«Քո աղջիկն է, դու էլ ընտրիր, բայց անպայման հայկական անուն էլ տուր, որ չմոռանա իր արմատները». «Ալամեզոն» Բլոգ

10-09-2017
4057 դիտում
«Քո աղջիկն է, դու էլ ընտրիր, բայց անպայման հայկական անուն էլ տուր, որ չմոռանա իր արմատները». «Ալամեզոն» Բլոգ

Հայկական ընտանիքներում անուն դնելը վեճերի, նեղանալու և անգամ բաժանության առիթ են երբեմն դառնում: Նոր սերունդը ավելի բաց է, կոսմոպոլիտ, ցանկանում է իրենց երեխաների համար ժամանակակից անուններ ընտրել, որի համար երիտասարդ ծնողները բախվում են տատիկ-պապիկների հանդիմանանքին.

- Ո՞նց, բա մեր պապի` Վլոյի անունը չե՞ք ուզում դնել: Բա դա հարգա՞նք է, բա դա շնո՞րհք է...

Վեճերից խուսափելու համար ծնողները ստիպված պապերից ժառանգած տարօրինակ անուններ են տալիս երեխաներին, և Վլոն ամբողջ կյանքի ընթացքում պայքարում է իր անվան դեմ: Տվյալ իրավիճակում հատկապես ձայնից զրկվում է երեխայի մայրը, ում կարծիքը շատ հաճախ չեն էլ հարցնում:

Ռոզա 

... Ռոզան տատիս անունն է, հայրս նույնպես ժառանգած անուն է ընտրել. չգիտեմ` ստիպողաբա՞ր է եղել, թե՞ ինքնակամ: Այնուամենայնիվ, անվանս հետ կապված հետաքրքիր պատմություն կա. հայրս Ռոզային կցել է Մարիա անունը, այդպես պիտի լինեի Ռոզա Մարիա (համաձայն եմ` մեքսիկական սերիալների հերոսուհիներին կնմանվեի): Բայց անձնագրային բաժնում հորս ասել են.

- Չեղավ, ընկե´ր Մակար, էս ի՞նչ բուրժուական անուն է: Ընտրեք` կա՛մ Ռոզա, կա՛մ Մարիա, երկուսը միասին չի լինի:

Այդպես մնացի Ռոզա անունով և դեռահասությանս շրջանում բավականին կոմպլեքսավորված էի, հատկապես երբ ասում էին ականջ ծակող Ռոզ կամ Ռոզիկ կրճատումը: Դե´հ, բայց իմ պատմությունն ուրախ ավարտ ունի. այն հեչ էլ տարօրինակ չէ այստեղ` Ֆրանսիայում: Պարզապես հաճախ հարցնում են` արդյոք ազգությամբ իտալուհի կամ իսպանուհի՞ եմ: Իսկ հայրս, ի դեպ, զղջում է, որ իրենը չի պնդել և ինձ երկու անուն չի տվել: 

Ֆրանսիայում և ընդհանրապես Եվրոպայում երեխայի անունը գրեթե միշտ մայրն է ընտրում, կամ ծնողները միասին: Այս գործում ներկա չեն ո´չ տատիկները, ո´չ պապիկները, ո´չ էլ հարևանները: Իհարկե, այստեղ էլ երեխան ապահովագրած չէ տարօրինակ անուններից, բայց դա հարցի մյուս կողմն է: Երեխային ունեցել է մայրը, հետևաբար, բժիշկը դիմում է անձամբ ծնողին հենց ծնունդն ընդունելուց հետո: 

- Տիկի´ն, ի՞նչ անուն եք որոշել երեխայի համար,- ապա գրանցում և ուղարկում է քաղաքապետարան:

Իսկ տատիկները և պապիկները սիրում են թոռանը, անկախ այն բանից` երեխան իրե՞նց անունն է կրում, թե՞ ոչ: 

Լուկա Տիգրան Լուսիեն Ժերար

Այդպես էլ ֆրանսիացի տատիկ-պապիկի համար հեչ տարօրինակ չթվաց, որ տղայիս անունը ընտրեցինք Լուկա, իսկ երկրորդ անունը` Տիգրան, չմոռացանք նաև երրորդ` Լուսիան և Ժերար մեծ պապի անունները: Այստեղ, իհարկե, միայն առաջին անունն է օգտագործվում, բայց երկու պապիկների անուններն ինքս եմ առաջարկել, իսկ Տիգրան անունը ամուսինս` Ջոն:

Լունա Մանե 

Իսկ, ա´յ, աղջկաս անունը երկար էի փնտրում, անգամ խնդրեցի ընկերներիս օգնել ` անուններ առաջարկել: Այդպես էլ ինը ամիս անուն էինք փնտրում` նուրբ, գեղեցիկ, յուրահատուկ, բայց ոչ տարօրինակ: Դիմեցի նաև սկեսրոջս, ասաց.

- Քո աղջիկն է, դու էլ ընտրիր, բայց անպայման հայկական անուն էլ տուր, որ չմոռանա իր արմատները: 

Էդպես էլ թերթում էի հայտնի կանանց, գրքերի հերոսուհիների, անգամ դերասանուհիների և երգչուհիների անունների մեջ, մինչև մի օր լսեցի հին իտալական անհավանական գեղեցիկ երգ` Guarda Che Luna ... («Տես` ի՜նչ լուսին է») և Լունա... Պարզ ու նուրբ անունը դուրս թռավ շուրթերիցս, ու հասկացա, որ աղջիկս միայն Լունա անունը պիտի կրի: Իսկ այսօր, աղջկաս գրկած, դեռ լսում եմ իտալական քնարական երգն ու ասում` «Տես` ի՜նչ Լունա է»: 

Չգիտեմ` հետագայում մեր երեխաներն ինչպե´ս կընդունեն իրենց անունները, ոմանց համար դա կարևոր կթվա, մյուսների համար` ոչ, ոմանք գնահատում են ավանդույթները, մյուսները` ժամանակակից անուններ են սիրում: Միակ բանը, որ կարևոր է, երեխայի անունը պետք է սիրով ընտրված լինի, ինքնակամ, ոչ թե ծնողներից պարտադրված ժառանգություն, որի հետևանքները երեխան պետք է կրի ողջ կյանքի ընթացքում:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog