«Փորձում են կարծիք ստեղծել, որ օրենքը վերաբերում է երեխաներին ընտանիքներից օտարելուն, դա հանրային վախերի վրա հիմնված քարոզչություն է». իրավապաշտպան

09-10-2017
3684 դիտում
«Փորձում են կարծիք ստեղծել, որ օրենքը վերաբերում է երեխաներին ընտանիքներից օտարելուն, դա հանրային վախերի վրա հիմնված քարոզչություն է». իրավապաշտպան

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին դեմ արտահայտվողները հիմնականում նույն ուժերն են, որոնք 2013 թվականին գենդերային հավասարության օրենսդրության դեմ էին խոսում և դարձյալ ապատեղեկատվություն տարածում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

«Այդ ուժերն ինչ-որ ձևով նախապատրաստեցին նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը: Այժմ ևս ակտիվացել են այդ օրենսդրության դեմ և հիմնականում ապատեղեկատվություն են տարածում»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նշենք, որ արդարադատության նախարարությունը այսօր օրը հանրային քննարկման է դնելու «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը, որն ավելի վաղ բուռն քննարկումների տեղիք էր տվել, նախագծի ընդունումը և հետաձգվել էր: Նախագիծն արդեն հանրային քննարկման է դրված արդարադատության նախարարության e-draft.am կայքում: Դրա դեմ հանդես եկող անձինք այս փուլում դարձյալ հակաքարոզչություն են իրականացնում: Նախագծին դեմ հանդես եկողները նաև այդ մասին գրառումներ են անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Օրինակ՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը այս նախագիծն ազգային շահերին դեմ է համարում: «Այս նոր «օրենքը» իբր ընտանեկան բռնությունների, որ ստիպում են Հայաստանին անցկացնել, մեր ազգային շահերի դեմ է, և Հայոց ազգային գվարդիան կոչ է անում բոլոր հնարավոր միջոցներով խափանել դրա ընդունումը»,- գրել է Արշակ Զաքարյանը:

Այս գրառմանն արձագանքող օգտատերերից մեկն էլ նախագիծը «հակաաստվածային» ու «հակամարդկային» է համարում: «Ջհուդաարևմտյան սատանայական oրենք, որ ստիպում են մեր իշխանավորներին գրանտներով, շանտաժներով, որ ընդունեն: Իրոք, պետք է ընդվզել այդ պիղծ օրենքի դեմ»,- գրել է օգտատերը:

Լրագրող Հովհաննես Գալաջյանն էլ հանդես է եկել կոչով՝ կեղծ տվյալներով դեմ քվեարկել նախագծին: «Վերջին օրով մարդա 50 հատ թազա մեյլ բացեք, դրանով բոլորդ գրանցվեք ու դեմ քվեարկեք»,- սոցիալական ցանցում գրել է նա:

Ի պատասխան այս հայտարարությունների՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան փորձում է հակաքարոզչության դեմն առնել:

«Այժմ ևս հանրային ապատեղեկատվության ալիք է բարձրացել՝ խոցելի դարձնելով օրենքի ընդունման գործընթացը։ Ուստի խնդրում ենք ձեզ ակտիվություն դրսևորել ու հանրային դիրքորոշում հայտնել օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ, նաև կայքում քվեարկել օրենքի ընդունման օգտին»,- կոչ է անում կոալիցիան:

Կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ նախագծին դեմ արտահայտվողները հիմնականում շահարկում են երեխաներին ընտանիքից բաժանելու հետ կապված դրույթը:

