական զինատեսակ է։ Թող U-400 շատ ունենան, դրանից մեր անվտանգությանը որևէ բան չի լինի, և ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։

Մանե Հարությունյան

MediaLab.am