«Այն, որ ոստիկանությունն արդեն երեխաների է ձերբակալում, փաստում է, որ այդ կառույցը դեգրադացիայի է ենթարկվել». Իրավապաշտպաններ

20-09-2017
8651 դիտում
«Այն, որ ոստիկանությունն արդեն երեխաների է ձերբակալում, փաստում է, որ այդ կառույցը դեգրադացիայի է ենթարկվել». Իրավապաշտպաններ

«Այն, որ ոստիկանությունն արդեն երեխաների է ձերբակալում, փաստում է այն մասին, որ այդ կառույցը դեգրադացիայի է ենթարկվել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաների ձերբակալությանը:

«Եվ ոստիկանությունն իր արարքների վերաբերյալ բացատրություններ էլ չի տալիս: Ձերբակալել անչափահասներին, երեխաների առևանգել և ապօրինի պահել մոտ 4 ժամ` սա խոսում է երկրի վիճակի մասին: Այսինքն՝ ոստիկանությանը ոչինչ չի կանգնեցնում: Լավ է` գոնե երեխաներին բռնության չեն ենթարկել, դրան էլ են ընդունակ»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները: Նրանց հետ միասին ձերբակալվել էին Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։ Նրանց ձերբակալել էին, երբ Հանրապետության հրապարակում Հայաստան-սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի մասնակիցները սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ էին բաժանել: Ժամեր անց ձերբակալվածներն ազատ էին արձակվել:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը «Սասնա ծռերի» գործի շրջանակներում մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը: Կարո Եղնուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դատավարությունների ընթացքում պարբերաբար բարձրաձայնում է իր նկատմամբ անօրինականությունների մասին:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ոստիկանությունն ընդգծված վերաբերմունք ունի քաղբանտարկյալների ընտանիքների նկատմամբ: Որպես օրինակ նա բերում է Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ով մշտապես հետապնդվել ու բերման է ենթարկվել ոստիկանների կողմից:
«Ամբողջ համակարգը ճնշում ու հետապնդում էր նրան: Երևում է` հիմա ոստիկանության թիրախ է դառնալու Եղնուկյանի ընտանիքը: Ոստիկանությունը հենց միայն դրա համար է Հայաստանում, որ բռնություն կիրառի: Եվ հատկապես ատելությամբ են լցված քաղբանտարկյալների ընտանիքների նկատմամբ: Գուցե արդեն պատվեր էլ չունեին նրանց այնտեղից չեզոքացնելու, բայց իրենց երևակայությունը սա է»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ Կարո Եղնուկյանն այսօր ապօրինի կալանքի տակ է, հայտնի չէ, թե ինչի´ համար է անազատության մեջ: «Անգամ հայտնի չէ, թե ինչի´ համար է նա մեղադրվում: Իրավապահների խղճուկ հիմնավորումները, կեղծիքն ու սուտը համոզիչ չեն: Իսկ ոստիկանության այս գործողություններն ուղղակի ճնշում են նրա ընտանիքի նկատմամբ: Ես ոստիկանների վերաբերմունքը երեխաների ու ընտանիքի նկատմամբ համարում եմ բարբարոսական»,- հավելեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունն իր համար պատիվ է համարում նման գործելաոճը՝ քաղաքացիներին բռնության ենթարկելը, մեկուսացնելն ու չեզոքացնելը: Դրանով իբր փորձում են ցույց տալ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, քաղբանտարկյալներ չկան:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ նոր միտում է նկատվում՝ ոստիկանությունն արդեն երեխաների է ձերբակալում: «Գնալով արդեն խորանում է իրավիճակը: Եթե մի ժամանակ մարդկանց ձերբակալում էին, երեխաներին չէին դիպչում, ապա հիմա արդեն երեխաներին են ձերբակալում: Բնական է, որ իշխանություններն իրենց անօրինականությունների մեջ քայլ առ քայլ առաջ են գնում, մտածելով, թե անպատիժ են ու անպատիժ էլ մնալու են»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը:

Վարդան Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին ականատես ենք լինում այն բանին, որ ոստիկանությունը, իր բուն գործառույթները թողած, միջամտում է քաղաքական գործընթացներին: «Եվ այս դեպքը պետք է դիտարկել նույն համատեքստում, որ ոստիկանությունն ուղղակի քաղաքական իշխանության պատվերը կատարելու նպատակով ձերբակալել է մարդկանց՝ մտացածին ու շինծու պատրվակով: Դրա նպատակն է, որ նրանց բողոքի ձայնը չհասնի հասցեատերերին, տվյալ դեպքում` սփյուռքահայերին»,- ասում է Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանը նկատում է՝ մարդու իրավունքների առումով Հայաստանում հետընթաց է գրանցվում: Իշխանություններին չի զսպում նաև այն, որ այս օրերին սփյուռքահայ հյուրեր կան Հայաստանում:

«Իշխանություններին հուզում է միայն մեկ խնդիր՝ ինչքան երկար կմնան իշխանության, և հանուն դրա ամեն ինչի պատրաստ են: Նրանք դա արդեն ապացուցել են և´ Մարտի մեկով, և´ դրան հաջորդած գործընթացներով, և այսօր են դա ապացուցում»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Լուսանկարներում Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամները։ Արխիվային լուսանկարներ, «Ֆոտոլուր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am