«Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետև բարոյական դրական արժեքների պակաս կա». Զարեհ Պալյան

22-09-2017
4008 դիտում
«Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետև բարոյական դրական արժեքների պակաս կա». Զարեհ Պալյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ հասարակական գործիչ, գործարար Զարեհ Պալյանը, որը մասնակցում էր Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին:

- Պարո´ն Պալյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Վերջին օրերին ոստիկանները Հանրապետության հրապարակից ուժով հեռացրել են քաղբանտարկյալների հարազատներին, ովքեր փորձում էին Հայաստան եկած սփյուռքահայերին թռուցիկներ բաժանել:

- Սխալ են անում իշխանությունները: Թռուցիկ բաժանելը ո´չ պետության հիմքերին է սպառնում, ո´չ էլ որևէ մեկին, դա ժողովրդավարական երկրներում ամենաընդունված գործողություններից է, որը ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտվի:

- Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց նկատո՞ւմ եք:

- Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը լավ մակարդակի վրա չէ: Հարցերի հարցը և խնդիրների արմատը բարոյահոգեբանական ազնվական արժեքների պակասն է: Չենք կարող այս պահին միանգամից ասել՝ Սերժ Սարգսյանն է մեղավորը: Այո´, Սերժ Սարգսյանը շատ մեղքեր ունի, բայց եթե ժողովրդի արյան մեջ մտած են այս հակաարժեքները, ապա ով ուզում է լինի նախագահ` նույնն է լինելու: Եթե քո երկրում նախարարը գիշեր-ցերեկ մտածում է` ինչպե´ս թալանի ժողովրդին, և դու չունես այդ լծակները, թե ինչպե´ս նրան խելքի բերես, իրավիճակ չի փոխվի: Մեկին կարող ես խելքի բերել, բայց էլի կան, բոլորն են ուզում անօրեն մեթոդներով հարստանալ:

- Հետևաբար, ի՞նչ լուծումներ եք տեսնում:

- Ես առաջարկում եմ մի ծրագիր, որը Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ է միայն հնարավոր կյանքի կոչել: Դա բարոյահոգեբանական ազնվական արժեքների վերահաստատումն է Հայաստանում: Պետք է դպրոցներում հատուկ դասընթացներ լինեն այդ մասին: Հույսեր կան, որ կառավարությունը կարող է ընդառաջել: Ես բարձրաձայնել եմ, որ Հայաստանում բիզնես եմ կորցրել, դրանով ուզում եմ ցույց տալ, որ այդ բարոյահոգեբանական արժեքները չլինելու պատճառով է դա եղել: Իմ առաջարկած ծրագրով այդ արժեքները 77-ն են: Առաջարկում եմ առաջին հերթին դպրոցներում դրանք որպես պարտադիր ուսուցում մտցնել: Ես դրանով բոլոր հակաարժեքների դեմ եմ՝ անսկզբունքայնություն, ստախոսություն, շողոքորթություն, ապերախտություն...

- Կոռուպցիան ներառվա՞ծ է դրանում:

-Այո´, կաշառակերությունն առաջիններից մեկն է:

- Ինչո՞ւ է կոռուպցիան այսքան արմատացած Հայաստանում:

- Որովհետև 1500 տարի է՝ մեզանում կան այդ թերությունները: Դա և´ Մովսես Խորենացին է տեսել, և´ Հովհաննես Թումանյանը: Ոչ մի քայլ առաջ չենք գնացել, ընդհակառակը` հետ ենք գնացել: Սա մեր ժողովրդի մեջ մի արատ է, պետք է վերացնել: Մարդիկ գտնում են, որ կաշառակերությունը միջոց է, որով իրենց նպատակներին կարող են հասնել: Իհարկե, կաշառակերությունն իր հետ անարդարություն էլ է բերում:

- Ինչո՞ւ անարդարության դեմ Հայաստանի ժողովուրդը դուրս չի գալիս պայքարի:

- Մեր ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետև այդ բարոյական դրական արժեքների պակասը կա: Եթե դուրս գալը պահանջում է անձնազոհություն ու ազնվություն, արդեն խնդիր է: Երկրորդ` պետք է պրակտիկ լինել ու ավելի գործնական ձևով մտածել: Երբ ժողովուրդը հույս տեսնի, որ իսկապես իշխանափոխություն կամ փոփոխություն կլինի երկրում, դուրս կգա փողոց: Եթե ես ելնում ու բարձր նպատակներից եմ խոսում, բայց ժողովուրդը չի հավատում, որ կանեմ, ուրեմն ես եմ մեղավոր, չեմ կարողանում ժողովրդին իմ ազնվությամբ գրավել: Ժողովուրդն էլ իր հերթին վախեցած է: Ասում է՝ մի քանի ամիս առաջ հազիվ գործ եմ գտել, գնամ ցույցերի, այդ գործից էլ ընկնեմ, ի՞նչ է լինելու: Դրա համար նաև մարդիկ դուրս չեն գալիս փողոց:

- Ձեր ասածից հասկացվում է, որ նաև վստահելի քաղաքական ուժեր չկան, որոնց հետևից կարելի է գնալ:

- Այո´, չկա քաղաքական ուժ, որն այնպիսի հեղինակություն ունենար ժողովրդի մեջ, որ հավատային, թե նա կարող է փոփոխություն բերել: Այդ դեպքում մեր ժողովուրդն անմիջապես դուրս կգար փողոց: Մեր ժողովուրդը անարդարությունը տանող ժողովուրդ չէ, բայց չի տեսնում այդ ուժը:

- Հայաստանի իշխանություններն ի վիճակի՞ են ընդունելու իրենց սխալներն ու փոփոխություններ անել:

- Ես իշխանությունից չեմ սպասում այդպիսի ազնվություն: Ազնիվ մարդը Հայաստանում միամիտ հիմար է, հարիֆ: Ուրեմն իրենք ավելի շուտ շարժվելով գողական օրենքներով՝ չեն ասի, որ սխալ են: Բայց վարչապետ Կարեն Կարապետյանի մասին չեմ կարող այդ բանն ասել: Նա որոշ բաներ արել է, եթե հնարավորություններ ունենա, իմ կարծիքով` կարող է փոփոխություններ անել:

Լուսանկարը՝ tert.am

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am