«Բազմաթիվ մարդիկ մինչև 18 տարին լրանալը իրենց երեխաներին հանում են երկրից որպեսզի նրանք չծառայեն». Նորայր Նորիկյան

05-10-2017
4694 դիտում
«Բազմաթիվ մարդիկ մինչև 18 տարին լրանալը իրենց երեխաներին հանում են երկրից որպեսզի նրանք չծառայեն». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

- Պարո՛ն Նորիկյան, Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը նախագիծ են բերել ԱԺ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում և զերծ մնալ քրեական հետապնդումից։ Պատգամավորներն առաջարկում են երկարացնել ժամկետը: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս նախագծի հետ կապված։

- Պետք է արձանագրել հետևյալը. նախ` դա արդեն գործող օրենք է, որը շուրջ տասը տարվա կյանք ունի, եթե չասեմ ավելին: Այն կոչվում է «Սահմանված կարգի խախտմամբ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»։ Այդ օրենքը հստակ ասում է հետևյալը, որ 1992 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, որոշ ժամանակ անց կարող են մուծել չծառայած զորակոչի համար. այսօր այդ գումարը սահմանված է յուրաքանչյուր զորակոչի համար 100.000 դրամ: 18 տարեկանից մինչև 27 տարին լրանալը հաշվարկված է 18 զորակոչ, այսինքն՝ դրա հանրագումարը կազմում է մեկ միլիոն 800 հազար դրամ: Նրանք կարող են մուծել այդ գումարը և ազատվել քրեական հետապնդումից:

Անկախությունից հետո, երբ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով հազարավոր ՀՀ քաղաքացիներ հեռացան Հայաստանից, նրանց երեխաների նկատմամբ, որոնց 18 տարին լրացել էր, իրականացվեց քրեական հետապնդում, քանի որ նրանք չէին ներկայացել զինկոմիսարիատ և իրենց պարտադիր զինվորական ծառայությունը չէին անցել։ Այդ մարդկանց խնդրին լուծում տալու նպատակով պետությունը ստեղծեց մի օրենք, որը հնարավորություն էր տալիս 27 տարին լրացած քաղաքացիներին, որոնք չեն անցել զինվորական պարտադիր ծառայություն, վճարել այդ գումարները և փաստորեն ազատվել ծառայությունից։ Ես կարծում եմ, որ սա սոցիալական առումով արդար չէ, քանի որ մարդիկ, որոնք կարողացել են ժամանակին ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով կամ ունենալով որոշակի հնարավորություններ, իրենց երեխաներին դուրս բերել երկրից, այդ տարիներին տաքուկ կյանք են վարել արտերկրում, ու հիմա նրանց 27 տարին լրացել է, կարող են շատ հանգիստ չնչին գումարներ վճարելով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվել զինկոմիսարիատներում։ Այստեղ մենք սոցիալական տեսանկյունից արդարության հետ կապված խնդիր ունենք։

Բայց մենք նաև չենք կարող հաշվի չառնել մեր ազգային առանձնահատկություններն ու օբյեկտիվ իրականությունը։ Իսկ օբյեկտիվ իրականությունն այն է, որ մենք ունենք արտերկրում ապրող 27 տարին լրացած հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն ծառայել բանակում։ Հիմա ինչպե՞ս լուծենք նրանց հարցը. եթե մենք այդ մարդկանց հնարավորություն չենք տալիս իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, մենք դրանով կտրում ենք նրանց Հայաստան վերադառնալու ճանապարհը և կորցնում ենք նրանց, որովհետև քրեական հետապնդման սպառնալիքի տակ այդ մարդիկ հրաժարվելու են գալ Հայաստան, այսպես թե այնպես չեն ծառայելու, որովհետև լրացել է իրենց 27 տարին։ Ես, օրինակ` կողմ կլինեի, որ այդ օրենքում բարձրացվեր փոխհատուցման շեմը, սահմանվեր այնպիսի ողջամիտ գումար, որ այդ գումարներն ուղղվեին պաշտպանական ծախսերին, և այդկերպ պրոֆեսիոնալ բանակին անցնելու խնդիրը կարողանայինք լուծել։ Ես կարծում եմ, որ պետք է գնալ այդ ճանապարհով։ Ամբողջությամբ անտեսել այդ կոնտինգենտի գոյությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ, բայց միաժամանակ չնչին գումարով քրեական պատասխանատվությունից ազատելով հարցը լուծելը նույնպես ճիշտ չէ։

