Մեծ գաղափարներ փոքր մարմնում. Հռիփսիմե Պետրոսյանը

13-10-2017
2430 դիտում
Մեծ գաղափարներ փոքր մարմնում. Հռիփսիմե Պետրոսյանը

31-ամյա Հռիփսիմե Պետրոսյանը Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ղեկավարը չէ, սակայն խոստովանում է՝ կցանկանար լինել։

Ինչպես գյուղացիներն են ասում՝ այնքան բան է անում գյուղի համար, բա որ գյուղապետը լիներ` ինչեր կաներ։

Փոքրամարմին Հռիփսիմեն վճռել է, որ պետք է գյուղը ապրեցնի իր մեծ և աշխատատար քայլերով. հիմքը արդեն գցել է։ Գյուղում կանգառասրահ, խաղահրապարակ կառուցելը, աղբահանության հարցը լուծելը, ինչպես նաև Կրաշենի և շրջակա գյուղերի համար տրակտոր ապահովելը Հռիփսիմեի առաջին և ոչ վերջին քայլերն էին մոռացված և օրեցօր դատարկվող գյուղին գույներ պարգևելու համար։
Մասնագիտությամբ բանասեր Հռիփսիմեի գլխում չեն դադարում նոր գաղափարներ խմորվել իրենց համայնքը և մարդկանց  կյանքը փոքր-ինչ  ավելի լավը դարձնելու համար։ Խոստովանում է՝ հիասթափեցնող բաներ շատ են եղել՝ մարդկանց թերահավատությունը, քննադատությունը ինչ-որ բան անելու, փոխելու, իր՝ հասուն տարիքում ուսում ստանալու հարցում։ Սակայն մի քանի անգամ հաջողելուց հետո արդեն բնակիչներն իրենք են սկսում առաջարկել փոփոխություններ անել, Հռիփսիմեն էլ սիրով լսում է և մտապահում՝ մի օր անպայման իրականացնելու համար։

Հեղինակ՝ Հերմինե Վիրաբյան

MediaLab.am