«Մհեր Արշակյանի կողմից հրապարակած հոդվածի տակ դրված մեկնաբանությունը իր մեջ սպառնալիքներ է պարունակում, այն ավելի քան իրական է». ՀՔԱՎ-ը դիմել է դատախազին

04-10-2017
6288 դիտում
«Մհեր Արշակյանի կողմից հրապարակած հոդվածի տակ դրված մեկնաբանությունը իր մեջ սպառնալիքներ է պարունակում, այն ավելի քան իրական է». ՀՔԱՎ-ը դիմել է դատախազին

ՀՔԱՎ նամակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։ 

ՀՀ գլխավոր դատախազ

Արթուր Դավթյանին

Պարոն գլխավոր դատախազ,

2017թ. հոկտեմբերի 1-ին www.medialab.am կայքում հրապարակել է «Գորիկ Հակոբյան. Հրեշը» վերնագիրը կրող Մհեր Արշակյանի հեղինակային նյութը:

Նյութը հրապարակվել է նաև «www.facebook.com»  սոցիալական ցանցում, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ում անվանումը գրված է հունարեն տառերով մեկնաբանություն է գրել հետևյալ բովանդակությամբ` «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»:

Նշված հոդվածի տակ թողնված մեկնաբանությունը իր մեջ սպառնալիք է պարունակում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ, կապված իր կողմից հրապարակված նյութի հետ:

ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2012 թվականի հունիսի 8-ին թիվ ԿԴ1/0025/01/11 վճռով անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածին` Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սպանության սպառնալիքի հետ մեկտեղ այն պատասխանատվություն է նախատեսում առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու իրական սպառնալիքի համար: Այսինքն` նշված հանցակազմի օբյեկտը հավաքական բնույթ է կրում, այն բաղկացած է մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև սեփականության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից:

Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում:

Սույն պարագայում «www.facebook.com» սոցիալական ցանցում հունարեն  անուն-ազգանունով օգտատերը հրապարակայնորեն սպառնալիքներ տալով նպատակ է հետապնդում վախեցնել տագնապ առաջացնել, լրագրող Մհեր Արշակյանի մոտ:

Նախորդ կետում վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման 18-րդ կետի համաձայն՝ սպառնալիքի հանցակազմի պարտադիր հատկանիշներից են՝ սպառնալիքի  կոնկրետությունը և իրական լինելը: Տվյալ դեպքում կոնկրետությունը ենթադրում է այն հանգամանքի հստակեցում, թե ինչպիսի վնաս է սպառնում պատճառել հանցավորը` սպանել, առողջությանը ծանր վնաս պատճառել, թե խոշոր չափի գույքային վնաս հասցնել:

Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից: Այլ կերպ ասած` տուժողը պետք է կարծի, որ սպառնալիքի իրականացումը հնարավոր է:

Օբյեկտիվ իրադրության գնահատումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, հանցավորի և տուժողի միջև հարաբերությունների բնույթը, հանցավորի անձը և այլն:

Մհեր Արշակյանի կողմից հրապարակած հոդվածի տակ դրված մեկնաբանությունը իր մեջ սպառնալիքներ է պարունակում, այն ավելի քան իրական է:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով սպանություն կատարելու սպառնալիքի իրական լինելը՝ դիմում եմ Ձեզ քրեական գործ հարուցելու սպանության սպառնալիք տված անձին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթերկելու պահանջով։

Կից ներկայացվում է՝

  1. Մհեր Արշակյանի կողմից www.medialab.am կայքում հրապարակված հոդվածը,
  2. «www.facebook.com» նշված հոդվածի տակ դրված մեկնաբանությունը և այն թողնող անձի ֆեյսբուքյան էջի լուսանկարները:

Հարգանքով՝

           Կազմակերպության նախագահ՝     Արթուր Սաքունց