Վաստակավորի մուրացկանը

22-09-2017
7835 դիտում
Վաստակավորի մուրացկանը

Երգիչ Մհերն ասում է, որ ամբողջ կյանքում է սպասել վաստակավոր արտիստի կոչմանը: Այդ երիտասարդը ԽՍՀՄ փլուզման ժամանակ 10 տարեկան էր:

Ծանոթանում եմ նրա հետխորհրդային կենսագրությանը:

90-ականներին ապրել է Մոսկվայում: Մասնակցել է միայն ռուսական նախագծերի: Մի մասում նույնիսկ հաղթել է: Սակայն կյանքի ինչ-որ հատվածում աշխատել է Queen խմբի բրիտանացի կիթառահար Բրայան Մեյի հետ: Եվ անկասկած հայտնաբերել է, որ Բրայան Մեյը վաստակավոր արտիստ չէ: Հիմա տեսեք: Մեծ Բրիտանիայում պարզապես կոչումներ չկան: Ասում ես Բրայան Մեյ ու Անգլիայի թագուհին ուզում է սեղմել ձեռքդ: Ոչ թե ասում ես, այլ թագուհին կանչում է, որ սեղմի, որովհետեւ կիթառն ասել է արդեն: Մհերի մասին չես ասի, թե ձայն չունի: Բայց նրա ձայնը նույնիսկ Մհերին ոչինչ չի ասել: Մարդն ամբողջ կյանքում երազում էր վաստակավոր արտիստ լինել: Առջեւում դեռ նույնի ժողովրդականը կա: Երիտասարդ տղա է: Կյանքի մեծ մասն ապրել է անկախ պետության մեջ: Անկախության ընթացքում այդպես էլ չի կարողացել հասկանալ, որ եթե մարդը կոչում չէ, կողքից ոչ մի տիտղոս նրան մարդ չի դարձնի: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ երգը՝ երգ, ձայնը՝ ձայն, բայց Մեյը քննություն է բռնում ամբողջ աշխարհում, իսկ Մհերը՝ վաստակավորի արեալում: Այսինքն, Մհերի ամեն բեմել վաստակավորի մուրացկանություն է: Նույնիսկ, եթե երգում է Ամերիկայում: Որտեղ նույնպես կոչումներ չկան:

Մհերը ծանր դեպք չէ: Նա գոնե ձեւակերպել է դիագնոզը: Նրա հետ հնարավոր է աշխատել:

Երեկ Բաղրամյան 26-ում վաստակավորի կոչմանն են արժանացել եւս մի քանի երիտասարդներ՝ Արամե, Մկո: Մյուսներին չգիտեմ: Որոնցից ոչ մեկը չի էլ հասկանում, որ ԽՍՀՄ-ն ուղղակի բռնել է իրենց պոչից: Սատանան չի կարող աշխատել մարդու աչքերի մեջ նայելով, ինքը պետք է լինի ամբողջ մարդը: Այդպիսին է Խորհրդային Միությունը: Նա քարտեզի վրա չկա, նա արդեն մեր վաստակավորների մեջ է, ԽՍՀՄ-ն արդեն նրանց օրգանական ներդաշնակությունն է: Ոչ մեկի միտքը չի դողացել կոչմանն արժանանալիս: Ոչ մեկը չի մտածել՝ դա ի՞նչ է:

Չխոսենք այն մասին, որ կոչումը նաեւ հաշվառում է:

Այսինքն, դու դառնում ես նրանցից մեկը, որոնց հետ իշխանությունը հույսեր է կապում իր անբարոյականության օրերին: Չխոսենք, որ կոչումը նույնն է, ինչ ԱԱԾ անլեգալ գործակալը: Այս մարդիկ արվեստի անունից են հռչակում իրենց: Այնպես չէ, որ եթե կոչումը չլիներ, իրենք կլինեին մեզանից մեկը: Այնպես չէ, որ անկոչում մնացածը ինքն իր համար չի կոփում մի կոչում, որով ուզում է, շատ է ուզում տարբերվել չարքաշ մեկից: Բայց երբ կոչումը չկա, քո ճանապարհին մի նպատակային անբարոյականություն պակասում է: Իր նման քաղքենի մեկի աչքը խոթելու բան չկա: Եթե ինքդ չես հորինում այդ անբարոյականությունը, գուցե դեռ հույս կա, որ ստիպված կլինես բազմապատկել մարդ եւ արվեստի ներկայացուցիչ լինելու ջանքը: Իսկ հիմա խնդիր կա:

Մհերը լուծել է բեմի կենտրոնում լինելու հարցը:

Արամեն ու Մկոն լուծել են կարեւոր խնդիրը: Որ հարցնես, կասեն՝ մեզ ժողովուրդն է գնահատել: Կամ՝ դա ժողովրդի գնահատականի պետական արտահայտությունն է: Վիճելու բան չէ:

Ժողովուրդը գուցե գնահատել է:

Թեպետ ես էդ գնահատականներում չկամ: Բայց պարգեւ տվողը նա է, ում մերժվել է ժողովրդի գնահատականը, տղաներ: Ամեն այդպիսի կոչում Հայաստանին զրկում է հենակետից: Որովհետեւ վաստակավորը անհասկանալի բառ է, Բրայան Մեյը դա չի հասկանա: Ինքը չի կարող Մհերին ներկայացնել, ասենք, Ռոջեր Ուոթերսին եւ ասել՝ լավ երգիչ է, ՀՀ վաստակավոր արտիստ: Ուոթերսը նախ կողբա Մեծ Բրիտանիայի սեւ օրը, երբ Մեյը կարեւորություն տվեց կոչմանը:

Հայաստանն է մեղք:

Այստեղ կոչումը ժամանակին աշխատել է, որովհետեւ փողով բուհ էին ընդունվում, ռուսերենն ավելի լեզու էր, քան՝ հայերենը: Ու քանի դեռ փողով բուհը եւ ավելի լեզուն էս հողից չեն նահանջել, կոչումներն առնետների նման թափառելու են մեր երգիչների եւ այլ արվեստագետների հոգիներում որպես մանկության բյուրեղյա երազանք:

Ի դեպ, 7 տարեկանում ես երազում էի, որ կրծքիս պատերազմի հերոսների մեդալներ կախված լինեն: Բայց ոչ թե 40 տարեկանում դրանք կախվեն, այլ հենց՝ 7: Որովհետեւ անհասկանալին կարող է իրացվել հեքիաթում: Որովհետեւ էդ հեքիաթն ինքդ ես գրում: Եթե չես մեծանում, գուցե մնաս հեքիաթիդ մեջ: Եթե մեծանում ես ու երազանքդ դեռ մեդալներն են, նշանակում է հեքիաթը ճամփին մի տեղ սովից մեռել է:

Մհեր Արշակյան

MediaLab.am