«Հայաստանի չմասնակցելը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ռուսաստանի կողմից գործադրված լկտի պարտադրանքի հետևանք է». Ռուբեն Մեհրաբյան

04-09-2017
16255 դիտում
«Հայաստանի չմասնակցելը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ռուսաստանի կողմից գործադրված լկտի պարտադրանքի հետևանք է». Ռուբեն Մեհրաբյան

Հայաստանի չմասնակցելը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ռուսաստանի կողմից գործադրված լկտի ճնշման հետևանք է, որը մեծ հարված է հասցնելու Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Սա ուղղակի քայլ է, որը խորացնում է Հայաստանի միջազգային մեկուսացումը: Այս ամենը քայլ էր՝ ուղղված ընդդեմ Հայաստանի շահերի, և միանշանակ է, որ դա եղել է Ռուսաստանի ամենալկտի պարտադրանքի ներքո»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցելուց: Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան ասել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, թե մասնակցելու է զորավարժություններին: «Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»,- tert.am-ին ասել է վրաց պաշտոնյան:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, սակայն, հերքել է, թե Հայաստանը նախկինում համաձայնություն է տվել մասնակցելու այս զորավարժություններին: Նա ասել է, թե Հայաստանը պաշտոնապես երբեք չի հաստատել, որ մասնակցելու է այդ զորավարժությանը, հետևաբար վերջին պահին հրաժարվելու խնդիր չի կարող լինել այստեղ:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հաստատել Հայաստանի մասնակցությունը: Մենք չենք ունեցել մասնակցության պաշտոնական համաձայնություն: Ցանկացած գործողության մեջ միշտ հնարավոր են վերանայումներ՝ կախված իրավիճակից, զինված ուժերի առջև դրված խնդիրների առաջնահերթությունից»,- ասել է պաշտպանության փոխնախարարը:

«Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն՝ նվիրված ուղիղ 4 տարի առաջ տեղի ունեցած խայտառակության տարելիցի՞ն ասենք, թե՞ տարեդարձին: Սա Հայաստանի և ՆԱՏՕ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների վրա շատ մեծ ու թանձր ստվեր է գցում: Եվ դրա հետևանքները մենք կտեսնենք հետագայում»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ ճիշտ 4 տարի առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը միանում է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:

Վերլուծաբանի խոսքով՝ կասկածից դուրս է, որ Հայաստանի մասնակցությունն այս զորավարժություններին ռազմավարական նշանակություն ուներ:
«Երբ նայում ենք, թե մասնակիցների ինչ կազմ էր այնտեղ ներկայացված, և տեսնում ենք նոր իրողությունները, որոնք ձևավորվում են սևծովյան անվտանգության համատեքստում, ամեն ինչ պարզ է: Իսկ մասնակիցներն այնտեղ սևծովյան երկրներն են, բացի Ռուսաստանից ու Թուրքիայից: Եվ Հայաստանը, մասնակցելով այդ զորավարժությանը, բացառապես շահած պետք է դուրս գար: Բացի այդ, սա շատ մեծ շտաբային ու դաշտային փորձ էր լինելու մեր զինված ուժերի համար: Եվ այս ամենից հրաժարվելը կարող է լինել լկտի պարտադրանքի ներքո: Իսկ այդ լկտի պարտադրողը ոչ այլ ոք է, եթե ոչ Ռուսաստանը»,- հավելում է Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հայտարարությանը, վելուծաբանը նշում է, որ դրանք արդեն հնարքներ են, որոնք ուղղված են իշխանության դեմքը փրկելուն: Նման բացատրությունները պարզապես վիրավորում են մարդկային բանականությունը:

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն էլ ասել է, որ Հայաստանի չմասնակցելն այս զորավարժություններին ինքնիշխան որոշում է։ «Հայաստանի զինված ուժերն ու Հայաստանի պաշտպանության նախարարությունն իրականացնում են որոշումներ, որը բխում է իր շահերից»,- aysor.am-ին ասել է Շարմազանովը։

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ տեղի ունեցածից հետո իշխանության ներկայացուցիչները խոսում են բաներ, որոնք ուղղված են միայն իրենց դեմքը փրկելուն:
«Բա հո չեն ասելու՝ այո՛, ռուսներն ատրճանակը պահել են մեր գլխին: Ինչի՞ համար, որովհետև ռուսներին այնքան մոտ ենք թողել, որ այդ ատրճանակը պահեն մեր գլխին: Պարզ է, որ չեն ասելու այդ բանը, ասելու են այն, ինչ ասում են: Իրենք ասելու են, մենք ծիծաղելու ենք, չնայած լացելու բան է: Սա՛ է իրավիճակը»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am