«Կրթության ոլորտում իսկապես պետք է SOS հայտարարել». Սերոբ Խաչատրյան

08-09-2017
7066 դիտում
«Կրթության ոլորտում իսկապես պետք է SOS հայտարարել». Սերոբ Խաչատրյան

 «Մեդիլաբի» հարցերին պատասխանում է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

- Պարո՛ն Խաչատրյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ահազանգում է. ԵՊՀ-ն կանգնել է տագնապալի իրավիճակի առաջ և հայտնվել ֆինանսական փոսում, դիմորդների թիվը տարեցտարի նվազում է, քանի որ շատերը դիմում են արտասահմանյան բուհեր։ Ինչո՞ւ ենք հայտնվել այս վիճակում, պատճառները որո՞նք են։

- Իհարկե մի քանի պատճառ կա. առաջին՝ կա օբյեկտիվ գործոն, ընդհանուր առմամբ շրջանավարտների թիվն է նվազել, բայց կոնկրետ ԵՊՀ-ի հետ կապված մի շատ լուրջ խնդիր կա։ Հայաստանի մյուս բոլոր բուհերն ավելի կոնկրետ մասնագետներ են պատրաստում, բժշկականը՝ բժիշկ, պոլիտեխնիկը՝ ինժեներ, ճարտարապետաշինարարականը՝ ճարտապետ և այլն։

ԵՊՀ-ն Հայաստանի ակադեմիական ողնաշարն է, այսինքն՝ ընդհանուր առմամբ Հայաստանի գիտությունը տասնամյակներ շարունակ ծնվել է համալսարանից։ Վերջին տարիներին մենք տեսանք, որ գիտահետազոտական ինստիտուտների վիճակը լավ չէր, կային կրճատումներ, երիտասարդների թիվը սկսեց պակասել, և հիմա այդ ճգնաժամն արդեն իջնում է բուհական մակարդակ։ Այսինքն՝ դպրոցների շրջանավարտները չեն ուզում գնալ այն մասնագիտությունների գծով, այս դեպքում՝ բնագիտություն, երկրաբանություն, որոնք ենթադրում են գիտական կարիերա։

Այսինքն՝ հիմա Հայաստանի գիտության ծառը, եթե վերջին տարիներին ճյուղերն էին վատ վիճակում, իջնում է արմատներ։ Եվ մենք առաջիկայում չենք ունենալու դպրոցականներ, ուսանողներ, որոնք ցանկանալու են գնալ գիտության գծով։ Ես այստեղ շատ մեծ խնդիր եմ տեսնում։ Հայաստանը, ըստ էության, գիտության առումով դառնում է շատ ցածր մակարդակի վրա գտնվող երկիր։ Այսուհետ կարող ենք ունենալ միայն գործնական աշխատողներ, այսինքն՝ կարող ենք ունենալ լավ բժիշկ, լավ ծրագրավորող, լավ ճարտարապետ, բայց գիտական հիմնարար մտածողությունը սկսում է կորցնել իր դիրքերը։ Եթե դա կորցրինք, ինչպես ասում էր գիտության նախարարը, մենք կդառնանք ընդամենը ուրիշներին սպասարկող երկիր, ոչ մի ստեղծագործական ներուժ չենք ունենա։

Կրթության ոլորտում իսկապես պետք է SOS հայտարարել։ Կրթությունը և ռազմական ոլորտը մի փոքր տարբեր են. ռազմական ոլորտում տեսնում ես` ի՛նչ է կատարվում, արագ պետք է արձագանքես, մինչդեռ կրթության ոլորտն այդ իմաստով վտանգավոր չէ, այստեղ չեն լինում պատերազմական, արտակարգ իրավիճակներ, բայց այն անկումը, որ այսօր կա, եթե դեմը չառնենք, հետագայում շատ ավելի բարդ է լինելու։

