Բաքվում խցանվածները

23-09-2017
2621 դիտում
Բաքվում խցանվածները

Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվի հյուրանոցում հայկական կոնյակ ու գինի են խմել ու լուսանկարը դրել Ֆեյսբուքում: Խմել են, լավ են արել: Ես էլ Բաքվի հյուրանոցում կգերադասեի մեր «Կարասը»: Բայց Բաքվում աղմուկ է բարձրացել: Շատ տրամաբանական աղմուկ:

Այս երկուսը վարվել են վերջին մանկամիտի պես: Նրանք խախտել են հյուրընկալության բոլոր կանոնները: Եթե Բաքուն մեզ թշնամի է, այդ թշնամին, համենայնդեպս, հյուրընկալ է գտնվել: Չեմուչումով թե սեղմված ատամներով` բայց ընդունել է: Բաքուն չի ասել նաև, որ մեր հյուրանոցներում կխմեք միայն ադրբեջանական կոնյակ և գինի:

Բայց ձեր արածը, ընկե´ր պատգամավորներ, նույնն է, որ Միլի մեջլիսի ադրբեջանցի ներկայացուցիչը Երևանի հյուրանոցում լուսանկարվի կացինով, ակնարկելով, թե իրականում ի´նչ առաքելություն ունեն իրենք Երևանում:

Աշոտյանն ու Թանդիլյանը վատ են վարվել, նրանք Բաքու են մտել որպես հյուր, բայց տեղում հիշեցրել են, որ թշնամի են: Որովհետև պարծեցել են մեզ՝ հայերիս մոտ, թե՝ տեսեք-տեսեք Բաքվի մեջ հայկական կոնյակ ենք խմում:

Լուսանկարը տարածել պետք չէր: Մի քիչ ձեզ դրեք եվրոպացիների տեղը, գոնե երբ հյուր եք: Նրանք այդպիսի բաներ չեն անում:

Հյուրը կռիվ չունի:

Եթե հյուրընկալողը քեզ հետ կռիվ ունի, դա իր և Բաքվում համաժողով կազմակերպողների խնդիրն է:

Ադրբեջանցին գերազանց գիտի, որ դու հայ ես: Ինքն առանց այն էլ լարված է իր հողի վրա, որ հաղթանակած հայը Բաքվի կենտրոնում է: Ինքը գուցե անզորությունից եղունգներն է կրծում: Ինքը գուցե նույնիսկ ենթադրում է, որ «էս քյոփօղլի հայերը» Բաքվի հյուրանոցում հայկական կոնյակ են խմում:

Ու ստուգելու հնարավորություն չունի, չունի որևէ միջոց կանխելու այդ խումը: Որովհետև դուք նախ հյուր եք, հետո` հայ: Բայց ինքը հազիվ ենթադրի, որ երկու գիտակից մարդիկ` խորհրդարանի պատգամավորներ, իրենց կպահեն մանկության մեջ մի տեղ լռված Ռեմբոյի պես:

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է էդ գինու և կոնյակի շշերը ջարդել մեր պատվիրակության գլխին:

Հասկացա՞ք:

Ադրբեջանցի պատգամավորին չես բացատրի, որ այդ երկուսը հոգու խորքում երեխա են, դեռ կմեծանան, գուցե Հայաստանում գտնվեն մարդիկ, որոնք ի վերջո կսովորեցնեն նրանց, որ հյուրընկալությունն առանց խաղի կանոնների չի լինում: Ադրբեջանցի պատգամավորն ինքն էլ չի ուզում ենթադրի, որովհետև հաղթանակած Հայաստանի ներկայացուցիչներ են, մտել են իրենց հող և դեռ հոխորտում են կոնյակով ու գինով:

Դա ավելորդ լարվածություն է նաև եվրոպացիների համար, որոնք Բաքվում նախաձեռնել են այդ համաժողովը:

Եվրոպացիները չեն կարող Արմեն Աշոտյանին և Մանե Թանդիլյանին ասել, որ Բաքուն անավարտ մանկությունն ավարտելու Դիսնեյլենդ չէ, ընկերնե´ր:

Եվրոպացիները չեն կարող ասել՝ հլը մի հատ ձեզ հավա´ք պահեք, արա´: Նրանք չեն կարող մանկության մեջ մնացածների հետ խոսել տագնապների բառապաշարով: Չմոռանանք, որ գինի ու կոնյակ են խառնել իրար մեր հերոսները:

Եվրոպացիներն իրենց հետ պիտի մի մանկական հոգեբան տանեին, որն այնտեղ կավարտեր մեր երկու պատգամավորի մանկությունը:

Եվ միայն այն բանից հետո, երբ մանկական հոգեբանը կհասկանար, որ մեր պատգամավորները չափազանց շատ են խցանված Բաքվի կենտրոնում հերոս լինելու հիվանդության մեջ, եվրոպացիները հաստատ կգտնեին անհրաժեշտ բառերը ադրբեջանցիներին ասելու, որ թեպետ ինչ-որ մի տեղ խցանված մարդկանց արտահայտվելու իրավունքը նույնպես հիմնարար արժեք է, բայց այս դեպքում խաղի կանոնները թելադրում է ոչ թե արտահայտվելու իրավունքը, այլ՝ խցանումը:

Մհեր Արշակյան

MediaLab.am