«Շարմազանովի հայտարարարություններն ամբողջովին խարխլում են հանրապետություն հասկացության արժեքային համակարգը». Արթուր Սաքունց

16-09-2017
11697 դիտում
«Շարմազանովի հայտարարարություններն ամբողջովին խարխլում են հանրապետություն հասկացության արժեքային համակարգը». Արթուր Սաքունց

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իրեն Սահմանադրությունից դուրս է դնում, երբ եկեղեցու ու պետական մարմինների կապի մասին հայտարարություններ է անում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Իր մտածելակերպով ու գործելակերպով Շարմազանովն իրեն դրել է Սահմանադրությունից դուրս: Եվ նման մակարդակի պաշտոն զբաղեցնող անձի կողմից նման հայտարարություններ անելն իրենց բովանդակությամբ ամբողջովին հակասահմանադրական են: Ավելին, այդ հայտարարարություններն ամբողջովին խարխլում են հանրապետություն հասկացության արժեքային համակարգը»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, պատասխանելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, հայտարարել էր, որ դեպի սուրբ երրորդություն, դեպի Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է: Ըստ նրա՝ Հայ առաքելական եկեղեցին չի կործանում մեր պետականությունը, ինչպես Հրանտ Բագրատյանն է ասել:

«Եվ եթե դնում ենք առաջնահերթությունները, ամենավերևը Աստված է, հետո` մեր հայրենիքը»,- ասել էր Շարմազանովը:

«Մեդիալաբը» ԱԺ փոխխոսնակին հարց էր ուղղել՝ ըստ Սահմանադրության եկեղեցին ու պետությունը պետք է անջատ լինեն, այնինչ Հայ առաքելական եկեղեցին մուտք է գործել բանակ ու դպրոց և ընդլայնում է իր լիազորությունները, ինչո՞ւ է այս իրավիճակը, Շարմազանովը պատասխանել էր.

«Լավ է արել, բա ի՞նչ պետք է անի եկեղեցին: Բա կարո՞ղ է աղանդավորական շարժումներն անեն: Եկեղեցին մեր սուրբ եկեղեցին է, և պետք է եկեղեցու ժամերն ավելացնենք դպրոցներում: Ու ոչ միայն դպրոցում, բուհում էլ, ձեր շրջապատում էլ»:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները բանակում զինծառայողներին ամեն օր ստիպում են աղոթել:

Այս խնդրին «Մեդիալաբն» ավելի վաղ անդրադարձել էր: Հայկական բանակում ծառայություն իրականացնող 50-ից ավելի հոգևորականները, ըստ պաշտպանության նախարարության, «դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ անցկացնում, յուրաքանչյուր դիրքափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում են իրենց խոսքով և աղոթքով ճանապարհում, այցելում են նաև սահմանապահ ուղեկալներ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ, կատարում են եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ»: Մասնագետները եկեղեցու և բանակի ու դպրոցի սերտաճումը վտանգավոր են համարում: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ավելի վաղ «Մեդիալաբին» ասել էր, որ Հայ առաքելական եկեղեցին պետականորեն մտել է բանակ: Նրա խոսքով՝ մի կողմից եկեղեցին սերտաճել է դպրոցների հետ, մյուս կողմից՝ բանակի: Մինչդեռ պետությունն ուժեղ է, երբ աշխարհիկ է:

«Մեդիալաբի» հարցին, թե բանակում Հայ առաքելական եկեղեցու սպասավորների գործունեությունը մարդու իրավունքների խախտում չի՞ ենթադրում, Շարմազանովը պատասխանեց.

«Ո´չ պոռնկություն են քարոզում, ո´չ էրոտիկա: Եկեղեցին պետք է քարոզի ու շատ ճիշտ է, երբ բանակում «Հայր մեր»-ով են սկսում օրը: Հլը պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ մենք կարողանանք ունենալ այդ հոգևոր զարթոնքը»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ Շարմազանովի հայտարարությունը միաժամանակ խոստովանություն է, որ կառավարող կուսակցությունը, ըստ էության, որևէ անելիք չունի, ձախողել է բոլոր բնագավառներում և նաև գաղափարախոսություն չունի:

«Որպես միակ գործընկեր այլևս գտել են եկեղեցուն, որի միջոցով փորձում են իրենց լեգիտիմությունը ձևավորել: Բայց մոռանում են մի բան, որ դա ինչ-որ չափով կարող է երկարաձգել իրենց գոյությունը, միաժամանակ, փաստում է այն, որ նույնիսկ թվերը չեն օգնում, թվերը լեգիտիմության երաշխիք չեն: Մյուս կողմից էլ, իհարկե, եկեղեցին խառնելով քաղաքականության հետ, նրանք, բացի հանրապետություն հասկացության արժեքները խեղաթյուրելուց ու ոչնչացնելուց, մյուս կողմից վարկաբեկում են եկեղեցին, չնայած եկեղեցին առանց այն էլ այդ մեծ հեղինակություն չուներ»,- ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ եկեղեցին էլ իր կողմից ներգրավվելով այդ խաղի մեջ, ոչ միայն գաղափարական ու հոգևոր ինչ-որ արժեքներ է տարածում, այլև զուտ իր ֆինանսական շահերն է հետապնդում:

«Այսինքն՝ մեզ մոտ հասարակական արժեքների ամբողջովին խեղաթյուրում է տեղի ունենում, որի հետևանքները շատ վտանգավոր են: Դա չի համապատասխանում որևէ բնականոն վիճակում գտնվող հասարակությանը, և հասարակությունը չի կարող այդ խեղաթյուրված արժեքներով շարունակի գոյատևել: Եվ այս ցնցումները, բողոքները, ընդվզումներն ու քաոսն առավել քան տրամաբանական շարունակությունն են այն վարքագծի, որը դրսևորում է իշխանությունը»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am