«Եթե ամուսինը կնոջը ծեծում է, քավորը կարող է պատժել ամուսնուն». Սեդրակ Մամուլյանը ծանոթ չէ, սակայն դեմ է ընտանեկան բռնության դեմ օրենքին

10-10-2017
2924 դիտում
«Եթե ամուսինը կնոջը ծեծում է, քավորը կարող է պատժել ամուսնուն». Սեդրակ Մամուլյանը ծանոթ չէ, սակայն դեմ է ընտանեկան բռնության դեմ օրենքին

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

 -Պարոն Մամուլյան, այս օրերին բուռն քննարկումներ են ծավալվում ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքի նախագծի շուրջ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ նախագծին:

-Ես բացասական եմ գնահատում դա, որովհետև ընտանեկան կարգ ու բարք մենք հազարամյակներով ունեցել ենք, որը դիմացել է դարերի խորքից եկող բազմաթիվ փորձությունների: Այդ թվում՝ պետականություն չունենաալու փորձություն է տարել, պատերազմների, սովի, չքավորության, բոլոր փորձությունները տարել է հայ ընտանիքը փառավոր ձևով: Երկրորդ, մենք մեր նախնիների կողմից մշակված այդ կեցության ձևով ունենք կարգավորիչ լծակներ, ամեն  ինչ ունենք:

Նախ, ընտանիքի կազմավորման ավանդույթն ընդհանարապես ինչպիսի՞ն է, ես հիմա չեմ ասում գնանք խնամախոս, չգիտեմ ինչ: Հասկանալի է, ծանոթանում են, շփվում են ընտանիքներով, տեսնում են համապատասխանում են իրար, թե ոչ; Երկրորդ, գնում են եկեղեցի՝ պսակադրություն անելու: Ի՞նչ են ասում մեզ եկեղեցում: Ասում է՝ «տե՞ր ես, որդյակ», պատասխանում է՝ «տեր եմ, հայր սուրբ»: Հարսին հարցնում է՝ «հնազա՞նդ ես, որդյակ», պատասխանում է՝ «այո, հանզանդ եմ»: Բայց այդ հնազանդ լինելու մեջ ի՞նչ նվաստացուցիչ բան կա: Դա հազարամյակներով եղել է, դրա արդյունքում մենք ունենք աշխարհի ամենաամուր ընտանիքը:

-Բայց հնազանդ լինել չի նշանակում ծեծ ուտել, չէ՞:

-Եթե ծեծ եմ ուտում, ուրեմն ծեծի համար քրեական օրեսգիրք կա:

-Բայց ընտանեկան բռնությունները կարծես դուրս են մնում այդ օրենսգրքի շրջանակներից:

-Որովհետև սահմանադրական կարգ կա, որ ամուսինը, հայրը կամ որդին պարտավոր չէ ցուցմունք տալ ընտանիքի անդամի դեմ:

-Այս նոր նախագիծն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրելու, որպեսզի բռնությունները կանխարգեվեն: Դե՞մ եք դրան:

-Ի՞նչը կանխարգելի: Դուք կասե՞ք, թո որ երկրներում է գործում այդ օրենքը;

-Ըստ Արդարադատության նախարարի՝ աշխարհի մոտ 120 երկրներ նման օրենք ունեն, և արդյունավետություն կա:

-Եվ 120 երկրների ընտանիքներում բռնություններ չեն կատարվո՞ւմ այլևս: Իսկ քավորի ինստիտուտը հանո՞ւմ ենք մենք: Քավորի դեարակատարությունը ո՞րն է, լավ գործ ճարելը, թե՞ ինսպեկտրի կանգնեցնելու դեպքում զանգելը:

-Ո՞րն է քավորի դերն այս հարցում:

-Քավորը նորաստեղծ ընտանիքի պատվարն է, նորաստեղծ տանիքի հովանավորն է, այդ ընտանիքի համերաշխության առաջին պատասխանատուն է:

-Հիմա, եթե ամուսինը կնոջը ծեծում է, քավորն ի՞նչ կարող է անել:

-Եթե ամուսինը կնոջը ծեծում է, քավորը կարող է պատժել ամուսնուն: Բա դա չգտե՞ք:

-Իսկ ավելի լավ չէ օրենքով պատժվի, քան թե քավորը պատժի:

-Լավ, օրենքով պատժվեց, դրանից ընտանիքն ի՞նչ է շահելու: Երեխան էլ կմնա սոված, գրատներով սնված ինչ-որ սոցիալական խումբ կգնա ու կասի՝ էս երեխան սոված է, ծնողները չեն կարողանում պահել, հարկավոր է այս երեխային տեղափոխել այլ վայր: Ի՞նչ է լինելու վերջը:

-Դուք կարդացե՞լ եք օրենքի նախագիծը և կոնկրետ որ դրույթներին եք դեմ:

-Ես նախագծին ամբողջական ծանոթ չեմ, ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց քանի որ ինքս ավանդական ընտանիքում եմ ծնվել և ղեկավարում եմ կազմակերպություն, որը հենց ավանդոյթների պահպանման համար է, ես դեմ եմ:

-Բայց ինչի՞ն եք դեմ: 

-Ինչի՞ն եմ դեմ, մեր ընտանեկան կոդեքսի որևէ խախտման: Հիմա սոցիալական ինչ-որ խումբ մտնում է մեր ընտանիքի գոյատևման հարցերի մեջ, մեր ընտանիքի հարցեր լուծելու մեջ:

