«...նա լիաթոք ծիծաղեց, որովհետև ինքն էլ գիտեր, որ երբևէ որևէ հանցանքի համար չի պատժվելու և այդպես էլ պետք է շարունակի ». «SAS»-ն ու անպատժելիությունը

11-09-2017
6346 դիտում
«...նա լիաթոք ծիծաղեց, որովհետև ինքն էլ գիտեր, որ երբևէ որևէ հանցանքի համար չի պատժվելու և այդպես էլ պետք է շարունակի ». «SAS»-ն ու անպատժելիությունը

Խորհրդարանական ընտրություններից հինգ ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը որոշել է կարճել ընտրություններից հետո համացանցում հայտնված «ՍԱՍ գրուպի» աղմկահարույց ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը։

Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ մի տղամարդ (ավելի ուշ պարզ դարձավ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը) սպառնում էր «ՍԱՍ»-ի աշխատակիցներին, նշելով` ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայն չբերի Արտակ Սարգսյանի օգտին, կկորցնի աշխատանքը։ Ձայնագրությունից մեկ շաբաթ անց ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ-ից այս գործի շրջանակում ակնկալիք չկար, պարզ էր, որ չէին պատժելու. «Այս ձայնագրությունն ապացուցում է, թե ինչպես են հանրապետականները Հայաստանում ընտրություն անցկացնում։ Մենք գիտենք, թե ինչպես են հանրապետականները ձայներ հավաքագրում, տարբեր մեթոդների դիմում ընտրությունների ժամանակ, իսկ այս ձայնագրությունը դրա ապացույցն էր»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նկատեց, որ Արտակ Սարգսյանը Սերժ Սարգսյանի մերձակա շրջապատից է.

«Եվ պատահական չէ, որ երբ նրան հարցրին, թե հնարավո՞ր է այս գործի շրջանակում պատասխանատվության ենթարկվի, նա լիաթոք ծիծաղեց, որովհետև ինքն էլ գիտեր, որ երբևէ որևէ հանցանքի համար չի պատժվելու և այդպես էլ պետք է շարունակի»։

Ձայնագրության մեջ ամենասարսափելին, իրավապաշտպանի գնահատմամբ, ստրկատիրական համակարգի առկայությունն է, գործատուն ինչպես ուզում` խոսում է իր աշխատակիցների հետ. «Սա մարդու նկատմամբ զազրելի և քրեորեն պատժելի արարք է։ Մարդուն ստիպել, նվաստացնել, պարտադրել, որ նա գնա ընտրի հանրապետականին, և մարդն ամբողջությամբ անպաշտպան է, չի կարող դիմել ոստիկանություն, քանի որ բոլոր կառույցներն աշխատում են միայն այս իշխանությունը պահելու համար»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Ամբողջ ՀՔԾ-ն, իրավապահ համակարգը, նրա խոսքով, սպասարկում են Սերժ Սարգսյանի և իր թիմի շահը. «Հիշեք ձայնագրությունը, թե ինչպես էին ծաղրում կնոջը, վերաբերմունքը. սա անտանելի է լսել, տեսնել, և պետք էր պատժվեր: Նման արարքի համար նա պետք է բանտախցում հայտնվեր, ոչ թե ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում»։

«ՍԱՍ գրուպի» ձայնագրության խնդրով քրեական գործի կարճումն առաջին հերթին Սերժ Սարգսյանի՝ որպես միանձնյա իշխանության բնույթի ախտորոշումն էր։ Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ անպատժելիությունը գոյություն ունեցող իշխանության հիմքն է, և որևէ կառավարություն չի կարող հաջողություն գրանցել, քանի որ համակարգը անպատժելի է, անձեռնմխելի և իշխանության հենարանն է։

Նա նշեց, որ ի սկզբանե որևէ ակնկալիք չկար, թե հարուցված քրեական գործի շրջանակում որևէ մեկը պատասխանատվության կենթարկվեր. «ՍԱՍ գրուպի» սեփականատերը ԱԺ պատգամավոր դարձել է ոչ նրա համար, որ իր աջակիցներին կամ իրեն դատեն։ Երբ որոշ վերլուծաբաններ, քաղաքագետներ փորձում են ինչ-որ մեկնաբանություններով ջանքեր գործադրել, թե իբր Սերժ Սարգսյանը կարող է կամ պետք է քայլեր կատարի, կա´մ նրանք ավարտուն ապուշ են, կա´մ գիտակցաբար իրենց հիմարի տեղ են դնում։ Տեղի ունեցածը սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն է, և երբ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությանը իրավական գնահատական չի տրվում, դրա անմիջական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և հենց ինքն է երկրի հիմնական արգելակը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը։

Նրա կարծիքով՝ ՀՔԾ աշխատակիցները, նրանք, որոնք քիչ թե շատ արժանապատվություն ունեն, պետք է դիմում գրեն դուրս գան, որովհետև սա խայտառակություն է: Մյուս կողմից հասկանալի էր, որ այս կառույցը չէր կարող Սերժ Սարգսյանի որոշումների դեմ որոշում կայացնել։

«ՀՔԾ, դատախազություն, Քննչական կոմիտե, ոստիկանություն, ԱԱԾ, ԱԺ` մեծամասնությունը ամբողջությամբ մեկ անձ է, և նա է ամեն ինչ որոշում: Նա է միակ գործիքը, և մարդիկ, ովքեր աշխատում են նրա համար, այդ գործիքի գործիքն են դարձել։ Քննիչները, դատավորները արժանապատվության ոտնահարման, նվաստացման չգիտեմ ինչ աստիճանի են գնում...»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am