«Այսօր սփյուռքը հրաշալի գիտի, թե ի´նչ է կատարվում Հայաստանում, քանի որ բազմաթիվ օրինակներ գիտեն, թե ինչպես են հայերին քցում». Վալերի Գործունյան

21-09-2017
4987 դիտում
«Այսօր սփյուռքը հրաշալի գիտի, թե ի´նչ է կատարվում Հայաստանում, քանի որ բազմաթիվ օրինակներ գիտեն, թե ինչպես են հայերին քցում». Վալերի Գործունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

- Տիկի´ն Գործունյան, ավարտվեց Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովը։ Բազմաթիվ սփյուռքահայեր նշում են, որ այս համաժողովները երբեք ձևից բովանդակության չեն անցնում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նման համաժողովների անցկացումը։

- Իհարկե ամբողջությամբ չհետևեցի համաժողովին, սակայն սա համարում եմ սալոնի ժողով և որևէ արդյունք չեմ տեսնում։ Միայն լսեցի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի ելույթը, ով ասաց, որ Հայաստանը միայն զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, և սփյուռքն ավելի գործուն մասնակցություն պետք է ունենա։ Սփյուռքահայերը եկան, ուրախացան, բայց որևէ կարևոր որոշում, չեմ կարծում, որ կայացվի, բացի հերթական հայտարարություններից։

- Այս համաժողովը տարբերվում էր նախորդներից, ուզում են համահայկական խորհուրդ ձևավորել, որը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի Սերժ Սարգսյանը։ Գործնականում ի՞նչ արդյունք կարող է ունենալ խորհուրդը։

- Թող ձևավորեն, տեսնենք` սփյուռքահայերն ի՞նչ իրավունքներ պետք է ունենան այդ խորհրդում, արդյոք նրանց կտա՞ն իրական իրավունք, որ կարողանան Հայաստանում օրենք փոխել, ազդել փոփոխությունների իրականացման վրա։ Եվ ես չեմ հավատում, որ այդ խորհուրդն ունենա սոցիալական և կամ քաղաքական ազդեցություն և ուժ։ Խորքի մեջ նպատակը սփյուռքից նյութական միջոցներ ստանալն է, ուզում են օգտագործել սփյուռքը։ Այսպիսով, սա ուղղակի սալոնի համաժողով է։

-Լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը համաժողովի ժամանակ հարց ուղղեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք նոր հեղափոխական տնտեսական ճամփա բացիք: Նաև կըսեն, թե դուք շատ լավ շախմատ խաղցող եք, որովհետև շախ ըրիք, մատ ցույց տվիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններեն»։ Արդյոք Դուք մեկ տարվա ընթացքում այդպիսի հեղափոխական քայլեր վարչապետի կողմից նկատե՞լ եք։

- Ո՞ւր է Կարեն Կարապետյանի իրականացրած հեղափոխությունը։ Դարձյալ սալոնային խոսակցություններ են, երևի այդ լիբանանահայը շոյվել էր Կարեն Կարապետյանին տեսնելուց. սփյուռքահայերը կոմպլեքսավորված են, երբ հանկարծ երկրի վարչապետ կամ նախագահ են տեսնում, ուրախանում են, բայց ով ճանաչում է Հայաստանը, ով լրջորեն հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, սոցիալական փոփոխություններին, գիտի և տեսնում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում ոչ մի բան չի փոխվել, որ սա Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության շարունակությունն է, ուրիշ ոչինչ։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչն է փոխվել, ի՞նչ է արել Կարեն Կարապետյանը։ Եվ եթե նախկին մի քանի դեմքեր այսօր չկան քաղաքականության մեջ, կառավարությունում, դա դեռ չի նշանակում հեղափոխական քայլ է: Այդ մարդիկ, այո՛, չկան քաղաքականության մեջ, սակայն շարունակում են նույն օլիգարխները մնալ, իրենց հարստությունը պահել, իրենց կյանքը շարունակել, և դա չի նշանակում, որ Կարեն Կարապետյանը ինչ-որ բան է փոխել երկրում։ Նրանցից որևէ մեկը պատասխանատվության չկանչվեց, որևէ մեկը չդատվեց, արդարադատությունը չի փոխվել, սոցիալական իրավիճակը՝ նույնպես։ Օլիգարխիան շարունակվում է, անպատժելիության մթնոլորտը՝ նույնպես։ Եվ այս գնահատականը ուղղակի սալոնի խոսակցություն է։

- Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ 2040-ին Հայաստանում 4 միլիոն բնակչություն կլինի։ Որքանո՞վ եք իրատեսական համարում այս հայտարարությունը։

- Սա սուտ է, և սա գիտի յուրաքանչյուր ոք։ Ո՞վ է հավատում նրա նշած թվերին, ինչպե՞ս պետք է այդքան մարդ հետ բերեն Հայաստան, երբ ժողովուրդն անընդհատ մտածում է Հայաստանից փախչելու մասին, գուցե հողի տակի՞ց պետք է հետ բերեն։ Սփյուռքահայությո՞ւնը պետք է գա Հայաստան, սա սուտ է։ Նրա հրապարակած թվերը ծիծաղի են արժանի և զավեշտ են։

- Սփյուռքը, ըստ Ձեզ, աջակցո՞ւմ է Հայաստանի իշխանություններին։

- Ես գիտեմ, որ երբ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ հետ եկավ Հայաստան, մի քանի մարդ այստեղ հույսեր կապեցին նրա հետ, որ Կարեն Կարապետյանը կարող է բան փոխել։ Ես վերջերս հանդիպել եմ այդ մարդկանց հետ, նրանք արդեն հասկացել են, որ, դժբախտաբար, Կարեն Կարապետյանը որևէ բան չի փոխել Հայաստանում։ Այդ մարդիկ գալիս են Հայաստան, այստեղ գործեր ունեն ներդրած, և հիմա նրանք նշում են, որ սխալվել են, որ իրականության մեջ Կարեն Կարապետյանը որևէ բան չի փոխել։ Հայաստանում նույն օլիգարխիկ համակարգն է, որտեղ մարդու իրավունքները չեն հարգվում։ Կարո Եղնուկյանի ընտանիքին են բռնում թռուցիկներ բաժանելիս։ Ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը, այնպիսի համակարգ պետք է լինի, որ վստահություն կներշնչի թե՛ սփյուռքին, թե՛ Հայաստանի ժողովրդին։ Ո՞ւր են այդ քայլերը, դժբախտաբար, չկան։

- Այս համաժողովում և ընդհանրապես վերջին շրջանում ներդրումների մասին խոսակցություններն ավելի շատ են, կարո՞ղ է ինչ-որ պահի լուծում տրվի այս խնդրին, և Հայաստանի համար ներդրումների դաշտը նպաստավոր դառնա։

- Չէ´, չի կարող։ Ինչպե՞ս... Սփյուռահայերը գիտեն, թե որքան անապահով է Հայաստան գալ և ներդրում կատարելը, քանի որ բազմաթիվ օրինակներ գիտեն, թե ինչպես են հայերին քցում։ Ուրիշ հարց է սիրիահայերի խնդիրը. նրանք ստիպված են եկել, ներդրումներ են անում, ոմանց հաջողում է, ոմանց ՝ ոչ, նրանցից շատերը փորձում են նորից Հայաստանից գնալ, քանի որ չեն կարողանում այստեղ կայանալ։ Այսօր սփյուռքը հրաշալի գիտի, թե ի´նչ է կատարվում Հայաստանում, և թե ի´նչ տեսակ պետություն է Հայաստանը։ Եվ Հայաստանում այսօր կտրուկ քայլեր պետք է արվեն վստահություն ձեռք բերելու համար, որը հեշտ գործ չէ, քանի որ վստահություն կորցնելը դյուրին է, բայց հետ բերելը դժվար է, շատ դժվար։

Մանե Հարությունյան

MediaLab.am