Կացիններ, նետեր, սողուններ, ձկնորսության կարթեր եւ ավելին` դատարան. Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ արգելված իրերի ցանկը «ծաղրուծանակ է»

15-09-2017
9963 դիտում
Կացիններ, նետեր, սողուններ, ձկնորսության կարթեր եւ ավելին` դատարան. Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ արգելված իրերի ցանկը «ծաղրուծանակ է»

Արգելված իրերի ցանկը, որոնք չի կարելի դատարան տանել, զավեշտալի ու անհեթեթ է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Դատարանների նախագահների խորհրդի հրապարակած ցանկին:

«Ծաղրուծանակ է այդ արգելված իրերի ցանկը, նման է «Սասնա ծռերի» գործով անցկացվող դատավարությանը, հենց այդ դատավարության համատեքստում է դա: Ինչպես անցկացնում են այդ դատավարությունը, այնպես էլ նման անհեթեթ ցանկ են հրապարակել»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսյանյանը:

Դատարաններ տարվող արգելված իրերի ցանկը հրապարակվել է ի պատասխան փաստաբանների այն դժգոհության, որ իրենց խուզարկում են դատարաններ  մուտք գործելիս: Փաստաբանները պահանջում էին ցանկ փակցնել դատարաններում, որպեսզի իմանան, թե ինչ չի կարելի բերել դատարան: Եվ ահա, Դատարանների նախագահների խորհուրդը հրապարակել է զավեշտալի մի ցանկ:

Ըստ այդմ՝ դատարանի շենք մուտք գործող անձանց արգելվում է շենք տանել զենք, նիզակներ, բթացնող կամ հարվածող սարքեր, էլեկտրաշոկային սարքեր, կացիններ, նետեր, բեյսբոլի մականներ, գոլֆի թիեր, հոկեյի թիեր, նավակի թիեր, բիլիարդի կիեր, ձկնորսության կարթեր, մահակներ, գործելու շյուղեր և այլն: Արգելվում է դատարաններ տանել նաև ցանկացած տեսակի կենդանիներ, ձկներ, սողուններ, միջատներ և թռչուններ: Ցանկը հաստատել է Դատարանների նախագահների խորհուրդը, ստորագրել՝ Վճաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ պարզվում է, որ այդ Խորհուրդը նման թուղթ հրապարակելու լիազորություն չունի: Փաստաբանները պնդում են, որ դա իրավական ուժ չունի, քանի որ սխալ մարմնի կողմից է հրապարակված: «Պարզվեց, որ հենց Փաստաբանների պալատի նախագահն է դիմել այդ մարմին, որպեսզի նրանք հրապարակեին դա: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հստակ պարզաբանում չի տալիս, թե ինչո՛ւ էր դիմել այդ մարմին, որ այդ ցանկը հրապարակվեր»,- ասում է իրավապաշտպանը:

Իրենք՝ փաստաբանները նույնպես զավեշտալի են համարում այս ցանկը: Սեպտեմբերի 13-ից 180 փաստաբան խուզարկությունների դեմ գործադուլ է անում: Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարել է, որ չի կարծում, թե Հայաստանը ծաղրի է արժանի, իսկ այդ ցանկը իրոք ծաղր է: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ «Քոմեդի քլաբի» տեքստ է որակել արգելված իրերի ցանկը:  «Դուք  պատկերացնո՞ւմ եք, որ աշխարհով մեկ հումոր գնա, որ Հայաստանի դատարաններում արգելվում է ներս մտցնել գործելու շյուղեր: Այսինքն՝ ի՞նչ, մեր փաստաբանները խասիաթ ունեն, հա՞, շյուղերով ներս մտնելու»,- հարցադրում է անում փաստաբանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ասել է, որ այդ ցանկն ստեղծվել է ի պատասխան փաստաբանների պահանջի:

Չնայած ցանկը հրապարակված է, բայց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, դա ոչ մի փոփոխություն չի բերում, փաստաբաններին դարձյալ խուզարկում են: «Այսօր դարձյալ խուզարկել են: Ընդ որում, ընտրովի մոտեցմամբ են ստուգում: Երբ փաստաբաններից մեկին ստուգում էին, փոստատարը մուտք գործեց դատարանի շենք՝ երկու մեծ տոպրակներ ձեռքին: Այսինքն՝ նա կարող էր արգելված իրեր տանել: Ամբողջ  հարցն այն է, որ Փաստաբանների պալատն ասում է, որ սա խուզարկություն չէ, բայց չի հիմնավորում իր հայտարարությունը: Եվ Փաստաբանների պալատի նախագահն ուզում է պահել Դատական դեպարտամենտի որոշումը, նա չի պաշտպանում փաստաբանների դիրքորոշումը»,- ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ շատ տարօրինակ է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը նման ցանկ է հրապարակում, այսինքն՝ հենց նա է այդ ցանկի հեղինակը, ինչպես նշում են փաստաբանները: Այնինչ նա վաղուց պետք է այդ պաշտոնին չլիներ:
«Այս խուզարկությունների նպատակը գործընթացը տապալելն է ու «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներին առանց պաշտպանների թողնելը: Փաստաբանների պալատի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանրային պաշտպաններ տանել և որպես բուտաֆորիա թողնել դատարանում, որոնցից հրաժարվում են գործով ամբաստանյալները»,- հավելեց իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ սա շատ լուրջ հարց է, որովհետև փոխվում է վերաբերմունքը փաստաբանների նկատմամբ, որոնք Հայաստանի դատական համակարգում արդարադատությունը իրապես կրող մարդիկ են: «Հենց գործադուլ հայտարարած փաստաբաններն են իրապես պայքարում երկրում արդարադատություն հաստատելու համար»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am