- Ստացվում է` մի կողմից սա խտրական վերաբերմունք է, մյուս կողմից էլ` չի նպաստելու, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, այն դեպքում, երբ խոսվում է 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալու մասին։

- Այո՛, մարդիկ մնալու են օտարության մեջ։ Ավելին ասեմ. կան բազմաթիվ մարդիկ, որոնք օգտվելով այս հնարավորությունից մինչև 18 տարին լրանալը իրենց երեխաներին հանում են երկրից, որպեսզի նրանք չծառայեն, իսկ 27 տարին լրանալուց հետո վերադառնում են։ Այսօր պետության խնդիրն է ստեղծել մի այնպիսի ռազմավարական ծրագիր, որը հնարավորություն չտա մարդկանց խուսափել զինվորական ծառայությունից։ Դրանով չենք ունենա մի կողմից սոցիալական արդարության հետ կապված խնդիր, մյուս կողմից` բանակի մարտունակության և կադրերով համալրման խնդիր։ Այսօր մենք այդ մարդկանց քրեական հետապնդման մեջ պահելով և՛ բանակի մարտունակության խնդիրը չենք լուծել, և՛ հազարավոր երիտասարդների ճակատագրի հետ կապված խնդիր ենք ստեղծում, որը ևս ճիշտ չէ։

- Ազգ-բանակ հայեցակարգով նախատեսվում է, որ կարող են ծառայել 3 տարի, իսկ վերջում կստանան 5 մլն դրամ գումար։ Արդյոք սա և՞ս սոցիալական բևեռացման չի տանելու, երբ նման ծառայության են անցնելու սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները։

- Ազգ-բանակի լավագույն գաղափարը պրոֆեսիոնալ բանակ հիմնելու կարգախոսն էր։ Դա շատ լավ է, բայց իրականությունը բոլորովին այլ բան է։ Լոզունգները լավ են, բայց եթե այդ լոզունգների տակ չկան իրական քայլեր, մենք որևէ արդյունք չենք գրանցելու։ Ազգ-բանակ մոդելի իրական գնահատականը ցույց է տալու ժամանակը։ Ես չէի ուզի, որ մենք զինված ուժերի  առումով ձախողում արձանագրենք, բայց կարող եմ ասել իմ մտահոգությունները։ Բանակում առկա խնդիրներից առաջնայինը պրոֆեսիոնալ սպայական կազմի խնդիրն է։ Ցավոք, այսօր չունենք պրոֆեսիոնալ սպայական կազմ և դրա համալրման պաշար, մեր ռազմաուսումնական հաստատություններն այսօր համալրված կամ թերհամալրված են շատ նվազ գիտելիքներ ունեցող կոնտինգենտով, ու եթե վաղը նրանց տանելու են որպես սպա, ուղղակի պատուհաս են դառնալու մեր բանակի համար։ Բանակին պետք են ինտելեկտուալ, գրագետ, մտավորական սպաներ, ովքեր առաջնորդելու են բանակը։ Մեծ ինքնախաբեություն է, որ սպան պետք է հրաման կատարի, և նրան խելք պետք չէ։ Ո՛չ, սպան պետք է լինի բավական կիրթ, զարգացած անձնավորություն, որպեսզի կարողանա պահանջներին համապատասխան զորք ղեկավարել։ Եթե մենք չունեցանք խելացի, գրագետ սպայական կազմ, հազար լոզունգ լինի և հազարավոր զինվորներ լինեն, մենք մարտունակ բանակ չենք ունենա, քանի որ բանակի կորիզը սպայական կազմն է։ Դա միայն բավարար չէ, ինտելեկտուալ սպան նաև պետք է բոլոր պայմաններով ապահովված լինի։ Այսօրվա բանակի սպան, պատկերավոր ասած, երկու ուղեղ ունի. մի ուղեղով մտածում է ընտանիքի կենցաղային խնդիրների, իր վարկերը մարելու մասին, մյուս ուղեղով իրականացնում է զինվորական ծառայություն: Պետության սուրբ խնդիրն է լուծել բոլոր կոմունալ-կենցաղային պայմանները սպաների համար, որ սպան զորամաս մտնելուց հետո երբեք չմտածի, որ տանն ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ և զբաղվի իր սպայական ծառայությունների կատարմամբ։ Այդ պայմաններում և՛ բանակում լուրջ առաջընթաց կունենանք, և՛ մարտունակության խնդիրը, և՛ բարոյահոգեբանական խնդիր կլուծենք, և՛ սպայական կազմի արտահոսք չենք ունենա։ Այդ պայմաններում, վստահեցնում եմ, դեպի բանակ մեծ հոսք կլինի, և մարդկանց համար մեծ պատիվ կլինի զինված ուժերում ծառայելը։

