Գորիկ Հակոբյան. Հրեշը

01-10-2017
13774 դիտում
Գորիկ Հակոբյան. Հրեշը

Մահացել է ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը: Ֆեյսբուքի մի մասը ուրախ է այդ մարդու մահով ու չի թաքցնում ուրախությունը: Մյուս մասը շատ կուզենար կարգի հրավիրել ուրախացողներին: Երկրորդները մեկ հիմնական փաստարկ ունեն՝ մահացածի հետեւից չի կարելի անվայել բաներ ասել, մարդը, ի վերջո, մահացել է եւ այդքանով արդեն պատասխան է տալիս:

Ո՞վ է Գորիկ Հակոբյանը: 2004-ից մինչեւ 2016-ի փետրվարի 11-ը նա եղել է ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն: Ավելի քան 12 տարի: Այս մարդն անմիջական մասնակցություն ունի այդ տարիներին Հայաստանում իրականացված բոլոր բռնաճնշումների մեջ, այս մարդու դերակատարումն ուղղակի է մարտի 1-ի սպանությունների մեջ: Գորիկ Հակոբյանը խորհրդային ԿԳԲ-ի լավագույն «դպրոցականներից» է, Սերժ Սարգսյանի հավատարիմ դահիճներից մեկը:

Ի՞նչ է նշանակում՝ մահացածի հետեւից չի կարելի: Եվ ո՞վ է ասել, որ մեր ժամանակների իմաստավորումը պետք է մնա սերունդների վրա:

Դուք առաջարկում եք, որ քաղաքացին դադարի լինել վկա՞: Եվ ի՞նչ է նշանակում՝ հայհոյողները չգիտեն, թե ի՛նչ է մահը: Հայհոյել, իհարկե, պետք չէ: Հայհոյանքը միշտ հայհոյողի մասին է, ոչ թե հանգուցյալի կամ նրա, որին ուղղված է:

Գորիկ Հակոբյանը «վաստակել» է Հայաստանի քաղաքացու ատելությունը: 2013-ի սեպտեմբերի 5-ին այս մարդը կառավարության շենքի առջեւ նախարարների վրա բղավող մի շարքային քաղաքացու հանդիմանեց հետեւյալ բառերով. «Ա՛յ ոչխար, խի՞ ես գոռում»:

Հայհոյանքը մահացածի մասին ճշմարտությունը չէ: Բայց Գորիկ Հակոբյանին գնահատողը դանիացի պատմաբան չէ, որը պետք է գրի մեր ԱԱԾ-ի պատմությունը: Նրան գնահատողը ՀՀ քաղաքացին է: Նշանակում է, ՀՀ քաղաքացին, ի տարբերություն դանիացի պատմաբանի, իրավունք ունի խոսելու վկայի բառերով, ոչ թե՝ պատմաբանի կամ փիլիսոփայի: Ավելին, ոչ միայն վկայի, այլեւ՝ տուժողի:

Չկա մի ՀՀ քաղաքացի, որը չի տուժել Գորիկ Հակոբյանի գործունեությունից:

Այդ մարդն իր բոլոր ուժերը ներդրել է, որ Հայաստանը չլինի, որ մեզնից յուրաքանչյուրը փախչի այս երկրից: Նրա օրոք է վարչապետ Տիգրան Սարգսյանը արտագաղթողների մասին ասել՝ ուզում եք մնան, որ հեղափոխությու՞ն անեն: Նշանակում է՝ Գորիկ Հակոբյանը մարդ չէր, այլ՝ «առաքելություն»: Այդ «առաքելությունը» տասնյակ հազարավոր ընտանիքներ է հաշմել Հայաստանի Հանրապետությունում:

Ոչ մի կասկած, որ ինչ-որ մեկի հանդեպ մարդ է եղել Գորիկ Հակոբյանը: Բայց այդ ինչ-որ մեկին չպետք է փնտրել իր համակարգից դուրս:

Նա հավատարիմ ծառայող է եղել համակարգին եւ բոլոր նրանց, որոնք Հայաստանը հասցրել են այս օրին: Մահացած մարդը այս օրվա երեւույթ է: Մեկ կամ ավելի տարի հետո նա արդեն այլ հիշատակ է: Իսկ այսօր մահացածի մասին մեր պապերն են խոսել՝ ապրեիր այնպես, որ քեզ օրհնանքով հիշեն: Ու կարծում եք` Գորիկ Հակոբյանին իր կյանքի ընթացքում հետաքրքի՞ր է եղել, թե ով իրեն կատի կամ կանիծի, իսկ ով սիրով կհիշի: Քաղաքացու փողերով ԱԱԾ տնօրեն մարդն էդ նույն քաղաքացուն «ոչխար» է ասում: Այս մարդուն ոչ մեկը չի հետաքրքրել: Իսկ այդ քաղաքացին այդ օրից դարձել է ծաղրի առարկա: Ի վերջո, ինչպե՞ս իր վրայից սրբի «ոչխարը»: Նա էլ հո չէ՞ր վիրավորել ԱԱԾ տնօրենին:

Ես իմ զգացմունքների իրացումն եմ: Իսկ իմ զգացմունքները Գորիկ Հակոբյանի օգտին չեն: Չեմ ասի, որ ատում եմ այդ մարդուն: Չեմ ասի, որ անիծում եմ: Բայց ինձ ոչինչ չի խանգարում ասել, որ նա հրեշ էր: Նրա արարքների պատասխանն Աստծո ձեռքերում չէ:

Պետությունը Աստծո հետ կապ չունի, մարդը չի կարող մեկ ուրիշի հերն անիծել այն հույսով, որ Աստծո առաջ պատասխան կտա, եւ գուցե Աստված ողորմած գտնվի:

Աստված չկա, եթե Գորիկ Հակոբյանն իմ վրա չի տարածվում: Աստված չկա, եթե ես բարեխոս չեմ: Գորիկ Հակոբյանը պատասխան չտվեց:

Պատմությունը կգնահատի նրան, ինչպես գնահատեց Լենինին, Ստալինին եւ բոլոր դահիճներին: Բայց մենք ապրում ենք, մենք վկա ենք եւ տուժող: Եվ մեր խոսքը հիշեցումն է, որ դահիճները հիշատակ մուրալու ոչ մի սողանցք չունեն: Նրանք դահիճ են մի ամբողջ կյանք: Եվ իրենց դահճությունը նույնպես դպրոց է: Գորիկ Հակոբյանը հեռացավ, չզլանալով ուսուցիչը լինել նրանց, որոնք դեռ պետք է սպանեն Հայաստանը: Նա հեռացավ` իրեն զրկելով նույնիսկ մոռացվելու իրավունքից: Եվ հեռացավ` գուցե ապականելով նաեւ մահը:

Մհեր Արշակյան

MediaLab.am