«Վերջին պահին Ռուսաստանը կարող է այնքան ուժեղ ճնշել Հայաստանին, որ մերոնք հրաժարվեն ասոցացման փաստաթղթի ստորագրումից». Ստեփան Գրիգորյան

12-09-2017
4575 դիտում
«Վերջին պահին Ռուսաստանը կարող է այնքան ուժեղ ճնշել Հայաստանին, որ մերոնք հրաժարվեն ասոցացման փաստաթղթի ստորագրումից». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

- Պարո՛ն Գրիգորյան, նախատեսվում է, որ աշնանը պետք է ստորագրվի Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր փաստաթուղթը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ նոր փաստաթուղթը շատ խոստումնալից է և նոր տարրեր է պարունակում: Ձեր կարծիքով՝ փաստաթղթի ստորագրման համար խոչընդոտներ կա՞ն:

- Սերժ Սարգսյանը օգոստոսին հայտարարեց, որ ստորագրման համար խոչընդոտ չկա: Նախքան իր ասելը վարչապետն ասաց՝ խոչընդոտ չկա, արտգործնախարարը մասնակցեց Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին, մի քանի օր առաջ ասաց՝ խոչընդոտ չկա: Դրանից հետո Սվիտալսկին ասաց նույնը, կարծես թե պետք է իրոք ստորագրվի: Հիշեցնենք, որ մարտ ամսին պայմանագիրը նախաստորագրվել է:

Պայմանագիրը պատրաստ է, և երբ իրենք ասում են՝ աշխատանքը շարունակվում է, տեխնիկական հարցերի մասին է խոսքը: Այս մի շարք հայտարարություններից հետո, կարծում եմ, իշխանությունները պետք է ստորագրեն: Բայց պետք է նայել, թե որտեղի՛ց են գալիս այդ կասկածները, որ Հայաստանը կարող է վերջին պահին հետ կանգնել: Դա գալիս է նախորդ փորձից, երբ 2013 թվականին Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ ամեն ինչ նորմալ է, պետք է ստորագրվեր ասոցացման համաձայնագիրը, բայց վերջին պահին հետ կանգնեցին: Եվ այստեղից են բխում այն մտավախությունները, որ հնարավոր է սա էլ չստորագրվի:

Բայց ես կարծում եմ, որ մերոնք, այնուամենայնիվ, կստորագրեն: Ինչո՞ւ. որովհետև, առաջինը` սա պետության ու կոնկրետ մեր ղեկավարների պատվի հարցն է: Եթե չստորագրեն, կստացվի, որ երկրորդ անգամ էլ ինչ-որ փուլեր անցան, բայց հետ կանգնեցին: Պարզ է, որ նաև անձնական առումով դա մեր ղեկավարների համար բացասական կարող է լինել, էլ չեմ ասում այն մասին, որ մեր երկիրը կհամարվի անվստահելի գործընկեր:

Մյուս փաստարկն այն է, որ գաղտնիք չէ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո խնդիրները խորացել են: Այսօր ԵԱՏՄ-ի հետ կապված ինչ հայտարարում են իշխանությունները` դա մի կողմ թողնենք, ռեալ իրավիճակը շատ է վատացել: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո հենց մեր տնտեսական վիճակն է վատացել: Եվ դա է պատճառը, որ իշխանությունները հասկանում են, որ պետք է Եվրամիության հետ կանոնակարգեն իրենց հարաբերությունները, որպեսզի գոնե այնտեղից աջակցություն ու ֆինանսավորում գան:

- Ի՞նչ դիրքորոշում կարող է այս հարցում որդեգրել Ռուսաստանը: Գաղտնիք չէ, որ այդ երկիրը ամեն պատեհ առիթով ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա: Վերջին վառ օրինակը Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելն էր: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս անգամ էլ Ռուսաստանը գործի չի դնի ճնշումների մեխանիզմը, և Հայաստանը մեկ գիշերում այլ որոշում չի կայացնի:

- Եթե վերադառնանք այդ խնդրին, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտ հանդիսանալ, այո՛, դա այդպես է: Ռուսաստանը կարող է փորձել խոչընդոտել: Ի վերջո, ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու գործոններից մեկը հենց Ռուսաստանն էր: Տեսեք, թե Հայաստանի իշխանություններն ինչ լոգիկայով շարժվեցին: Օգոստոսին Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ստացվեց, որ մեկ անգամ մասնակցեցինք:

Բացի այդ, Ռուսաստանն օգոստոսին տեղեկություն տարածեց, որ իբր Հայաստանը պատրաստ է խաղաղապահ ուժեր ուղարկել Սիրիա՝ ականազերծման գործողություններին մասնակցելու համար: Պարզվեց, դա այդպես չէ, գոնե մեր իշխանությունները դեռ պաշտոնական պատասխան չեն տվել: Եվ ստացվում է, որ մենք երկու հարցերում բացասական իմպուլսներ ուղարկեցինք Ռուսաստանին:

Բայց վերջին անգամ Հայաստանի իշխանությունները որոշեցին ավելորդ անգամ չնյարդայնացնել Ռուսաստանին, չմասնակցեցին ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Ակնհայտ է, որ դա ցույց է տալիս, որ վերջին պահին Ռուսաստանը կարող է այնքան ուժեղ ճնշել Հայաստանին, որ մերոնք հրաժարվեն այդ փաստաթղթի ստորագրումից:

- Այսինքն՝ երախիքներ չկա՞ն, որ 2013 թվականի սցենարը չի կրկնվի:

- Այո՛, երաշխիքներ չկան: Բայց իմ թվարկած երաշխիքները, նորից եմ ուզում կրկնել՝ տնտեսության ծանրագույն վիճակն է: Եվ հենց Հայաստանին է պետք ԵՄ-ի հետ այդ համաձայնագրի ստորագրումը, որպեսզի սերտ համագործակցենք Եվրոպայի հետ, որպեսզի Եվրոպան մեզ աջակցի:

- Այսինքն՝ հնարավո՞ր է, որ չնայած ռուսական ճնշումներին, Հայաստանի իշխանությունները կամք դրսևորեն ու, ի վերջո, ստորագրեն փաստաթուղթը:

- Միշտ էլ հարցական կա, բայց իմ կարծիքով՝ կամք կդրսևորեն: Հիշենք` երբ ռուսները հայերի վարորդական վկայականները ճանաչելու դիմաց ռուսաց լեզուն պետական լեզու ճանաչելու հարցը բարձրացրեցին, շատ հստակ պատասխաններ ստացան Հայաստանից: Եվ իրենք, ի վերջո, իրենց որոշումը փոխեցին: Ասելիքս այն է, որ եթե հստակ դիրքորոշում ցուցաբերես, չնահանջես, Ռուսաստանը դա հարգում է: Դա է պատճառը, որ մտավախություններ ունենալով՝ կարծում եմ, որ այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ, կստորագրվի:

- Ի՞նչ կտա Հայաստանին այդ փաստաթղթի ստորագրումը, առկա իրավիճակում ի՞նչ կարող է փոխվել:

- Մենք պետք է հասկանանք, որ այս նոր շրջանակային համաձայնագիրը չի լինի այնքան խոր, որքան ասոցացման պայմանագիրն էր: Այստեղ ասոցացման համաձայնագրից դրույթներ կան, բայց չկա գլխավոր մասը՝ Հայաստան-ԵՄ ազատ առևտրի գոտի ստեղծելու դրույթը: Բայց, այդուհանդերձ, այդ փաստաթուղթը մեզ պետք է: Ինչո՞ւ. Առաջին` մենք այսօր Եվրամիության հետ շարժվում ենք մեկ իրավական փաստաթղթով՝ 1999-ին ստորագրված Գործընկերության ու համագործակցության պայմանագրով:

1999 թվականից հետո Հայաստանը հազար ու մի նոր ծրագրերով է համագործակցում Եվրամիության հետ: Դրանք չկային նախկինում: Հիմա պետք է համապատասխան իրավական բազա ստեղծել, որ այդ համագործակցության ամբողջ համալիրը մեկ տեղում հավաքվի, և իրավական բազա ձևավորվի: Այդ ֆորմալ բազան շատ կարևոր է, որպեսզի մեր և Եվրամիության ինստիտուտները կարողանան ավելի արդյունավետ համագործակցել:

Երկրորդ` այս պայմանագրում կարևոր կետեր այնուամենայնիվ կան: Դրանք վերաբերում են և՛ կոռուպցիայի դեմ պայքարին, և՛ իրավական բարեփոխումների իրականացմանը: Պետք է նոր օրենսդրություն ընդունել, մեր օրենսդրությունը համապատասխանեցնել ժողովրդավար երկրների օրենսդրությանը: Այնտեղ կան ոլորտային համագործակցության դրույթներ՝ կրթություն ու գիտություն, տեղական ինքնակառավարում և այլն:

Մի քանի կարևոր ոլորտներ կան Հայաստանի համար, որոնց շրջանակներում պետք է այդ համագործակցությունը ծավալվի: Օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում ոչ ոք չի խոսում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, ազատ մրցակցության մասին: Այնտեղ ընդհանրապես այդ խնդիրները չեն դրվում, հետևաբար, դրանք պետք է լուծվեն ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում: Կարևոր ոլորտ է նաև վիզային ռեժիմի դյուրացման խնդիրը: Դա ևս պայմանագրով նախատեսված դրույթ է և նպատակ է հետապնդում, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի հեշտ շփվեն Եվրոպայի հետ և այդ փորձը բերեն Հայաստան:

- Այդ համաձայնագրի տեքստը դեռ հրապարակված չէ, ինչ եք կարծում` պե՞տք է այս փուլում հրապարակել:

- Կարծում եմ, որ այսօր խոչընդոտ չկա նախաստորագրված պայմանագրի տեքստը հրապարակելու: Իսկ դա անհրաժեշտ է այն բանի համար, որ վաղը չասեն, թե այդ պայմանագրում Ռուսաստանի կամ այլ երկրների համար անսպասելի կետեր կան: Այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ, ուստի ես առաջարկում եմ դա հրապարակել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am