Ո՞վ է ահազանգել ոստիկանություն՝ Կարո Եղնուկյանի կնոջ եւ երեխաների գործով. Կեղծ ահազա՞նգ, թե՞ մանիպուլյացիա

25-09-2017
8131 դիտում
Ո՞վ է ահազանգել ոստիկանություն՝ Կարո Եղնուկյանի կնոջ եւ երեխաների գործով. Կեղծ ահազա՞նգ, թե՞ մանիպուլյացիա

Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքով տեղեկություն էր եղել, թե ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որի հիման վրա էլ իր գործողություններն իրականացրել էր: «Մեդիալաբը» փորձեց պարզել, թե ի՛նչ ահազանգի մասին է խոսքը, սակայն ոստիկանությունից  որևէ պաշտոնական բացատրություն չտրվեց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկվել և Կենտրոնի ոստիկանության բաժին տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները: Նրանց հետ մասին բերման էին ենթարկվել Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը` Կարո Եղնուկյանի կինը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։

Նրանց բերման էին ենթարկել, երբ Հանրապետության հրապարակում Հայաստան-սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի մասնակիցները սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ էին բաժանել:

Ժամեր անց բերման ենթարկվածներն ազատ էին արձակվել:

Կարո Եղնուկյանը «Սասնա ծռերի» գործի շրջանակներում մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը: Կարո Եղնուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դատավարությունների ընթացքում պարբերաբար բարձրաձայնում է իր նկատմամբ անօրինականությունների մասին:

Եղնուկյանի կնոջն ու երեխաներին բերման ենթարկելուց հետո մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ նրանց Հանրապետության հրապարակից բաժին են տարել պայթուցիկ կիրառելու ահազանգով: Այս տեղեկությունը ոստիկանությունը պաշտոնապես չի հաստատել: Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության՝ նրանց բերման են ենթարկել ահազանգի հիման վրա, իսկ թե ի՛նչ ահազանգ` չի մանրամասնվում:

Խնդրի վերաբերյալ «Մեդիալաբի» հրապարակմանն արձագանքել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ավագ իրավախորհրդատու Ալեքսանդր Կոչուբաևը, ով հետևյալ գրառումն էր արել.

«Քննարկվող դեպքում ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Հանրապետության հրապարակում Ռ. Ե.-ն և վերջինիս երեխաները պատրաստվում են կիրառել և օգտագործել պայթուցիկ նյութեր: Հանցանք կատարելու կասկածանքով նշված անձինք բերման են ենթարկվել, կատարվել են անհրաժեշտ դատավարական գործողություններ, ինչից հետո բաց են թողնվել. կատարվում է հետաքննություն»:

«Մեդիալաբը» ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց ճշտել, թե պայթուցիկ նյութերի վերաբերյալ ահազանգ ստացե՞լ են, եթե այո, ապա ինչո՞ւ այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չկա:

«Բայց ո՞վ է ասել, որ կեղծ պայթուցիչի վերաբերյալ տեղեկություն է եղել: Մենք ասել էինք, որ կոնկրետ ահազանգով մարդկանց բերել էին բաժին, որից հետո ազատ էին արձակել»,- պատասխանեցին լրատվական ծառայությունից:

Մեր հարցերին` ինչի՞ն է վերաբերել կոնկրետ ահազանգը, այն ճի՞շտ է եղել, թե՞ ոչ, հետաքննություն ընթանո՞ւմ է, հայտնաբերվե՞լ է ահազանգի հեղինակը, ոստիկանությունից հստակ չպատասխանեցին:

Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մի շարք հարցադրումներ է բարձրացնում այս դեպքի կապակցությամբ: Նրա խոսքով՝ Ոստիկանությունը պետք է գործի բացառապես օրենքի շրջանակներում, այնինչ շրջանցել է օրենքը:

