«Իմ համար իմ երկրում ապրում էի, էս ինչ գրողը բերեցին ինձ էդ ջահելները». Տրագիկոմեդիա կանգառում. «Ալամեզոն» Բլոգ

13-10-2017
4131 դիտում
«Իմ համար իմ երկրում ապրում էի, էս ինչ գրողը բերեցին ինձ էդ ջահելները». Տրագիկոմեդիա կանգառում. «Ալամեզոն» Բլոգ

Կանգառում սպասում եմ, ես եմ ու երկու ֆրանսիացի տատիկներ: Մոտեցավ երրորդ տատիկը ու սկսեց ֆրանսերեն բառեր կմկմալ:

Նայեցի աչքերին. տենց հայացք մենակ հայերն ունեն… Ասում եմ.

- Տա´տ ջան, ես հայ եմ:

Տատն սկսեց լացել ու մի շարան սկսեց.

- Վա՜յ, բալա´ ջան, վա՜յ, արևիդ մեռնեմ, վա՜յ, քեզ Աստված ա ինձ ուղարկել, էս ի՜նչ լավ եղավ, առավոտից տանջվում ու տանջվում եմ, է՜,- մի քիչ շունչ քաշեց ու.-

- վա՜յ, թաղեմ դրանց, վա՜յ, էս ի՜նչ շան լեզու ունեն, մարդ լա´լ ա, է՜, լա´լ: Հյուրանոց են ինձ ուղարկել, որ գիշերը դուրսը չմնամ, թաղեմ դրանց, հոթել ա անունը, ինչ գրող ու ցավ ա, չեմ գտնում, ա´յ բալա:

- Տա´տ, ո՞ր փողոցում ա:

- Տո շատ գիտեմ, է՜: 

- Բա ո՞նց օգնեմ քեզ, ախր: 

- Անունը Հոթել ա: 

- Թուղթ չե՞ն տվել:

- Տվել են, հլը նայի: 

Նայում եմ, հեռախոսով փնտրում եմ: 

Կողքից` ֆրանսիացի տատը.

-Ներեցե´ք, ի՞նչ լեզվով եք խոսում:

Հայ տատը. 

-Ա´յ կնիկ, հլը սպասի´, դրա ժամանակը չի, բալե´ս, էդ հոթելը ո՞ւր ա:

- Ա´յ տատ, մի կանգառ ներքև ա:

- Իմ համար իմ երկրում ապրում էի, էս ինչ գրողը բերեցին ինձ էդ ջահելները, ես չեմ կարա գտնեմ էդ տեղը:

- Մի´ նեղվի, կգտնենք: Հենա` ավտոբուսը էկավ...

Բարձրացանք, վարորդը ջահել արաբ տղա էր, տատին որ տեսավ, մղկտաց, ինձ ասում ա. 

- Ա´յ քուր, ինձ փրկի´: Առավոտ 7-ից էս կնոջը 20 անգամ տարել-բերել եմ: Ո՞ւր ա ուզում գնա:

Տատը` կողքից. 

-Էս տնաշենին բացատրում եմ, բացատրում, չի´ հասկանում:

- Ա´յ տատ ջան, ախր, հայերեն ես ասում, ո՞նց հասկանա: 

- Ա´յ քուր, էդ ի՞նչ լեզու ա: Ինձ ասումա` Լիդլ խանութ, կանգնում եմ էդ կանգառը, ու չի իջնում ու լացում ա…

Մինչև բոլորին հանգստացրեցի, հասանք կանգառ, հոթելը հենց դիմացը... ցույց տվեցինք, տատն ավտոբուսից դուրս թռավ , հետո հիշեց, թեքվեց, արդեն դրսից բղավեց. 

- Ապրի՜ արևդ, բալե՜ ս:

 Հետո թեքվեց վարորդին ու լրիվ հայկական ակցենտով.

- Մերսի՜, մերսի՜…

Վարորդը.

- Հազիվ մի ֆրանսերեն բառ ասեց: 

Ասում եմ.

-Էդ ֆրանսերեն չէր, հայերեն էր, մենք էլ ենք մերսի ասում…

Լուսանկարը՝ newgeneration.am

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog