«Ռուսաստանի հետ ունեինք ոչ թե զորախումբ, այլ համատեղ բանակ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ժամանակ, բայց արդյոք պաշտպանե՞ց մեզ». Արա Պապյան

07-10-2017
6653 դիտում
«Ռուսաստանի հետ ունեինք ոչ թե զորախումբ, այլ համատեղ բանակ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ժամանակ, բայց արդյոք պաշտպանե՞ց մեզ». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո´ն Պապյան, Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար, ի՞նչ ռիսկեր եք տեսնում:

- Այստեղ ամբողջ խնդիրն այն ոչ հստակ ձևակերպումների մեջ է, որը վերաբերում է այդ միացյալ զորախմբի հրամանատարությունը ստանձնելուն: Ասվում է՝ պատերազմի վտանգի դեպքում հրամանատարությունն անցնում է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին: Այսօր պատերազմը բավական վիճելի ձևակերպում ունի: Օրինակ՝ քառօրյան պատերազմ չէ, ռազմական գործողություն է և այլն: Ավելի անորոշ է «պատերազմի սպառնալիք» հասկացությունը: Մենք վավերացնելով այդ համաձայնագիրը՝ Ռուսաստանին հնարավորություն ենք տալիս, որ ցանկացած պահի նա կարող է մեզանից մի կորպուս խլել:

Եվ ինչպե´ս կվարվի Ռուսաստանը` մենք դա չգիտենք: Քանի որ, ինչպես Աստվածաշունչն է ասում, ծառը պտուղից է իմացվում, մենք պետք է մոտ անցյալի պտուղները տեսնենք և այդտեղից զուգահեռներ անցկացնենք: Քանի որ այդ զուգահեռները նպաստավոր չեն մեր և հայ-ռուսական հարաբերությունների համար, բնականաբար, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, անհանգստություն է պատճառում այդ համաձայնագիրը:

Ես ասում եմ՝ եթե այդ երկիրը զենք է ծախում իր դաշնակցի թշնամուն՝ Ադրբեջանին, հիմա էլ սկսել է զենք վաճառել Թուրքիային, ես արդյոք կարո՞ղ եմ վստահել, որ այդ երկիրը, ստանձնելով համատեղ զորախմբի հրամանատարությունը, իսկապես կպաշտպանի մեզ: Թե՞ կասի՝ սա է իրավիճակը, պետք է այսպես լինի: Ես հիշեցնեմ, որ մենք պետություն չունեինք, բայց 1917 թվականին՝ բոլշևիկյան հեղաշրջման ժամանակ, ունեինք համատեղ զորախումբ: Բայց եկավ մի վիճակ, որ ռուսները մեզ թողեցին մենակ ու նահանջեցին: Մենք ունեինք համատեղ բանակ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ժամանակ, ոչ թե զորախումբ էր, այլ բանակ: Եվ ակնկալում էինք, որ այդ բանակը մեզ կպաշտպաներ, բայց արդյոք պաշտպանե՞ց:

- ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ համատեղ զորախմբի շրջանակներում հայկական կողմը երբ ուզի, կարող է դիմել ռուսական կողմին՝ զենք ստանալու համար: Արդյոք դա իրատեսակա՞ն է, ռուսական կողմը կաջակցի՞ զենքի հարցում:

- Դիմել հիմա էլ կարող են, բայց ի´նչ պատասխան կստանան` դա ուրիշ հարց է: Եթե Ռուսաստանը մեզ զենք տվող լիներ, այդ զենքը կտար: Այդ երկիրը մեզ 200 մլն դոլար պարտք է տվել, դեռ մինչև հիմա դրա դիմաց զենքը չի տվել: Ասում են՝ մինչև տարեվերջ նոր կավարտվի զենքի մատակարարումը:

ԱՄՆ-ն իր ոչ դաշնակից Սիրիայի քրդերին միայն վերջին երկու ամիսների ընթացքում 400 մլն դոլարի անվճար զենք է տվել: Դաշնակիցն այդպես է լինում, էլ ի՞նչ դաշնակից, որ մեր փողով պետք է մեզ զենք տա:

Ռուսաստանը մեզ դաշնակից կլիներ այն դեպքում, եթե ոչ թե մեր փողով մեզ 200 միլիոնի զենք տար, այլ տար 500 միլիոնի զենք անվճար և մեր թշնամուն էլ զենք չծախեր: Այդ դեպքում մենք կասեինք՝ հանուն Ռուսաստանի ամբողջ աշխարհի դեմ ենք կանգնած: Բայց նրանք մեզ օգտագործում են և դրա դիմաց չեն օգնում: Այնպես որ, ՀՀԿ-ականների այդ հայտարարությունները որևէ հիմք չունեն՝ ելնելով մեր փորձից:

- Նաև ՀՀԿ-ական որոշ գործիչներ, օրինակ` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այլընտրանքը Թուրքիան է, որտեղ մենք անելիք չունենք: Նաև հայտարարում են, որ Հայաստանը միայնակ չի կարող իր անվտանգությունը պաշտպանել, պետք է կա´մ այս, կա´մ այն ռազմական միավորի մեջ լինի: Ինչպե՞ս եք վերաբերվում այս արդարացումներին:

- Երբ մենք ՀԱՊԿ-ի անդամ չէինք, մենք կայինք: Երկրորդ` ցանկացած երկիր, անկախ այն բանից, թե ո´ր պաշտպանական կառույցի մեջ է, ինքը պետք է ունենա նվազագույն ինքնաբավություն՝ սեփական երկիրը պաշտպանելու համար: Հիմա այստեղ շատ կարևոր հարց կա. ՀՀԿ-ն պետք է հայտարարի՝ արդյոք ինքը համաձա՞յն է Շարմազանովի այդ գնահատականին, թե՞ ոչ:

Եթե այդ կուսակցությունը համաձայն է այդ տեսակետին, նշանակում է` իրենք ընդունում են, որ ձախողել են: Առ այսօր մեր բոլոր տնտեսական դժվարությունները, բոլոր խարդախությունները, հարկեր չմուծելն իբր պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ մենք մեր անվտանգությունն ենք ուժեղացնում, բանակն ենք զինում: Ասում էին՝ եթե հարկ չենք տալիս, հո մեր գրպա՞նը չենք դնում, այլ բանակի համար զենք ենք գնում: Իսկ այս հայտարարությունն ընդունելով՝ նշանակում է, որ իրենք ընդունում են, որ դա էլ են ձախողել:

Այսինքն՝ միակ բանը, հանուն որի մենք այսքան տառապել ու տառապում ենք, դա էլ է ձախողված: Այդ դեպքում, եթե իրենք գտնում են, որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը միայն Թուրքիան է, ուրեմն թող բարի լինեն հեռանալ, կգան այն մարդիկ, ովքեր ցույց կտան տասնյակ այլընտրանքներ: Դա նրանց համար է միայն Թուրքիան այլընտրանք, դա նշանակում է ասել, որ աշխարհում գոյություն չունեն Չինաստան, Իրան, ՆԱՏՕ, ԱՄՆ, Գերմանիա, որը հիմա Թուրքիայից իր օդանավերը տարավ Հորդանան և չբերեց Հայաստան: Մենք տեսնում ենք, թե ԱՄՆ-ն իր դաշնակիցներին ոնց է պաշտպանում, և տեսնում ենք, թե Ռուսաստանը ոնց է պաշտպանում: Այդտեղից պետք է հետևություներ անել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am