«Ոստիկանությունը ոչ միայն չի կարող անձի իրավունքները հենց այնպես սահմանափակել, այլ նաև Քրեական օրենսգրքում այդ մասին համապատասխան հոդված կա՝ անձի սահմանադրական իրավունքներն ապօրինի սահմանափակելը: Փաստորեն սա կոչվում է անձի իրավունքների ապօրինի սահմանափակում»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Փաստաբանի խոսքով՝ անձը հասարակական հավաք է կազմակերպել և փորձել է ի պաշտպանություն իր ծնողի իր կարծիքն ու տեղեկություններ տարածել, բայց ոստիկանությունը հավաքը խափանել է, արգելել խոսքի ազատությունն արտահայտելուն:

Այսինքն՝ անձի սահմանադրական իրավունքներն անօրինական սահմանափակվել են, ինչը քրեորեն պատժելի արարք է: Մինչդեռ ոստիկանությունը, ըստ Հայրապետյանի, այն բանի համար է, որ քաղաքացիների սահմանադրական իրավունքները պաշտպանի, ոչ թե սահմանափակի ու  ոտնահարի:

«Սա նշանակում է, որ մեզանում ոստիկանությունը շրջվել է հասարակությունից և քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն նրանց հալածում է: Այսինքն՝ սա  բռնություն է սեփական քաղաքացիների նկատմամբ: Սա գործիք է չգիտեմ ում ձեռքին, որպեսզի լռեցնեն ընդդիմադիր ցանկացած գործունեություն»,- ասում է նա:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ սա չի կարող նախադեպ լինել, որովհետև հանցագործություն է, բայց որ արդեն շարունակական բնութ ունի ու գործելաոճ է` փաստ է: 

«Ամենավատն այն է, որ սա շատ հանգիստ ընդունվում է հասարակության, իրավապահ մարմինների կողմից: Անթույլատրելի է, որ սա շատ հանգիստ է ընդունվում նաև Գլխավոր դատախազության կողմից, մինչդեռ թե՛ գլխավոր դատախազը, թե՛ Հատուկ քննչական ծառայության պետը և թե՛ Քննչական կոմիտեի ղեկավարը պարտավոր էին այս գործի շրջանակներում քրեական գործ հարուցել և նախաքննություն իրականացնել արդեն մամուլի հրապարակումների հիման վրա»,-նկատում է նա:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ ակնհայտ է, որ մամուլի հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցելու հիմքը կա՝ ահազանգ է եղել:

«Իսկ եթե ահազանգ չի եղել, ուրեմն ոստիկանությունն է կեղծ ապացույց օգտագործել, հետևաբար ոստիկանության նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի»,-ասում է Հայրապետյանը:

«Հաջորդը, ենթադրենք՝ ահազանգ եղել է, ոստիկանությունն էլ չի կեղծել: Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ են սահմանված հինգ ժամից ավելի քաղաքացիներին պահել ոստիկանությունում: Եթե անգամ ահազանգ է եղել և այդ ահազանգը, մի պահ ենթադրենք, օրինական է եղել, այդ դեպքում քաղաքացիներին տեղափոխել էիք ոստիկանություն, միանգամից խուզարկեիք, բաց թողնեիք` գնային: Ինչո՞ւ պետք է քաղաքացին հինգ ժամ ապօրինի պահվի անազատության մեջ: Սա էլ ոստիկանների հաջորդ քրեորեն պատժելի արարքը»,- ասում է նա:

Ըստ փաստաբանի՝ ստացվում է, որ սա թե՛ գլխավոր դատախազությունն է նորմալ համարում, թե՛ քննչական մարմինները, թե՛ ոստիկանությունը:

«Եվ բնական է, որ այստեղ և՛ մամուլը պետք է արձագանքի, և՛ միջազգային կառույցները: Հենց լռելու պատճառով է, որ նաև լրագրողներն են ծեծի ենթարկվում, և ով ինչ ուզում` անում է այս երկրում»,- հավելեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am