«Պուտինի՝ հակամարտության գոտիներին զենք մատակարարելու վերաբերյալ հայտարարությունն անբարոյական է». Արա Պապյան

06-09-2017
15970 դիտում
«Պուտինի՝ հակամարտության գոտիներին զենք մատակարարելու վերաբերյալ հայտարարությունն անբարոյական է». Արա Պապյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հակամարտության գոտիներին զենք մատակարարելու վերաբերյալ հայտարարությունն անբարոյական է, որովհետև ռուսները բազմաթիվ անգամ ամենաբարձր մակարդակով արդարացրել են Ադրբեջանին զենքի վաճառքը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Պուտինը՝ որպես Ռուսաստանի նախագահ, խոսել է իր երկրի տեսանկյունից և նկատի է ունեցել այն զենքի հնարավոր մատակարարումը, որը վնասելու է Ռուսաստանի շահերն ու սպանելու է ռուսաստանցի զինվորներին: Բայց դա անբարոյական հայտարարություն է, որովհետև ռուսները բազմաթիվ անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ զենքի մատակարարումն Ադրբեջանին դրական է, որովհետև Ռուսաստանը հնարավորություն է ունենալու վերահսկելու այդ զենքը: Թեև մենք տեսանք, որ նախորդ տարվա ապրիլյան պատերազմում որևէ ձևով էլ չկարողացան վերահսկել»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշմանը, ասել էր, որ հակամարտության գոտի զենք մատակարարելը չի նպաստում խաղաղությանը:

«Դա Միացյալ Նահանգների սուվերեն որոշումն է, մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն կան ընդհանուր միջազգային կանոններ ու մոտեցումներ: Հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը, այլ միայն խորացնում է իրավիճակը»,- ասել էր նա:

 Ըստ Արա Պապյանի՝ Ադրբեջանին զենք մատակարարող Ռուսաստանի մյուս փաստարկն այն է, որ՝ եթե մենք չվաճառենք այդ զենքը, մեկ ուրիշը կվաճառի:

«Հիմա նույնը Պուտինին կարելի է պատասխանել՝ ինչի՞ եք իրար խառնվել, եթե հիմա ԱՄՆ-ն Ուկրաինային զենք չտա, մեկ ուրիշը կտա: Մինչև իրենք չեն դաղվում զենքի մատակարարումից, չեն հասկանում` դա ի´նչ է նշանակում»,- ասում է Պապյանը:

Նրա խոսքով՝ զենքի մատակարարումն Ադրբեջանին շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև դրանով կարող են խոցել Երևանը, կարող են պարզապես Հայաստանը ֆիզիկապես ոչնչացնել: Իսկ ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումը Ուկրաինային հաստատ Ռուսաստանի կենսապահովմանը վնաս չի հասցնի:

«Ուկրաինան կարող է առավելագույնը Լուգանսկի, Դոնեցկի` այդ շրջանները հետ վերցնել կամ մեծ կորուստներ պատճառել Ռուսաստանին: Բայց դրանով չի կարող Մոսկվային ու Սանկտ Պետերբուրգին հարված հասցնել, ռուս հասարակությանը ֆիզիկապես ոչնչացնել: Իսկ այն զենքը, որոնք նրանք մատակարարում են Ադրբեջանին, կարող է ոչնչացնել և´ Երևանի, և´ Ստեփանակերտի բնակչությանը, ինչին ի պատասխան մենք կոչնչացնենք Բաքուն ու Գյանջան: Բայց դա մխիթարություն չէ: Եվ այս հարցում ես Պուտինի հետ համաձայն եմ, որ հակամարտության գոտուն զենքի մատակարարումը ապակայունացնում է վիճակը, բայց դա պետք է կիրառել նաև Հարավային Կովկասի համար»,- ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով՝ վաղուց է առաջարկվում, որ նավթի վաճառքի վրա սառեցում սահմանվի և դրանով թույլ չտրվի Ադրբեջանին զենք գնելու:

«Մենք գիտենք, որ գոյություն ունի «արյունոտ ադամանդ» հասկացությունը, որ արգելված է աֆրիկյան երկրներից գնել այդ ադամանդը, որովհետև դրանով զենք են գնում, և շարունակվում են կոնֆլիկտները: Նույնը պետք է ադրբեջանական նավթի դեպքում լինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այս իրավիճակում հայկական կողմի պատասխանին, Արա Պապյանի խոսքով, ճիշտ կլիներ, եթե իշխանությունները հանդես գային հայտարարությամբ, որ հայկական կողմը համաձայն է Պուտինի այդ տեսակետին, բայց դա պետք է կիրառվի նաև Հարավային Կովկասի համար:

«Դա այն է, ինչ այսօր կարող են ասել փորձագետները, բայց պետության ներկայացուցիչները չեն ասի»,- նշում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am