-Իսկ եթե բռնություն ու ծեծ կա, երեխան մեծանում է այդ պայմաններում, նորմա՞լ է: Ավելացել են դեպքերը, երբ տղամարդիկ ծեծելով սպանում են կանանց, նորմա՞լ է:

-Ես հակառակն էլ եմ տեսել, տեղյակ եք երևի, երբ կինն է ծեծելով սպանել ամուսնուն:

-Եվ այդ դեպքերի հետևում թաքնված է  եղել տևական բռնություն, այսինքն՝ ամուսնու կողմից մշտապես բռնության ենթարկված կինը մի օր հոգնել է այդ վիճակից ու որոշել սպանել ամուսնուն: Հենց նման դեպքերը կանխարգելելու համար է այս  նախաձեռնությունը: Դե՞մ եք:

-Իրականում նորից եմ ասել՝ ես ավանդապաշտ մարդ եմ և իմ ոլորտի ավանդույթները պահպանող: Իսկ այլ բռնություններ այլ միջավայրում չեն լինո՞ւմ: Իսկ Ազգային ժողովում բռնություն չի լինո՞ւմ: Ազգային ժողովի բռնությունների համար էլ թող հատուկ օրենք հորինեն, ի՞նչ է եղել:

-Իսկ ինչո՞ւ են շատացել տղամարդկանց կողմից կանանց ծեծելու դեպքերը:

-Բնականաբար, սոցիալական վիճակն է պատճառը: Սոցիալական վիճակն օրենքով կարգավորելի ոլորտ է իհարկե, բայց ոչ թե պետք է պատժել, այլ պետք է սոցիալական վիճակը բարձրացնել և պայմաններ ստեղծել, որպեսզի սոցիալական վիճակը չազդի ընտանիքի անդորրի, խաղաղության և առաջընթացի վրա: Մենք ունենք կեցության ձև, որը հազարամյա փորձություն է անցել:

Պայքարել պետք չէ, պետք է ուղղակի բոլոր ոլորտներում ավանդապաշտ լինել և անսալ մեր ավանդույթին և դրա հետ կապված ամեն ինչին: Կառավարելի լինելու համար պետք է լինի նաև համապատասխան աստիճանի կառավարվող ինչ-որ հասարակություն, որն այլ խնդիրներ ու մտահոգություններ չունի, քան աշխատելը, ստեղծելը և այդ ստեղծածը վայելելը:

Եթե այդ հնարավորությունը չկա, այստեղ օրենսդրությամբ սոցիալական հարց լուծել հնարավոր չէ: Ես մանրամասներին ծանոթ չեմ, գիտեմ, որ այդ օրենքով երեխային կարող են վեցնել ընտանիքից:

-Բայց նման դրույթ չկա նախագծում:

-Ասում են՝ եթե անհամատեղելի է երեխայի՝ այդտեղ գտնվելը, կոնկրետ չեն վերցնում, բայց պետք է վերանայվի ինչ-որ բան: Ինչպես բոլոր օրենքները, սա էլ գրվել է այնպիսի լեքսիկոնով, որ հասարակ մարդուն հասու չէ: Բայց այսպես ասեմ՝ ավանդական ընտանիքն այն է, երբ հատկապես վաղվա այրը, ընտանիքի տղան ձգտում է նմանվել իր հայրիկին: Մեր բոլոր ընտանիքներում այդպես է, որովհետև հայրիկը միշտ օրինակ է եղել: Դա նորմալ է, եթե նա օրինակելի ընտանիքի հայր է, վաստակում ու ընտանիքը պահում է, ընտանիքի անդորրն ապահովում է:

-Իսկ եթե տղա երեխան հոր կողմից  բռնություն  է տեսնում, նա էլ է բռնարար մեծանում, դա նորմ՞ալ է:

-Ծեծը միշտ եղել է և լինելու է: Հասկանո՞ւմ եք, ես զգում եմ, որ այդ օրենքն ինչ-որ մի բան չի ավելացնելու և չի պակասեցնելու: Բռնության պատճառը չի փոխվելու, հենց բռնություն առաջացնող պատճառը պետք է չեզոքացնել: Եթե նույնիսկ այդ օրենքն ընդունվի, դա չի կարելի այստեղ տեղայնացնել, որովհետև մենք այլ մարդ ենք, այլ տեսակ ենք, նրանք այլ տեսակ են: Միգուցե ով դա արել է, իրենց համար դա օգտակար է, բայց դա պետք է հարմարեցնել մեր կեցաղավարության ձևին, ավանդույթներին, ոչ թե ինչ-որ մեկի գլխում բուսած մի բան բերել ու կապել մեր վզին:

Ես ձեզ հարցնում եմ՝ կա՞ այնպիսի վիճակագրություն, թե համերաշխ, ամուր ու ներդաշնակ ընտանիքի հարցով մենք աշխարհում ի՞նչ դիրքեր ունենք: Բա ինչո՞ւ է այդքան հրատապ հարց առաջացել, միգուցե մտահոգությունը մեր ընտանիքի ամրությունն է: Ես մտածում եմ, որ եվրոպաներում խիստ մտահոգված են մեր ընտանիքի ամրությամբ, դրա համար նման նախագիծ են առաջ քաշում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am