«Հանրության մեջ փորձում են կարծիք ստեղծել, որ օրենսդրությունը վերաբերում է երեխաներին ընտանիքներից օտարելուն, նրանց ծնողներին ծնողական իրավունքից զրկելուն: Ավելի շատ դա հանրային վախերի վրա հիմնված քարոզչություն է: Բացի այդ քարոզչությունից, մենք արդեն հայտնաբերել ենք, որ իրենց ներքին աղբյուրներում տեղադրում են, այսպես կոչված, լցոնման տարօրինակ տեխնոլոգիաներ, թե ինչպես կեղծ անուններով մարդիկ դեմ քվեարկեն»,- ասում է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՛նչ նպատակ է հետապնդում այս հակաքարոզչությունը, մեր զրուցակիը նշեց, որ խնդիրը հետևյալն է. ցանկացած օրենք և փոփոխություն, որը Հայաստանում կատարվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության բարելավման ուղղությամբ, այս խմբերի կողմից սարսափելի դիմադրության է արժանանում:

«Դա մենք տեսել ենք նաև գենդերային հավասարության օրենսդրության պարագայում, որովհետև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ամենակարևորը` հավասարության մասին էր խոսքը: Իսկ մենք գիտենք, որ բռնատիրական սիստեմները հավասարության մասին պատկերացում չեն կարող ունենալ: Անգամ հայտնաբերված է, որ այդ խմբերը ֆինանսավորվում են Ռուսաստանի կողմից, և նմանատիպ ցանկացած դրսևորման դեպքում, երբ խոսքը եվրոպական արժեքների մասին է, նրանք կատաղի դիմադրություն են ցուցաբերում»,- ասաց նա:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ թեև այս անձանց քվեարկությունից ոչինչ կախված չէ, բայց նախորդ տարի նրանց բարձրացրած հիստերիայի հետևանքով հետաձգեցին նախագծի քննարկումները:

«Բայց դա կախված էր հենց իշխանության վախերից, որովհետև նույն իշխանությունը նախորդ տարի ասում էր, թե հանրային այնպիսի դիմադրություն կա, որ մենք չենք կարողանում օրենքն անցկացնել: Նախընտրական տարի էր, իրենք չէին ուզում ուղղակի որևէ խնդիր ունենալ հանրության այն հատվածի հետ, որը շատ լավ տիրապետում է այն տեխնոլոգիաներին, որոնցով իշխանությունները վերընտրվում են: Հիմա այդ տեխնոլոգիաները փորձում են այստեղ էլ կիրառել: Կայքում նախագծին դեմ քվեարկողներն ընդամենը մոտ 500-ն են, իսկ օրինագիծն արդեն 25 հազարից ավելի մարդ է դիտել»,- հավելեց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ պետք է հույս ունենալ, որ այս անգամ իշխանությունները կընդունեն այս օրենքը, քանի որ նախընտրական տարի չէ, և վախերը կարծես անցյալում են: Մյուս կողմից` այս օրենքի անհրաժեշտությունը կա, քանի որ վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնել է խնդիրը, որ կանանց նկատմամբ բռնությունները տարածված են: Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ վերջին տարիներին չկա որևէ միջազգային զեկույց, որտեղ առանձին գլխով չլինի այդ հարցը, և չլինի կոնկրետ ուղղորդում, որ ՀՀ իշխանություններն ընտանեկան բռնության մասին օրենսդրություն ընդունեն:

Նշենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս օրերս լրագրողների հետ զրույցում կարևորել էր այս նախագծի ընդունումը, նշելով, որ աշխարհի 120 երկրներ գնացել են այդ ճանապարհով:

Անդրադառնալով օրենքի կարևորությանը՝ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ այն առաջին հերթին կկանխարգելի ընտանեկան բռնությունը, բոլորովին նոր մակարդակի կլինեն քաղաքացի-պետություն հարաբերությունները:

«Բացի այդ, կստեղծվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան պաշտպանելու ընտանեկան բռնության ենթարկվածներին, կստեղծվեն համապատասխան կառույցներ, կվերապատրաստվեն մասնագետներ, որոնց միջոցով աջակցություն կցուցաբերվեն կանանց: Կստեղծվեն ապաստարաններ, սոցիալական աջակցության տարբեր հնարավորություններ, բայց առաջին հերթին օրենքը կանխարգելիչ բնույթ է ունենալու»,- ասաց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am