- Գովազդում զինվորը դառնում է միլիոնատեր երեք տարի ծառայության դիմաց։ Սա չափազանցություն չէ՞, և արդյոք դա հասարակությանը մոլորեցնելու փորձ չէ:

- Սրանք բարի ցանկություններ են, որոնց տակ պետք է հիմքեր լինեն։ Դիլիջանում Մոնթե Մելքոնյան վարժարան ենք հիմնել միլիոնավոր դոլարներ ներդնելով, բայց այնտեղ էլ մենք խնդիր ունենք. վարժարանում սովորողի վրա դրված չէ պարտադրանք, որ ինքը վաղը պետք է ռազմաուսումնական հաստատությունում սովորի։ Այսինքն՝ երեխան եկավ սովորեց, դա համարվում է ավագ դպրոց,  դրանից հետո կարող է հանգիստ գնալ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում սովորելու։ Այստեղ խնդիր կա։ Դրա համար եթե ուզում ես ռազմաուսումնական հաստատությունները դառնան մրցակցային բուհեր, կուրսանտների, վաղվա սպաների համար դու պետք է ստեղծես այնպիսի սոցիալական երաշխիքներ, որ կուրսանտը, ընդունվելով ռազմաուսումնական հաստատություն, իմանա, որ մյուս տարի ինքն ունենալու է ավտոմեքենա, երկու տարի հետո ունենալու է տուն, հինգ տարի հետո` մեկ ուրիշ բան, որ իր համար մոտիվացիա լինի բանակում ծառայելու՝ հաշվի առնելով զինվորական ծառայության դժվարություններն ու առանձնահատկությունները: Հակառակ պարագայում այսօր Գարեգին Նժդեհի ոչ մի լոզունգ, հայրենասիրական-պաթոսային ելույթ չի կարող շահագրգռել երիտասարդին գալ և հայրենիքի համար 150 կամ 200 հազար դրամով զինվորական ծառայության տակ մտնել։ Այս հանգամանքները հաշվի առնելով, մի կողմից նկատի ունենալով, որ գործ ունենք զինվորական ծառայության հետ, իհարկե, պետք են այդ պաթոսները, հայրենասիրական լոզունգները, բայց եթե դրանց տակ չկան կոնկրետ սոցիալական երաշխիքներ, մոտիվացիա, դրանք դառնալու են զրո։ Ավելին՝ բումերանգի նման խփելու են այդ լոզունգն արտաբերողների ճակատին, և ինքնախաբեության արդյունքում կորցնելու ենք այն փոքրիկ վստահությունը, որ կա զինված ուժերի նկատմամբ։

- Այսինքն՝ կարծում եք, որ առաջարկվող հայեցակարգով զինծառայողների սոցիալական խնդիրները չե՞ն լուծվում։

- Այո՛։ Եթե մենք չենք լուծում սոցիալական խնդիրները, ոչինչ չի ստացվի: Ամենամեծ լոզունգը այսօր պետք է լինի ԶՈՒ-ում սոցիալական երաշխիքների ճկուն համակարգի ներդրումը։ Դա կլինի ազգ-բանակ մոդելի լավագույն կառուցումը։ Եթե այսօր սպան բնակարանի խնդիր ունի, հերթագրված է և քսան տարի հետո էլ բնակարան չի ստանում, կներեք արտահայտությանս համար, բայց նա արդեն թքած ունի հազար հատ լավ լոզունգի վրա: Ուզում եք անունը ազգ-բանակ դրեք կամ բանակ-ազգ, կամ հասնենք Բաքու թե Սև ծով, թե Միջերկրական ծով, ինչ ուզում եք անունը դրեք, արդյունք չի լինելու։ Այդ սպային անհրաժեշտ է ճկուն երաշխիքային համակարգ, և ինքը վստահ պետք է լինի, որ այս մոդելի կիրառման պայմաններում ինքն ու իր ընտանիքը որևէ սոցիալական խնդիր չեն ունենա։

Մանե Հարությունյան

MediaLab.am