- Առհասարակ հասարակությունը որակյալ կրթության պահանջ դնո՞ւմ է: Ավելի շատ կրկնուսույցներին են դիմում, որ երեխան մասնավոր պարապմունքների հաճախի։ Հասարակությունն ինքը չի թելադրում պահանջներ, դրա համա՞ր ունենք այսպիսի կրթություն:

- Այո՛, տեսեք` հասարակությունն ի՛նչ խնդիր ունի. ամեն մեկը մտածում է իր սեփական երեխայի կրթության մասին, իսկ երբ միայն քո երեխայի կրթության հարցերով ես մտահոգ, դա կրթություն չէ, դա կոչվում է վարժեցում։ Երբ ես իմ երեխային տալիս եմ մասնավոր պարապմունքի կամ ուղարկում եմ էլիտար հայտնի դպրոց, դրանով ոչ թե կրթության հարց եմ լուծում ընդհանրապես, այլ լուծում եմ կոնկրետ իմ երեխայի վարժեցման հարցը, որ նա լավ սովորի, հետո լավ քննություն տա, ընդունվի համալսարան, հետո մի լավ գործ գտնի։ Հայաստանում այդպես է, դուք տեսե՞լ եք, որ Հայաստանում մարդիկ մտածեն ուրիշների երեխաների կրթության մասին։

Յուրաքանչյուր ոք, ով հնարավորություն ունի, իր երեխային հանում է, տանում քիչ թե շատ լավ դպրոց կամ մասնավոր պարապմունքի, իսկ թե մնացած երեխաների հետ ի՛նչ է կատարվում` դա նրանց չի հետաքրքրում։ Սա ինչո՞ւ է վատ, որովհետև կրթությունը 10 տոկոսի մակարդակով չի որոշվում: Հիմա եթե Հայաստանի 10 տոկոսը ֆանտաստիկ գերազանցիկ է, էլիտար համալսարաններ է ընդունվում, երկրի կրթության մակարդակի մասին ոչինչ չի վկայում:

Կրթությունը կրիտիկական զանգվածի վիճակն է, թե քո հասարակության 50-60 տոկոսը՝ մեծամասնությունը, ի՛նչ վիճակում է. եթե վատ վիճակում է` նշանակում է, դու կրթություն չունես։ Եթե ունես 10-20 տոկոս գերազանցիկներ և 80 տոկոս ծայրահեղ վատ վիճակում գտնվող ընտանիքներ, դու կրթություն չունես, դու ունես մի քանի հոգու վարժեցում։ Դրա համար մեր կրթության վիճակը կլավանա, երբ մենք, բացի մեր սեփական երեխայի մասին մտածելուց, մտածենք ընդհանուր կրթական որակի մասին, ոչ թե մեր երեխայի թվանշանի կամ ընդունվելու հարցը լուծենք։

- Ըստ էության, ամեն ինչ մակերեսային է, ընդունվում է ձևը և ոչ թե բովանդակությո՞ւնը՝ հագուստից մինչև կրթություն: Ըստ էության, ամեն ինչ պաթոսի՞ է վերածվել:

- Կարելի է այդպես ասել: Ես ասում եմ` պետք է SOS հայտարարել, քանի որ հիմա առանձնապես ժամանակ էլ չունենք, որ մտածենք այս կամ այն ծրագրի մասին: Այսինքն՝ պետք է շատ արագ մտածել և գործել, արդեն «պետք է»-ների ժամանակն անցել է, արդեն ուշ է: Եկել է կոնկրետ քայլեր անելու ժամանակը, որ գոնե այս վիճակը կարողանանք կասեցնել:

- Իսկ ահազանգելով կարո՞ղ ենք խնդիրներին լուծում տալ, թե՞ ոչ:

- Կրթությունը կենացային, պաթետիկ բան է դարձել: Մարդը մտածում է, որ եթե ինքը կրթության մասին վերամբարձ մտքեր է ասում, ուրեմն դրանով կարևորում է  կրթությունը: Բայց այդպես չէ, պետք է սրտացավ վերաբերմունք, այլապես այս պաթետիկայի մեջ մենք արդեն կխեղդվենք:

