«Իշխանությունը քավության նոխազներ է ընտրում առավել թույլերին, որոնց պատժելով ստեղծում է կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք». Իրավապաշտպան

29-09-2017
4776 դիտում
«Իշխանությունը քավության նոխազներ է ընտրում առավել թույլերին, որոնց պատժելով ստեղծում է կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

- Պարո՛ն Սաքունց, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել, թեև նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման պետբյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում Վազգեն Խաչիկյանին ազատ արձակելու փաստը այն դեպքում, երբ միլիոնավոր դոլարների յուրացում էր տեղի ունեցել։ Այդ դեպքում ինչո՞ւ բռնեցին, ինչո՞ւ ազատ արձակեցին։

- Այն, որ Վազգեն Խաչիկյանն այսօր ազատության մեջ է, առաջին հերթին պետք է իր ընտանիքն ուրախ լինի։ Բայց ինձ համար ոչ միայն սա չի անակնկալ, այլ ավելի շատ անակնկալ էր Խաչիկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը, որովհետև հաստատ Վազգեն Խաչիկյանը չէ Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները։ Իսկ Հայաստանում արդարադատության վիճակը, այդ թվում՝ քննչական մարմինների գործունեությունը, դատական մարմինների վիճակը, հատկապես նման գործերում ակնհայտ է, որ ըստ էության ընտրողական արդարադատություն է։ Ուղղակի եթե ընտրողական արդարադատությունը ընդդիմադիր հակառակորդների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ շատ ակնառու երևում է, ապա այս դեպքերում դրսևորվում է մեկ այլ դեպք, երբ գոյություն ունեցող պաշտոնատար անձանց թվում կոռուպցիոն երևույթների համար պատասխանատվության ենթարկում են ընտրողաբար մեկ անձի։ Օրինակ՝ օֆշորային սկանդալում հայտնված Տիգրան Սարգսյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը չեն մեղադրվում կոռուպցիայի մեջ կամ նրանց նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի սկսվում։ Ճիշտ հակառակը` նրանք խրախուսվում են, մեկը պատգամավոր է նշանակվում, մյուսը` դեսպան, և այսպես առաջ են գնում։ Կամ` նույն Յուրի Խաչատուրովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, որի վերաբերյալ նոր բացահայտումներ են կատարվում, և, բնականաբար, Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում չեն սկսելու։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը ևս ընտրողական բնույթ ունի։

- Ուզում եք ասել` իշխանությունը քավության նոխազնե՞ր է ընտրում։

- Այո՛, իշխանությունը քավության նոխազներ է ընտրում առավել թույլերին, որոնց պատժելով ստեղծում է կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք, որպեսզի միջազգային ասպարեզում խոսելու փաստարկներ ունենա։ Բայց պետք է հիշեցնեմ ՔԿՎ նախկին պետ Սամվել Հարությունյանին, որին մեղադրանք առաջադրվեց սպանության փորձ կազմակերպելու մեջ, նա դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, բայց ազատազրկման մեջ գտնվեց ընդամենը մեկ-երկու տարի։

- Այս ամենն օրինաչա՞փ է Հայաստանի համար։

- Բնականաբար։ Ու ակնհայտ է, որ նման հարցերը լուծում է անձամբ Սերժ Սարգսյանը, քանի որ այդ հարցերը չեն կարող լուծել ո՛չ վարչապետը, ո՛չ գլխավոր դատախազը, ո՛չ ԱԱԾ պետը, ո՛չ էլ ՀՔԾ պետը։ Սերժ Սարգսյանը պատժում է և ինքն էլ որոշում է այդ պատժի չափը, ազատազրկման մեջ գտնվելու ժամանակը ևս նա է որոշում։ Վազգեն Խաչիկյանը դատաքննության ընթացքում ամբողջ պատմությունը չպատմեց, վստահաբար, նրանք սեփական նախաձեռնությամբ չէին կարող նման գործարքներ, նման հանցավոր գործողություններ պլանավորել։ Նրանք իրենց համակարգի, որը ես կոչում եմ քրեական մտածողություն ունեցող համակարգ, ընդամենը երևացող մասերն էին, և նրանց զոհաբերման միջոցով ոչ թե համակարգային խնդիր է լուծվում, այլ համակարգի պահպանման խնդիր։ Նրանք ընտրողական արդարադատության զոհերն են, իսկ խոշոր կոռուպցիոն հանցագործությունների մեջ թաղվածները մնում են ազատության մեջ։

- Հիմա սա Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորո՞ւմ էր, նաև չզարմանա՞նք, եթե Խաչիկյանը նոր պաշտոն ստանա։

- Ես չեմ զարմանա։ Հայաստանը վաղուց գտնվում է կոռուպցիոն համակարգի և քրեական իշխանության տիրույթում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ պնդում եմ, որ ֆինանսական միջոցների սղության և նյութական ռեսուրսների բաշխվածության պայմաններում լուրջ պայքար է մղվելու համակարգի ներսում սեփականության ոլորտների վերաբաշխման ուղղությամբ։ Էլի ենք ականատես լինելու նման քրեական հետապնդումների, շատ ավելի մեծ թվով, որովհետև Սերժ Սարգսյանը կոռուպցիոն համակարգի ախորժակը բավարարելու ռեսուրսներ չունի, նրանք էլ չեն բավարարվելու կոռուպցիոն համակարգի ընձեռած քիչ հնարավորություններով, և ինքը կիրառելու է իրավական մեթոդներ ոչ իրավաչափ նպատակների համար՝ իր հենարանն ամրացնելու համար։ Դա արվելու է այն մարդկանց միջոցով, որոնց կթույլատրվի շարունակել մնալ կոռուպցիոն համակարգի մեջ։

- Ուրեմն կպատժվեն փո՞քր «ձկները»։

- Չեմ կարող ասել՝ մեծ թե փոքր, բայց ում կընտրի որպես իր կոռուպցիոն համակարգի հենասյուն, նրանք կմնան, ով չի ընտրվի այդ կարգավիճակում, նրանց նկատմամբ կկիրառվեն պատժիչ գործողություններ, այդ թվում` քրեական հետապնդում։ Որովհետև Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ով ինչ է շնչում, մի սենթ անգամ չի կարող շարժվել առանց նրա իմացության։

Մանե Հարությունյան

MediaLab.am