«Հայաստանն ուղղակի թրաֆիքինգի է ենթարկվել այդ Եվրասիական միություն կոչված ախոռում». Ռուբեն Մեհրաբյան

04-10-2017
3993 դիտում
«Հայաստանն ուղղակի թրաֆիքինգի է ենթարկվել այդ Եվրասիական միություն կոչված ախոռում». Ռուբեն Մեհրաբյան

Հայաստանի Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հարցի քննարկման ժամանակ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի պահվածքը սպասելի էր, որևէ անակնկալ չկար դրանում:
«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Որևէ սյուրպրիզ տեղի չունեցավ և չպետք է տեղի ունենար: Նրանց ԵԱՏՄ-ական դիրքորոշումը կփոխվի միայն այն ժամանակ, երբ այդ ռուսական թունավոր ազդեցության հետ ուղղակի մի կատաստրոֆիկ բան տեղի ունենա, մոտավորապես այնպես, ինչպես 1991 թվականին Սովետը փլվեց: Այդ ժամանակ քաղաքական ուժերը կերգեն միանգամայն այլ երգ կամ մուղամ: Իսկ հիմա, քանի դեռ նվագակցությունը սա է, նրանք երգում են այն, ինչը համահունչ է այդ ռիթմին»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովն արտահերթ կարգով քննարկեց «Ելք» խմբակցության  նախագիծը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Այս նախագծին, բացի «Ելքից», խորհրդարանական մյուս խմբակցությունները դեմ քվեարկեցին: ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկում նախագծին, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չկա: «Ելքի» ներկայացրած հիմնավորումների համաձայն՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական ցուցանիշները վատթարացել են, իսկ անվտանգության հարցը սրվել է: Մյուս կողմից շեշտվում է այն փաստը, որ ապրիլյան քառօրյա պատերազմը  ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանն իրագործեց, և Հայաստանի ռազմավարական գործընկերը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ իրենց բերած փաստարկներին իշխանություններն ու մյուս քաղաքական ուժերը հակափաստարկներ չեն ներկայացնում` թե ի՞նչ օգուտ է ստանում Հայաստանը՝ մնալով ԵԱՏՄ-ի կազմում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որպես հակափաստարկ, խորհրդարանում ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք փաստում են, որ դեպի ԵԱՏՄ երկրներ Հայաստանի գյուղմթերքի արտահանման ծավալներն աճել են: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, 2014 թվականի համեմատությամբ, 2016-ին աճել է 8,7 տոկոսով:

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ քաղաքական ուժերի կողմից սա բավական բաց ու ազնիվ քննարկում էր:

«Ընդհանուր առմամբ ականատես եղանք բավական բաց ու ազնիվ քննարկման: Մենք այդ քննարկումից հասկացանք, որ այնուամենայնիվ այն փաստարկին, որ Հայաստանն ուղղակի թրաֆիքինգի է ենթարկվել այդ Եվրասիական միություն կոչված ախոռում, որևէ հակափաստարկ չկա: Սա ճշմարտության պահ էր իշխանության համար»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն այս քննարկումների ժամանակ հաստատեցին, որ, այո՛, ԵԱՏՄ-ն թրաֆիքինգի պես մի բան է: Իշխանությունները, ըստ նրա, խոստովանեցին, որ եթե մենք այդ միությունը հանդիմանենք, ապա մեզ հետ կլինի նույնը, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ:

Նա նշեց, որ եթե Եվրամիությանն ասոցացվելու դեպքում Հայաստանում առկա խնդիրների լուծման ճանապարհ կա, ապա ԵԱՏՄ-ի դեպքում դա այդպես չէ:
«Ի՞նչ է ասում ԵԱՏՄ-ն: Ասում է՝ Հայաստանի Հանրապետություն, դու ունես բազմաթիվ խնդիրներ: Եվ եթե չանես այնպես, ինչպես ես եմ ասում, ապա քո ցանկացած խնդիր քեզ համար կդառնա ճակատագրական»,- հավելեց Մեհրաբյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ այս քննարկումների ծավալումը Հայաստանում դրական է:
«Ես  առայժմ միամտաբար հույս եմ փայփայում, որ այս քննարկումները կշարունակվեն, ավելի կխորանան, կընդլայնվեն և կդառնան մեր հասարակության  դիսկուրսի թեմաներից մեկը` դրանով իսկ դառնալով մեր հասարակության ու պետականության դիմադրողականության բարձրացման գրավականը: Ի վերջո, մենք պետք է արձանագրենք, որ մեկ օրում չէ, որ սա այսպես է եղել: Մենք ունեցել ենք մի «հրաշալի» ղեկավար` Ռոբերտ Քոչարյան անունով, որը մեզ բերեց ու այս ամենի առաջ կանգնեցրեց: Իսկ նրան հաջորդած իշխանությունն էլ մեծ հաջողությամբ ամրապնդեց այդ չակերտավոր հաջողությունը: Եվ այստեղ նաև քաղաքական պատասխանատվության հարցն է»,- ասաց նա:

Իշխանության ներկայացուցիչներն այս քննարկումների համատեքստում շեշտադրում են Հայաստանին Ռուսաստանի կողմից վաճառվող գազը, նշելով, որ այսօր էժան գազ ենք ձեռք բերում: Ռուբեն Մեհրաբյանը հիշեցնում է, որ Հայաստանի սպառողը կրկնակի թանկ է վճարում այդ գազի համար:

«Իշխանության որոշ ներկայացուցիչներ չխորշեցին կրկնել նույն ապուշությունը, ինչը բազմիցս հերքվել է: Դա այն է, թե, իբր, Հայաստանը սահմանին 1000 խմ գազ է ստանում 150 դոլարով: Դա պոզավոր և պոչավոր սուտ է, 150 դոլարով գազ Հայաստանը չի ստանում, ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է 150 դոլարով գազ ստանում իր մայր ձեռնարկությունից: Մեր գազօջախներ մտնող խողովակը, ներառյալ դա, դեռ Հայաստան չէ, դա Ռուսաստանի պետական ընկերությանն է պատկանում: Մեզ պատկանում է միայն այն վարձը, որը մենք վճարում ենք սպառած գազի դիմաց: Թող հեքիաթներ չպատմեն մեզ, այդ հեքիաթները գնան ու պատմեն իրենց գյուղերում»,- ասաց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am