Ադրբեջանի հանդեպ արևմուտքի քաղաքականության փոփոխությունն ու ղարաբաղյան կարգավորումը

12-09-2017
9168 դիտում
Ադրբեջանի հանդեպ արևմուտքի քաղաքականության փոփոխությունն ու ղարաբաղյան կարգավորումը

2017 օգոստոսի վերջն ու սեպտեմբերի սկիզբը լի են Ադրբեջանի և Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաքրքիր նորություններով։ Վերջին շաբաթներին պարբերաբար հետաքրքիր նորություններ են հրապարակվում, որոնք կարծես վկայում են Ադրբեջանի հանդեպ արևմուտքի և հատկապես ԱՄՆ վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ:

Կոռուպցիայի վերաբերյալ նորություններ

Վերջին երկու շաբաթները հագեցած էին արևմտյան լրատվամիջոցներում Ադրբեջանի վերաբերյալ բազմաթիվ բացասական հրապարակումներով։ Պատճառը ադրբեջանական լվացքատուն վերնագիրը կրող հոդվածն էր, որը բացահայտեց Ալիևների կլանի կողմից 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքների մասին։ Այս նորությունը Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա բացասական ազդեցություն թողեց։

ԱՄՆ-ի ճնշումները Բաքվի վրա

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ սենատոր Դիք Դըրբինն առաջարկեց պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Ըստ այդ առաջարկի՝ պետք է ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ մտցվեին Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիևի անօրինական կալանավորման հետ: Լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին հարկային խնդիրներ ունենալու պատրվակով, իսկ սեպտեմբերի 9-ին, Դըրբինի առաջարկից ուղիղ երկու օր անց, ազատ էրարձակվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևընաև ներում շնորհեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով ձերբակալվել էր Բելառուսում և ապա Լուկաշենկոյի կողմից հանձնվել Բաքվին։ Հիշեցնենք, որ ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:

Ալիևի տարօրինակ «բարությունը» միանշանակ ցույց է տալիս, որ արևմուտքի ճնշումները գործում են, և պատժամիջոցները կարող են փոխել Ալիևյան ռեժիմի քաղաքականությունը։

ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի հնարավոր փոփոխություն

Վերոնշյալ լուրերի ֆոնին աննկատ մնացին նորությունները ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակի վերաբերյալ։ Նամակը, որը Թիլերսոնն ուղարկել էր սենատոր Բոբ Քորկերին պետքարտուղարությունում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, առաջարկում է լուծարելշուրջ 70ԱՄՆ հատուկ հաստիք՝ այդ թվում նաև ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահի հաստիքը։Թիլերսոնն իր նամակում առաջարկում է նրա լիազորությունները փոխանցել պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին: Նշվում է, որ պետքարտուղարի օգնականի տեղակալը ամբողջությամբ կստանձնի համանախագահի գործառույթները, իսկ աշխատակազմը կպահպանվի:

Թիլերսոնի առաջարկի հաստատման դեպքում,ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը փաստացի փոխվելու է։ ԵԱՀԿ մինսկի համանախագահների պաշտոնի առկայությունը հնարավորություն էր տալիս հաճախակի հանդիպումներ և քննարկումներ անցկացնել, սակայն այժմ ամերիկյան համանախագահի պաշտոնի վերացումից հետո նրա գործառույթները ստանձնողը կարող է լինել ավելի քիչ մոբիլ։ Մյուս կողմից էլ, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացներն այսուհետ կկարգավորվեն անմիջապես ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից, ինչը կարող է նշանակել՝ ԱՄՆ ավելի հստակ դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Թեև Թիլերսոնի առաջարկը դեռևս չի հաստատվել ու գուցեև չհաստատվի, այդուհանդերձ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում հավասարումները փոխվում են՝ ստիպելով Ալիևին գնալ զիջումների։Ինչը միանշանակ կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»