- Ըստ էության՝ արևմտյան կրթական համակարգին անցնելով՝ այդպես էլ այդ չափորոշիչներին չհասա՞նք:

- Համաձայն եմ այն իմաստով, որ այն ռեսուրսները, որ ունի Հայաստանը, այն գումարները, որ Հայաստանում տրամադրվում են կրթությանը, այդ գումարների շրջանակում ընդհանուր վիճակը վատ չէ: Օրինակ՝ եթե եվրոպական որևէ երկրում այսքան գումար հատկացնեն կրթությանը, համալսարանները, դպրոցները շատ ավելի խայտառակ վիճակում կհայտնվեն: Հարցը սակայն այն է, թե մենք ինչո՛ւ ենք ափսոսում կրթության մեջ ներդրումներ կատարել: Իսկապես ունենք շատ լավ երեխաներ և այս իմաստով մեզ չպետք է ուրիշների հետ համեմատենք, որովհետև կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել այդ երեխաների հետ: Հիմա եթե այդ հոգածությունը լինի կրթության հանդեպ, այս համակարգը կարող է ավելի լավ արդյունք գրանցել:

- Նախևառաջ պետակա՞ն մոտեցում է պետք՝ սկսած ԿԳՆ-ից:

- Նախարարությունից բարձր՝ նախագահ, կառավարություն, վարչապետ, քանի որ խնդիրն այնքան է լրջացել, որ նախարարությունը մենակ ի վիճակի չէ:

- Իսկ արդյոք իշխանությունն ուզո՞ւմ է կրթված հասարակություն ունենալ, կրթված հասարակության հետ ավելի բարդ չէ՞: Գուցե պետք չէ կիրթ հասարակություն, իրավագիտակից, որ նաև իր իրավունքների համար կպայքարի:

- Միանշանակ, կրթված հասարակություն կառավարելը շատ դժվար է: Բացի այդ, կա մի խնդիր՝ կրթությունը կարող է զարգանալ միայն մի դեպքում, երբ երկրում լինի ազատության միջավայր, բայց ես չէի ուզենա, որ մեզ ազատությունը նվեր տան: Տեսեք` նախարարը վերջին ելույթներում ասաց, որ ուզում են ուսուցիչներին ավելի ազատություններ տալ, որ ձևավորեն ազատ սերունդ:

Չեմ կարծում, որ ազատությունը պետք է մարդուն նվիրել, ինքը դա պետք է նվաճի, որովհետև եթե ես նվաճել եմ ազատություն, այդ դեպքում ազատությունը ես կարող եմ լավ իմաստով օգտագործել, բայց եթե վերևից կանչել են և ասել՝ այսօրվանից ազատ ես, դու չես ուզել, քեզ տվել են, այդ դեպքում դա քեզ ստրկության նոր տեսակի է բերելու: Ներքևի դիմադրողականությունը չկա, ներքևները կարծես թե փորձում են կոծկել խնդիրները, և սա մտահոգիչ է:

Ասենք` եթե մեր ուսուցիչները, տնօրենները կանգնեն և բարձրաձայնեն՝ ի՞նչ խնդիրներ կան կրթության ոլորտում, ի՞նչ խնդիրների են իրենք բախվում, ասեն, որ ուզում են այս խնդիրները լուծվեն, իրավիճակը կարող է փոխվել: Բայց ես տեսնում եմ, որ ներքևներում փորձ է արվում լղոզել, քանի որ վախ կա, որ եթե խնդիրները վեր հանեն, հնարավոր է` պատժվեն, ասեն` եթե քո դպրոցում նման խնդիրներ կան, ուրեմն դու վատ կառավարիչ ես: Դրա համար էլ մարդիկ չեն խոսում խնդիրների մասին:

Մանե Հարությունյան

MediaLab.am